Aug 22, 2010 18:19
Շատ են ասում, թե անհավանական պատմություններ ինձ հետ շատ եմ պատահում: Միգուցե: Բայց դե չեմ հորինում:
Ու եթե լրիվ անկեղծորեն պատմեմ իմ անձնագրում եղած ամեն մի կնիքի պատմությունը, 2010թ. լավագույն հեքիաթասացի կոչումը կստանամ: Ահա պատմեմ վերջին կնիքի պատմությունը, թե ինչու երկրի սահմանը լքելիս անձնագրի վերջին էջում դրվող ուղղանկյուն կնիքի վրա խփած է մեկ այլ կնիք ` ԱՆՎԱՎԵՐ:
96 այլ ուղևորների պես գնել էի տոմս` օգոստոսի 20-ին, ժամը 05:45 Երևանից Վարշավա թռնելու համար: Բոլոր 96 ուղևորների պես ես էլ գնացի օդանավակայան, ստացա նստեցման կտրոնը, անցա անձնագրային ստուգումը, ստուգեցին գրպաններիս պարունակությունը և հայտնվեցի սպասասրահում: Ժամը 05:10 էր, պատուհանից` աղջամուղջի մեջ, երևում էին ինքնաթիռն ու Մասիս սարը: Մի քանի րոպեից սկսվելու էր նստեցումը: Ամեն ինչ լավ էր, նույնիսկ կողքիս նստած չաղ աղջիկն էր համակրելի թվում: Մեկ էլ հանկարծ էկրանին գրված 05:45 դարձավ 06:15 ու ինքնաթիռը քաշելով տարան: Հետո 06:15 դարձավ 07:00, հետո 07:50 ու վերջապես 19:05: Հետո եկավ Լեհական ավիաուղիների ներկայացուցիչն ու ասաց "ինքնաթիռի վրա հայտնաբերել են տեխնիկական անսարքություն, ինչ-որ մաս պետք է փոխել ու հայ մասնագետները չեն կարողացել դա անել: Դրա համար էլ պետք է սպասենք որ Բեռլինից մասնագետ գա ու կես ժամում փոխի այն": Բեռլինից Արմավիայի ինքնաթիռը ժամանելու էր 19:05: Եվ այդ պահին ի՞նչ իմանար այդ խեղճ պատասխանատու կինը և 97 հոգի այլ ուղևորներս, որ այդ նույն ժամին, մեզանից մի-քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեռլին քաղաքի օդանավակայանում փչանալու ռադարային համակարգը ու Բեռլինի եկող ինքնաթիռն ուշանալու է .... 25 ժամով: Այդպես էլ մենք` 97 ուղևորներս մեկուկես տասնյակ ժամ օդանավակայանում անց-կացնելուց հետո ուղևորվեցինք տներով (այդ ընթացքում մեր անձնագրում խփած կնիքների վրա խփեցին ԱՆՎԱՎԵՐ մակագրությամբ կնիքը): Ու միայն օգոստոսի 22-ին, ժամը 00:20 մեր ինքնաթիռը օդ բարձրացավ, իր հետ տանելով 71 ուղևոր: Ուշացումը կազմեց 42 ժամ 35 րոպե: