ՀԱՅՈՒՀԻ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ

Jan 28, 2014 23:06



http://www.diplomat.am/publ/bacahaytumner/18-1-0-757

Սաբիհա Գյոկչեն… Ոմանք նրան համարում են Քեմալ Աթաթուրքի աղջիկը, ուրիշները` հոմանուհին: Կասկածելի պատմություն է: Իսկ իրողությունն այն է, որ հայկական ծագում ունեցող այդ կինը իրականացրեց Աթաթուրքի երկնային երազանքը…

Սաբիհա Գյոկչենը ծնվել է 1913 թվականի մարտի 22-ին, Բուրսա քաղաքում:Ընտանիքի ծանր պայմանների պատճառով (ծնողները սպանվել էին եղեռնի ժամանակ) նա դաստիարակվում է մանկատանը, ուր 1925 թվականին այցելում է Քեմալ Աթաթուրքը: Նրան շատ է դուր գալիս լուրթ աչքերով աղջնակը: Ծանոթանում է կենսագրությանը և որոշում որդեգրել` ստանալով երեխայի մեծ եղբոր համաձայնությունը: Սաբիհան տեղափոխվում է նախագահական պալատ և միանգամից ձեռք բերում մի քանի քույր:

‹‹Ապագան երկնքինն է››,- երազում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և ուշադիր հետևում ավիացիայի զարգացմանը, հատկապես` թուրքական Օդագնացության ընկերության գործունեությանը:

Հավանաբար այդ էր պատճառը, որ նա իր որդեգրած ութ աղջիկներից մեկին`Սաբիհա Գյոկչենին ուղարկեց քաղաքացիական ավիացիայի դպրոց`‹‹Թյուրք քուշու›› (‹‹Թուրքական թռչուն››), որը հետո շարունակեց ուսումը Ռազմական օդային ակադեմիայում:

Աթաթուրքին այդքան դուր եկած կապուտաչյա Սաբիհայի ազգանունն անգամ` Գյոկչեն, նշանակում է երկինք` ‹‹գյոկ››: Այդ ժամանակ բոլոր թուրքերի հայրը չգիտեր, որ հպարտանալու է հայ դուստրով` հոգևոր դուստրով, ինչպես որ նա անվանում էր Սաբիհային, որը 23 տարեկան հասակում դառնալու էր Թուրքիայի առաջին կին օդաչուն և աշխարհի առաջին կին ռազմական կործանիչ-օդաչուն:


Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես: 1935 թվականի մայիսի 5-ին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա գտնվեց ‹‹Թյուրք քուշու›› օդաչուական դպրոցի հանդիսավոր բացմանը: Տարբեր երկրներից հրավիրված պլաներների և պարաշյուտիստերի օդային շոուն այն աստիճան գրավեց Սաբիհային, որ երբ հայրը հարցրեց. ‹‹Կցանկանա՞ս օդաչու դառնալ››, աղջիկն առանց երկմտելու պատասխանեց. ‹‹Այո, հե՛նց հիմա››:

Այսպես նա դարձավ հենց նոր բացված դպրոցի սանուհի: Նախ` սովորեց օդաչուական մասնագիտությունը, հետո` ստանալով օդաչուի վկայական, 7 ուրիշ օդաչուների հետ կատարելագործվելու մեկնեց ԽՍՀՄ:

Նրա ուսուցիչներից էր նշանավոր փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Սերգեյ Անոխինը:

Սաբիհան աչքի էր ընկնում գիտելիքներ ձեռք բերելու ձգտումով, մեծ սիրով դեպի ավիացիան, զսպվածությամբ ու ինքնատիրապետմամբ:

Մի քանի տարի անց Սաբիհան դառնալու էր ‹‹Թյուրք քուշու›› օդագնացության դպրոցի գլխավոր մարզիչը և ծառայելու էր մինչև 1955 թվականը:

Սաբիհայի հայկական ծագման մասին առաջինը խոսեց լրագրող Հրանտ Դինքը, երբ թերթի խմբագրություն դիմեց հայաստանցի մի կին` Թուրքիայում ազգականներին փնտրելու նպատակով: Լրագրող Ելենա Սոլնցևան, որը նյութ էր պատրաստում Հրանտ Դինքի մասին` այդ կնոջ որոնումների կապակցությամբ, պատմում է. ‹‹Հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը փնտրում էր Խաթուն մորաքրոջը, որն անհետ կորել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հռիփսիմեն գրել էր խմբագրություն, թե իր մայրը` Տիրուհին երկար տարիներ որոնել է քրոջը` Խաթունին: Մինչդեռ, իրականում, կարիք չկար նրան փնտրել. Թուրքիայում բոլորը գիտեին Խաթունին, փաստում են ‹‹Ակոս›› թերթի լրագրողները: Տիրուհու պատմածով, նրանց ծնողներին սպանել էին եղեռնի ժամանակ, և ինքը քրոջ` Խաթունի հետ հայտնվել էր որբանոցում: Մի անգամ որբանոց է այցելել Թուրքիայի լիդեր Քեմալ Աթաթուրքը, մի խումբ զինվորականների ուղեկցությամբ: Կապուտաչյա, աշխույժ Խաթունը դուր է եկել առաջնորդին, որը տարել է նրան հետը և տվել Սաբիհա Գյոկչեն անունը››:


Հրանտ Դինքի ‹‹Սաբիհա Գյոկչեն›› վերտառությամբ հոդվածը ռումբի պայթյուն էր: ‹‹Մենք շատ ժամանակ վատնեցինք, որպեսզի ապացուցենք, որ Թուրքիայի ազգային հերոս Սաբիհա Գյոկչենը հայ է: ‹‹Սաբիհա Գյոկչեն›› հոդվածը բարձրացրեց նրա ծագման գաղտնիքի վարագույրը:

Սաբիհան հրաշքով փրկված հայ երեխաներից մեկն է, որը եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին, հայտնվել էր որբանոցներում: Դաստիարակելու նպատակով Աթաթուրքը նրան վերցրել և տարել էր Անկարա, տվել նոր անուն…››-պատմում է Հրանտ Դինքը:

Դինքի ինֆորմացիան անմիջապես հայտնվեց կենտրոնական ‹‹Հուրիեթ›› թերթի առաջին էջում:

Շշմեցուցիչ նյութը, որն արտատպեցին գրեթե բոլոր պարբերականները, երկար ժամանակ մնաց թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Սակայն մի շարք պատմաբաններ նշանավոր թուրք օդաչուի հայկական ծագման վարկածը համարում են պատմական կեղծիք: Հնչել են կարծիքներ, թե ինֆորմացիան հայկական սադրանք է, որի միջոցով թերթն ուզում է ավելացնել տպաքանակը:

Մինչդեռ եղել են ավելի ծանրակշիռ փաստարկներ, որոնք հաստատում են Հրանտ Դինքի վարկածը: Թուրքերեն լեզվի ամենամեծ բացատրական բառարանի հեղինակ, լեզվաբան Փարս Թուգլաջին հայտարարում է, որ Սաբիհա Գյոկչենը տեղյակ էր, թե ովքեր էին իր իսկական ծնողները, նույնիսկ իմացել է հայերեն շատ բառեր:

Ահա թե ինչ է հաղորդել Ելենա Սոլնցևային թուրքական դպրոցներից մեկի պատմության ուսուցիչ Քեմալ Մերկալին, որն անձամբ է ճանաչել Սաբիհա Գյոկչենին: ‹‹Սաբիհան մի փոքր խոսում էր հայերեն: Նրա հայկական ծագման մասին է վկայում այն փաստը, որ նշանավոր օդաչուն տառապել է ‹‹երևանյան հիվանդությամբ››:


Սաբիհան մինչև կյանքի վերջը նվիրված էր Աթաթուրքին: Նա գրեց ‹‹Կյանք` Աթաթուրքի ուղիով›› գիրքը, որը լույս տեսավ 1981 թվականին, Քեմալ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

Ստամբուլում կա ‹‹Սաբիհա Գյոկչեն›› օդանավակայան: Երբ որոշվում էր անվանակոչության հարցը, թուրքերից շատերը վրդովվեցին, թե ինչու օդանավակայանը պետք է կոչվի հայուհու անունով: Անգամ հնչեցին մեղադրանքներ, թե նա եղել է Աթաթուրքի սիրուհին: Սակայն դրանք լոկ ասեկոսեներ են…
Իսկ իրականությունը այն խորը հետքն է, որը թողել է իր հետևից այդ լեգենդար կինը:

ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱՅԵՎԱ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՌԴ գրականագետների միության անդամ, ՀՀ գրողների միության անդամ, ԵՐԵՎԱՆ

http://www.diplomat.am/, ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱՅԵՎԱ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, Кемаль Ататюрк, Сабиха Гёкчен

Previous post Next post
Up