Անմոռաց հերոսական օրեր

Sep 22, 2008 21:20

Այո՜, մենք տեսել ենք այդ օրերը, անցել դաժան փորձության բովով: Հիշում ենք պատերազմի առաջին օրը, երբ զօրանոցներում մեզ քնից արթնացրին առաջին կրակոցները, հիշում ենք այրվող տները ու առաջին զոհերին….Պաշարված Լենինգրադը, սառնաշունչ Վոլխովը, Տիխվինը գորշագույն, Սինյավինը` մառախլապատ:

Հիմա կարելի է ասել` լինում էին րոպեներ, երբ մեզանից յուրաքանչյուրը մտաածում էր. “էլ ուժ չունեմ, չեմ դիմանա մինչև վերջ": Բայց հավատը, ջերմացնող հավատը հաղթանակի նկատմամբ չլքեց մեզ` Լենինգրադի պաշտպաններիս:

1942 թվական….հունվար…Սակրավորների մեր գումարտակը գրեթե ամեն օր լրացվում էր նորակոչիկներով:

Թշնամու տեղատարափ կրակի և ռմբակոծության տակ, նոր էինք ավարտել Լադոգա լճի սառցե ճանապարհի կառուցումը, որով սննդամթերք պետք է հասցվեր Լենինգրադ, երբ հրամանատարը հավաքեց ջոկատի մարտիկներին:

Նա լուռ նայեց մեր հոգնաբեկ դեմքերին:

- Հարազատներս, - ասաց նա` մեր սիրելի հրամանատարը դողալով, - ես գիտեմ, որ շատ եք հոգնել, բայց մի հատուկ և դժվարին հանձնարարություն  պիտի կատարեք: Վաղն առավոտյան սպասվում է գերմանական մոտոմեքենայացված զորամասի ժամանում “Կրասնի օկտյաբր” սովխոզի շրջանը: Պետք է անցնել թշնամու թիկունքը և ականապատել նրա ճանապարհը:

Տասներեք հոգի էինք: Հիմա նրանցից իմ դիմաց նստած են միշտ աշխույժ ու հնարամիտ  Աշոտ Հարությունյանը, բարձրահասակ ու հանգիստ Վարդգես Սիմոնյանը, կապտավուն աչքերով, գեղեցկատես ու մանկական միամտությամբ Հայրապետ Շատվորյանը, շատ աշխույժ ու տոկուն Մամիկոն Զալումյանը:

Պարզկա գիշեր էր, հյուսիսային սառնաշունչ խավար: Լուսավորող հրթիռները երբեմն-երբեմն սլանում էին վեր և օդում կախված`լուսավորում: Հեռվում լուսարձակներն էին կտրատում երկինքը` ինքնաթիռներ որոնում:

Պայթուցիկ նյութերը շալակած սողում ենք ձյան հաստ շերտի վրայով: Ահա և ճանապարհը, որ պիտի ականապատենք: Մենք թշնամու թիկունքում ենք, նրա խրամատների մոտ: Անտառի խորհրդավոր մթության միջից տեսնում ենք մոտակա երկհարկանի փայտյա տունը, որը պատերացմից առաջ սովխոզի գրասենյակ էր:

Երաժշտություն էր լսվում այնտեղից: Շենքի մոտ մի բեռնատար մեքենա է կանգնած: Երևի բեռնված է ռազմամթերքով, պետք է ականապատել: Հայրապետն և Վարդգեսը սողալով մոտեցան մեքենային, իսկ մյուսները ճանապարհի ականապատումն են սկսում: Վերադառնում ենք: Նկատում ենք, որ Աշոտը չկա: Անհանգստանում ենք, սպասում: Ահա նա էլ եկավ, մի խոշոր հաց ձեռքին: “Սպանեցի պահակին և հազիվ հասցրի սա փախցնել, երևի հայտնաբերեն մեզ, փախեք տղաներ, - շնչասպառ ասաց նա:

Հաջորդ օրը երեկոյան հետախուզությունը հայտնեց, որ մեր դրած ականների վրա պայթել են երեք մեքենա:

Ամեն օր շարժական ռադիօկայանի հաղորդավարը ռազմական գործողությունների մասին նորություններ էր  հայտնում: Մեզ հայտնի դարձավ, որ Սինյավինի տակ, բլրակի վրա գտվող գերմանական երկու դզօտները անխոցելի են դարձել և շատ զոհերի պատճառ դառնում: ինչ գնով էլ լինի, պետք է շարքից հանել դրանք:

Գնում ենք: Բացատ է: Հնարավոր չէ աննկատ մնալ: Վերջապես հաջողվում է մեկ դզօտ պայթեցնել: Բայց…..անչափ ծանր նստեց մեզ վրա:

Յադ օրերրին կորցրինք շատ սիրելի ընկերներ` Արամ Բարխուդարյանին, Վարդան Բաղդասարյանին, Վալուտինին, Մարգաչովին, շատերն վիրավորվեցին:

- Քեզ համար, հարազատ քաղաք, հարյուր - հազարավորների հետ ինչե՜ր  չեն  արել իմ հետ նստած այս հասարակ տղաները, մինչև թշնամին հույսը կտրած, փախուստի դիմեց, գազանաբար այրելով և ոչնչացնելով իր ճանապարհին ամեն ինչ:

Այն օրերին մենք չենք քայլել, չենք տեսել քո ճարտարապետական կոթողները, հանրահռչակ պատկերասրահներն ու թանգարանները: Բայց տեսել ենք քո բնակիչներին` որբացած մանուկներիդ, արտասվալից աչքերով տառապող մայրերին, հազիվ քայլող ծերունիներին: Նրանց աչքերում վառվում էր ատելության կրակը: Այդ կրակը խառնվեց մերին, ուժ ու կորով տվեց խորտակելու թշնամուն:

Եւ քսան տարի առաջ վեհաշուք սալյուտը, որ տրվեց Լենինգրադում 324 հրանոթներից, մութ անտառներով, մառախլապատ դաշտերով, սառցակալած ու ոլորապտույտ Նևայով թռչելով, աշխարհին ազդարարեց թշնամու օղակից հերոս քաղաքի վերջնական ազատագրման մասին:

Նայի՜ր Լենինգրադ, հաղթանակած իմ ընկերների երջանիկ աչքերին, որոնք քո որդիների հետ ֆաշիստական գերությունից փրկեցին հազարավոր երեխաների ու կանանց: Հիմա նրանք, սովետական ողջ ժողովրդի հետ կանգնած խաղաղ ստեղծագործ աշխատանքի դիրքերում, կառուցում են լուսավոր ապագան:

Խաղաղությունը չես խլի նրանցից, ովքեր զենք են բռնել ձեռքին, սրբել որբացած մանուկների արցունքները, ում աչքերը տեսել են, և հիշողության մեջ ընդմիշտ պատկերել անցած պատերազմի սարսափները:

Խաղաղություն ու ապագան ընդմիշտ մերը կլինեն:

Մարատ Հալաջյան:

Вторая мировая война, Аладжян, Война, Рассказ, Блокада Ленинграда

Previous post Next post
Up