Հարցազրույցի սղագրություն Մաս 2

Mar 17, 2008 14:05

33. -Որքա՞ն է զոհերի եւ վիրավորների իրական թիվը։
-Այդ փաստը կրկին խոսում է այն մասին, որ մարդիկ դադարել են ընդհանրապես՝ հավատալ։ 8 հոգի է զոհվել՝ 7 քաղաքացիական անձ եւ մեկ սպա։ Վիրավորվել է մինչեւ 210 իրավապահ եւ մինչեւ 50 քաղաքացիական անձ։ Չեմ ուզում ավելի մանրամասնել, որովհետեւ մշտապես դատախազությունը, քրեական գործ վարող հատուկ քննչական մարմինը տեղեկատվություն է տալիս այդ մասին, եւ քանի որ մեր քաղաքացիները շատ ուշադիր են հետեւում այդ լուրերին, չեմ ուզում թյուրիմացության մեջ գցել, բայց փաստ է, որ ուղղակի՝ անհնար է թաքցնել զոհը։ Ես հիշում եմ՝ 2000-ական թվականների սկզբներին, երբ մենք, որպես պաշտպանության նախարարություն, հայտարարում էինք, թե քանի զոհ ենք ունեցել տարվա ընթացքում, շատ մարդիկ իներցիայով ասում էին՝ սրանք ճիշտ թվեր չեն, մինչեւ ժամանակի ընթացքում 10 անգամ ստուգեցին։ Այդ թվերն ազգանուններով, անուններով տեղակայված էին մեր կայք-էջում, եւ ի վերջո՝ մարդիկ հավատացին, որ պաշտպանության նախարարությունը չի կարող սուտ տեղեկություններ տալ, որովհետեւ մարդուն ուղղակի չես կարող ընտանիքից վերցնել եւ թաքցնել։ Եվ ընդհանրապես՝ քի՞չ է 8 զոհը։ Այդ հարցը տվողները զուտ հետաքրքրասիրությունից դրդվա՞ծ են խոսում այդ մասին, թե՞ համարում են, որ քիչ է։ Մեկն էլ շատ կլիներ։

34. -Ճի՞շտ է, որ Դուք Հայաստանի բոլոր մեծ բիզնեսներում փայ ունեք։
-Ո՛չ, սխալ է, եւ քաղաքացին կարող է շատ ավելի կոնկրետացնել, նշել մեծ բիզնեսի անունը, պատասխանն ստանալ, գնալ ստուգել։
35. -Ու՞մ եք նշանակելու վարչապետ եւ ի՞նչ հատկանիշներով եք առաջնորդվելու այդ նշանակումը կատարելիս։
-Ես երեկ պատասխանել եմ նման հարցի եւ հիմա էլ ասում եմ, որ վերջնական որոշում չունեմ։ Բայց խոստանում եմ, որ կառավարություն ձեւավորելուց հետո էլ մի այսպիսի միջոցառում կկազմակերպենք եւ այն ժամանակ գուցե հիմնականում պատասխանենք այն հարցերին, որոնք ուղղված կլինեն կառավարության կազմին։ Հիմա չեմ կարող ասել՝ ով է լինելու վարչապետ, եւ երբ է այդ մասին ասվելու։
36. -Ինչու՞ վերացվեց պարզեցված հարկը, քանի որ մենք կարող ենք ունենալ լուրջ ֆինանսական խնդիրներ, չհաշված հաշվապահություն պահելու անհրաժեշտությունը։
-Լուրջ խնդիրներ ունենալ չեք կարող։ Կրկնում եմ, որ պարզեցված հարկը չի վերացվել։ Փոփոխությունները, որ մենք կատարել ենք, ուղղված էին խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելուն։ Այդ փոփոխություններն ուղղված չեն մանր կամ միջին բիզնեսին։ Առաջիկա 2-3 օրերի ընթացքում ես հանդիպում եմ ունենալու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ մանրամասն բացատրելու եմ դա։
37. -Արդյո՞ք հասցնում եք շփվել Ձեր թոռնիկի հետ։
-Հասցնում եմ, բայց՝ քիչ։
38. -Իրականությանը համապատասխանու՞մ են այն լուրերը, որ Արտաշես Գեղամյանի որդին Ձեր՝ նախագահ դառնալուց հետո նշանակվելու է Մեղրիի անցակետի պետի պաշտոնում։
-Իհարկե՝ ոչ։ Ես չգիտեմ՝ պարոն Գեղամյանն արդյո՞ք ունի որդի, ում մասնագիտությունը համապատասխանում է այդ աշխատանքին, բայց գիտեմ, որ նա ունի կրթված զավակներ, եւ որեւէ արգելք չի կարող լինել նրանց՝ պետական ծառայության մեջ ընդգրկելու առումով։ Բայց ինչ-որ պայմանավորվածության մասին խոսելն աբսուրդ է, մանավանդ՝ Մեղրիի մաքսակետի կամ մաքսատան մասին։ Չեմ կարծում, որ վարչապետը պետք է միջամտի այդպիսի նշանակումների։
39. -Ե՞րբ եք հրաժարական տալու Հայաստանի նախագահի պաշտոնից։
-Ես հրաժարական չեմ տալու։
40. -Եթե փաստերով ապացուցվի, որ ցուցարարների նկատմամբ մահացու հրազեն է կիրառվել, Ձեր կարծիքով՝ ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն հրազեն կիրառելու հրահանգ տվողները եւ այն իրականացնողները։
-Օրենքը հստակ որոշել է, թե իրավապահն ինչ պայմաններում կարող է զենք կիրառել, եւ եթե խախտումներ լինեն, անշուշտ՝ քրեական գործի շրջանակում լինելու է նաեւ համապատասխան վերաբերմունք։ Բայց հարց տվողի տոնն այնպիսին է, որ ընդհանրապես՝ իրավապահը իրավունք չունի որեւէ մեկի վրա կրակել, նույնիսկ եթե այդ մարդը հանցագործ է, եթե անգամ ինքն է ցանկանում իր մոտ գտնվող զենքով խլել ուրիշների կյանքը։ Պետք է կարդալ համապատասխան օրենքը, եւ պարզ կլինի, թե ոստիկանը որ պարագաներում իրավունք ունի զենք կիրառել։
41. -Հանրահայտ փաստ է, որ Հայաստանն այսօր գտնվում է խորը ժողովրդագրական ճգնաժամի մեջ։ Ռուսաստանում այս հարցին համարձակ լուծում տրվեց, որի արդյունքում աճեց ծնելիությունը։ Ինչու՞ Հայաստանում չի արվում նույն բանը։
-Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, հայտարարել ենք, որ նախապատրաստում ենք ազգային ծրագիր։ Հենց հիմա լրջորեն աշխատում ենք 2 ազգային ծրագրի վրա, մեկը՝ նշվածն է, մյուսը՝ պարենային ապրանքներով երկիրն ապահովելու ծրագիրը։ Այնպես որ՝ զբաղվում ենք, եւ կարծում եմ՝ համապատասխան գերատեսչությունները մոտ ապագայում այդ մասին կհայտարարեն։
42. -Ինչու՞ մարտի 2-ին ոստիկանության կողմից հեռուստաընկերություններին տրամադրված օպերատիվ նկարահանումները չէին պարունակում կադրեր Պարոնյան, Պռոշյան եւ Լեոյի փողոցներում, ինչպես նաեւ՝ Մաշտոցի պողոտայի շուկայի շրջակայքում կատարված իրադարձությունների մասին, հատկապես եթե ոստիկանության տվյալների համաձայն՝ ցուցարարները հարձակվել եւ թալանել են նաեւ Պռոշյան-Լեո խաչմերուկի սուպերմարկետը։
-Ես հիմա չեմ կարող հիշել՝ մենք մարտի 2-ին ինչ կադրեր ենք ցուցադրել, բայց աշխատել ենք հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել։ Եթե հարցի մեջ ինչ-որ ենթատեքստ կա, ես չեմ կարողանում հասկանալ այն։ Այսինքն՝ հարց տվողը ցանկանում է ասել, որ խանութների թալան, վանդալիզմ չի՞ եղել։ Մենք մինչեւ այսօր քաղաքացիներից ստանում ենք տեսանյութեր, խնդիրն այն է, թե դրանք բնօրինակնե՞րն են, թե՞ մոնտաժված են։ Սա է ստիպում մեզ այդ նյութերն ուղարկել փորձագիտական եզրակացությունների։ Երեկ մի այսպիսի տեղեկատվության մասին դուք լսեցիք էկրաններից։
43. -Հնարավոր համարու՞մ եք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների հետ քաղաքական երկխոսությունը եւ հասարակության բեւեռացման թուլացումը։ Կոնկրետ ծրագրեր ունե՞ք այդ խնդիրների հետ կապված։
-Որ բեւեռացումը պետք է թուլացվի, դա միանշանակ է։ Ես երբեք դեմ չեմ եղել որեւէ երկխոսության, բայց բոլորիս էլ հասկանալի է, որ երկխոսությունը միշտ հասցեական է լինում՝ ով ում հետ։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակելու է պնդել, որ ինքը 65 տոկոսով ընտրված նախագահ է, չի ընդունելու Սահմանադրական դատարանի որոշումը, ինձ էլ համարելու է բանդիտ, մոնղոլ-թաթար, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել։ Եթե մոտեցումներն այլ լինեն, իմ մոտեցումներն էլ այլ կլինեն։ Բայց մենք, թերեւս, մարտի 2-ից սկսած խոսակցություններ ենք վարում բոլորի հետ, ովքեր ցանկանում են մեզ հետ խոսել՝ անկախ հայացքներից, անկախ բարկության աստիճանից, անկախ մասնագիտությունից։ Ես երեւի արդեն նման 30 հանդիպում եմ ունեցել, հիմնականում՝ մտավորականների հետ։ Մենք երկխոսությունից, հանդիպումներից երբեք չենք խուսափել։
44. -Ե՞րբ եւ ինչպե՞ս եք պատրաստվում լուծել աղբահանության խնդիրը, Երեւանը կորչում է աղբի մեջ։
-Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում այդ խնդիրն ամբողջովին կլուծվի։ Աղբը գին ունի, եւ շատ տեղերում այն օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր, այլ նյութ, համենայնդեպս՝ օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Վստահ եմ՝ մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանը կարողանալու է լուծել խնդիրը։
45. -Ինչպես համոզվեցինք վերջին 15 տարիների ընթացքում, մեծապես չի փոխվել պաշտոնյաների երեխաների եւ նրանց մերձավոր հարազատների բարքի հետ կապված իրավիճակը։ Նրանց ամեն ինչ թույլատրվում է, եւ նրանք մնում են անպատժելի։ Բազում են դեպքերը, երբ այդ վարքով նրանք ստվերում են բավական լավ պաշտոնյաների համբավը։ Իմ կարծիքով՝ այդ պատճառով է, որ մեր հասարակության մի մասն իրեն նեղված է զգում։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու այդ ամենին վերջ տալու համար։
-Կձեռնարկեմ, կտեսնեք։
46. -Իշխանությունների հետագա հնարավոր սխալները կամ բացթողումները կանխելու առումով կոնկրետ հետեւություններ կա՞ն Հայաստանում տեղի ունեցած հետընտրական իրադարձություններից։
-Այո, հետեւություններ կան, եւ մենք ունենք ծրագիր՝ անել այնպես, որ այլեւս նման բաներ չկրկնվեն։
47. -Համաձա՞յն եք, որ Հ1, Հ2 եւ մյուս հեռուստաընկերությունների կողմից վարվող լրատվական քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր ցանկացած թերթի, ինտերնետ-կայքի տեղեկատվություն կամ նույնիսկ՝ բամբասանք ավելի հավաստի է համարվում, քան մեր երկրի թիվ 1 լրատվական «Հայլուր» ծրագիրը, մյուսների մասին նույնիսկ չեմ նշում։ Եթե համաձայն եք, ապա ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակի շտկումը։
-Իհարկե՝ համաձայն չեմ, զուտ ձեւակերպմանը։ Բայց բարձրացրած հարցն, անշուշտ, մտահոգում է նաեւ ինձ այն առումով, որ վերջին շրջանում գուցե հավատը որոշակի կորել է այդ լրատվամիջոցների նկատմամբ, եւ չեմ կարծում, որ հրապարակավ խոսելով է, որ պետք է վերականգնենք հավատը։ Հավատացեք՝ վերականգնելու ենք։
48. -Ճի՞շտ է, որ այս տարի բանակում ծառայության ժամկետը դառնալու է 3 տարի։
-Ոչ՛։
49. -Ինչու՞ են տարբերվում վերջին օրերին Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին գրանցված ադրբեջանական զոհերի թվի մասին տրամադրվող տեղեկությունները, որ հայտնում են հայկական պաշտոնյաները՝ 2-8 զոհ։
-Ինձ համար էական չէ, այնտեղ քանի ադրբեջանցի է զոհվել։ Էականն այն է, որ մենք վերականգնել ենք հավասարակշռությունը՝ չկրելով որեւէ կորուստ։ Իսկ եթե մեկի համար շատ էական է, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ունեն կայք էջեր, կարող են հարցն ուղղել եւ պատասխան ստանալ։ Մանավանդ՝ պաշտպանության նախարարությունը եւ գլխավոր շտաբը կարող են ամենաստույգ պատասխանը տալ այդ հարցին։
50. -Խնդրում եմ՝ դիտեք նախօրեին ոստիկանների ներկայացրած տեսաֆիլմը, որտեղ ներկայացված են որոշ դրվագներ մարտի 1-ի իրադարձություններից։ Ու՞մ վրա են նրանք կրակում, ու՞մ հրամանով կրակ բացվեց, եւ ինչու՞ է դատախազության մամուլի խոսնակն ակնհայտորեն սուտ խոսում։
-Ես համոզված չեմ, որ գլխավոր դատախազության մամուլի խոսնակը սուտ է խոսել։ Ուղղակի՝ երեւի հարց տվողն այն մարդկանցից է, ով չի ուզում այլ կարծիք լսել, ինքն ունի իր համոզմունքը եւ փորձում է պաշտպանել այն։ Որեւէ մեկը չի կարող ակնհայտ սուտ ասել, որովհետեւ դրա համար հետո պետք է պատասխանատվություն կրի։ Ակնհայտ բաները չես կարող գլխիվայր շուռ տալ, ակնհայտ բաներն ինչպե՞ս կարող ես հերքել։ Հայտարարվեց, որ մենք խնդրել ենք այդ տեսաերիզն ուղարկել միջազգային փորձաքննության։ Արդյո՞ք այս մարդիկ աշխարհում որեւէ մեկին չեն հավատում։ Լավ, մեզ, մեր իրավապահներին չեն հավատում, եվրոպացիներին, ամերիկացիների՞ն էլ չեն հավատում։ Կլինի պաշտոնական պատասխանը, կասենք՝ այս տեսաերիզը մոնտաժված է կամ՝ ոչ։
51. -Կոնկրետ ի՞նչ քայլեր եւ ջանքեր եք գործադրելու մեր հասարակությունը լկտի սափրագլուխներից եւ Ձեր իսկ ասած մաուզերիստներից մաքրելու համար։ Մեր ժողովուրդը կշտացել է նրանցից, մարդիկ արդարություն են ուզում։
-Եթե ես խոսել եմ այդ մասին, ուրեմն՝ գիտեմ, թե ինչպես եմ անելու, ուրեմն՝ ծրագիր ունեմ, անկախ նրանից՝ նրանք սափրագլու՞խ են, թե՞ մազաշատ, որեւէ էական տարբերություն չի լինելու։ Բոլոր անօրինական կազմավորումները պետք է Հայաստանում վերանան։
52. -Ի՞նչ երաշխիքներ կան, որ մարտի 21-ից հետո մեր երկրում չեն կրկնվի անկարգությունները, եթե անկարգությունների կազմակերպիչներն ազատության մեջ են, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
-Երաշխիքները մեր օրենքներն են, մեր Սահմանադրությունը։ Երաշխիքը նաեւ պետական պաշտոնյաների վճռականությունն է եւ նրանց մասնագիտական կարողությունները։ Գոնե ես վճռական եմ եւ Հայաստանում այլեւս թույլ չեմ տալու մասսայական անկարգություններ։ Խնդրում եմ՝ ասածս ճիշտ հասկանալ, որոշ մարդիկ, ինչպես ժողովուրդն է ասում, թասիբի չընկնեն, ասեն՝ ի հեճուկս վարչապետի, անելու ենք, որովհետեւ դա շատ վատ հետեւանքների կբերի։ Ուղղակի՝ ուզում եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ, որ այդպիսի բաներ չկրկնվեն։
53. -Տեղի ունեցածի պատճառներից մեկն ԱԺ հեռացվածությունն է իրական սոցիալական, քաղաքական եւ տնտեսական խնդիրներից։ Համարու՞մ եք, որ վաղաժամ ընտրությունները կարող են նպաստել հասարակության համախմբմանը։ ՀՀԿ-ի բարեփոխման կարիք չե՞ք տեսնում, եթե տեսնում եք, ինչպե՞ս եւ ի՞նչ ուղղությամբ։
-Ո՛չ, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ որեւէ ընտրություն չի կարող իրավիճակը մեղմել, լիցքաթափել, այլ հակառակը՝ նոր լարվածություն կառաջացնի։ Ո՛չ միայն ՀՀԿ-ն, այլ՝ ցանկացած օրգանիզմ, իսկ կուսակցությունը եւս օրգանիզմ է, մշտապես պետք է կատարելագործվի, հակառակ պարագայում կմահանա։
54. -Հաշվի առնելով վերջին շրջանում Ձեր կողմից գյուղատնտեսական ոլորտին ցուցաբերվող խիստ ուշադրությունը, արդյո՞ք այն զուտ նախընտրական բնույթ է կրում, թե՞ որդեգրված քաղաքականություն է եւ շարունակական է լինելու։
-Ո՛չ, դա նախընտրական բնույթ չի կրում, լուրջ ծրագիր է, ինչպես նշեցի՝ դառնալու է ազգային ծրագիր, մանավանդ՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացները, մենք պարտավոր ենք զբաղվել մեր պարենային անվտանգությամբ եւ զբաղվելու ենք։ Ընդհանրապես՝ ընդունված է համարել, որ եթե երկիրը կարողանում է հիմնական ապրանքատեսակների 75 տոկոսն արտադրել, ապա կարողանում է ապահովել իր պարենային անվտանգությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, եւ մեր ժողովուրդը հանգամանալից ծանոթանալու է իրականացվող միջոցառումներին, տեղյակ է լինելու արդյունքների մասին։
55. -Ինտերնետում շրջանառվում է մի կարծիք, ըստ որի՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, նույն սցենարն է, որը կիրառվեց Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում։ Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունները։ Արդյո՞ք հատուկ ծառայությունները տեղեկություններ ունեն, թե որտեղից Լեւոն Տեր-Պետրոսյանին այդքան ֆինանսական միջոցներ։
-Հարցի առաջին մասին պատասխանելուց ձեռնպահ կմնամ, իսկ երկրորդ մասով մեր ժողովուրդը պատասխան կստանա քրեական գործի ավարտից հետո։ Ասածս չի նշանակում, որ հիմա անժխտելի փաստեր կան, ոչ էլ նշանակում է, որ փաստեր չունենք։ Որ հսկայական միջոցներ են ծախսվել, դա ակնհայտ է, բայց թե որտեղից, ում միջոցով, դա այնպիսի մեծածավալ աշխատանք է, որ պետք է կատարվի, այնուհետեւ՝ լինի հստակ պատասխան։
56. -Ինչու՞ եք անապատացրել քաղաքական դաշտը, որ ընդդիմության փոխարեն մնան միայն տեր-պետրոսյաններն ու գեղամյանները։
-Ե՞ս եմ անապատացրել։ Ես քաղաքականություն եմ եկել ընդամենը 2007 թվականի օգոստոսին, երբ անդամակցել եմ ՀՀԿ-ին։ Եթե հիշում եք՝ բազմիցս ասել եմ, որ ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, այլ՝ պետական գործիչ։ Եթե ամայացրել եմ, ներողություն։
57. -Ձեր կարծիքով՝ իրավաչա՞փ է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների՝ դիահերձարան մուտք գործելուն խոչընդոտելը։
-Ճիշտն ասած՝ հիմա չեմ կարող ասել՝ խոչընդոտե՞լ են, թե՞ ոչ, եւ թե ով կարող է մուտք գործել դիահերձարան, ով՝ ոչ։ Խոստանում եմ ճշտել եւ ասել։ Եթե մարդը պատգամավոր է, չի նշանակում, որ կարող է գնալ ցանկացած տեղ, օրինակ՝ մտնել ատոմակայանի ռեակտորի մերձակա տարածքներ։ Բայց որ պատգամավորը պետք է լիարժեք իրականացնի իր իրավունքները, որեւէ խնդիր չեմ տեսնում։ Եթե այդպիսի բան կար, եթե իրավասու էր համարում, կարող էր անմիջապես տեղեկացնել ԱԺ նախագահին կամ այլ պաշտոնատար անձի։
58. -Արդյո՞ք համարում եք, որ Դուք այն անձն եք, ով կհամախմբի ժողովրդին, եւ ինչպե՞ս կիրականացնեք դա, ի՞նչ գաղափարի շուրջ։
-Այո՛, ես համոզված եմ դրանում։ Թե ինչպես՝ միեւնույն է, եթե ժամերով էլ խոսեմ, այսօր շատ մարդ չի հավատալու։ Որտեղ աշխատել եմ, համախմբել եմ ողջ կոլեկտիվին, եւ կարծում եմ՝ չեն կարող հիմա ասել, որ արդյունքների չեմ հասել։ Երբ կհամախմբվեն, այն ժամանակ կհասկանան, թե ինչ է նշանակում համախմբվածություն։
59. -Չե՞ք գտնում, որ հնարավոր է՝ արտակարգ դրության հետեւանքով մայրաքաղաք մտցրած զորքը եւ մասնավորապես՝ միջազգային լրատվամիջոցներում այդ զորքի կադրերը դրդեցին Ադրբեջանին խախտել հրադադարը։
-Ես իմ կարծիքն ունեմ այս մասին, եւ երբ այն հաստատվի, այն ժամանակ վերջնականապես կասեմ։ Որ գործողությունը նախատեսված էր, որ պատահական միջոցառում չէր, ես դրանում չեմ կասկածում, բայց թե ինչ չափով եւ ում հետ է համաձայնեցված եղել, այդ խնդիրները պետք է ճշտել։
60. -Մոտ մեկ տարի առաջ Դուք ասել եք, որ մարդկանց բարեկեցությունն ավելի կարեւոր է, քան մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելը։
-Ես այդպիսի միտք չեմ հայտնել։ Ես հարցազրույց եմ ունեցել եւ ասել եմ, որ դժվար է մի երկրում ապահովել մարդու այլ իրավունքներ, եթե չես կարողանում ապահովել մարդու տարրական իրավունքը՝ գոնե նորմալ սնվելու իրավունքը։ Արդյո՞ք իմ ասածից երեւում է, որ ես առաջին հերթին մեկ այլ իրավունք եմ ճանաչում։
61. -Ինչպիսի՞ քայլեր եք նախատեսում ձեռնարկել երկրում հակամենաշնորհային քաղաքականություն վարելու ուղղությամբ։
-Մենք պետք է ակտիվացնենք հանձնաժողովի աշխատանքը, պետք է Հայաստանի տնտեսության մեջ ներգրավենք միջազգային համբավ ունեցող ընկերությունների։ Մենք բավական նորմալ օրենք ունենք, այն պետք է գործի եւ գործելու է։
62. -Ձեր կառավարությունը կարծես մոռացել է գիտնականների մասին։ Գիտության ոլորտի աշխատողներն այսօր չնչին աշխատավարձ են ստանում։ Դուք խոսում եք գիտատար տնտեսության, հայագիտության զարգացման եւ այլ կարեւոր ոլորտների մասին, բայց վիճակը չի փոխվում։ Ի՞նչ եք մտադիր անել։
-Եթե հարց տվողը մտածում է, որ 10 ամսում վիճակը կարող է կտրուկ փոխվել, սխալվում է։ Ինչ-որ միջոցներ ձեռնարկել ենք, նախ՝ գիտությանն ուղղված միջոցների ծավալն ենք մեծացրել, երկրորդ՝ գիտնականներին՝ ակադեմիկոսներին, դոկտորներին, թեկնածուներին տրվող հավելավճարներն են ավելացել, ստեղծվել է գիտության կոմիտե, եւ չի բացառվում, որ նոր կառավարության կազմում գործի գիտության նախարարություն։ Շատ դժվար է մի քանի ամսվա ընթացքում կտրուկ փոխել իրավիճակը, բայց միտումները կան, մանավանդ որ հարց տվողն է ասում, թե ես ինչից եմ խոսում։ Եթե խոսում ես, այդ խոսելը միայն ժամանակ վատնել չէ, այլ նաեւ՝ այդ ուղղության մասին հանրությանը իրազեկել։
63. -Արդյոք մարտի 1-ին եւ 2-ին իշխանության կողմից հրազեն չի՞ գործադրվել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար։
-Ո՛չ, հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար հրազեն չի գործադրվել։ Ես այն մարդկանց, ովքեր թալանում էին խանութները, մասսայական անկարգություններ էին անում, տարբերակում եմ հանրահավաքի մասնակիցներից, ընդ որում՝ այդ մարդկանց մի մասի մոտ նաեւ զենք կար. խոսքը ցուցարարների մասին չի։
64. -Ինչո՞վ են պայմանավորված ապրանքների գների թանկացումները։ Արդյո՞ք դա շարունակվելու է, արդյոք երկա՞ր է շարունակվելու դրամի արժեվորումը։
-Արդյո՞ք հիմա դրամն արժեւորվում է, կարծում եմ՝ վերջին 3 ամիսների ընթացքում փոխարժեքը կայուն է։ Ինչ վերաբերում է որոշ ապրանքատեսակների աճին, դա հիմնականում կապված է համաշխարհային շուկաներում ծավալվող գործընթացների հետ։ Այսօր էլ մինչ կառավարության նիստն սկսելը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը եւ համապատասխան հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը կառավարության անդամներին տեղեկացրին իրենց ձեռնարկած միջոցառումների մասին, որից հետո խորհրդակցություն տեղի ունեցավ մեզ մոտ, եւ առաջիկա 2-3 օրերի ընթացքում նրանք հեռուստատեսությամբ կբացատրեն իրավիճակը։
65. -Ձեր կարծիքով՝ արդյո՞ք ընդդիմությունը պատրաստված էր գնում բախման, թե՞ ոչ։
-Այո՛, ես դրանում համոզված եմ եւ հենց այդ պատճառով մի քանի անգամ ասացի, որ նախընտրական ողջ շրջանում այդ մասին խոսել եմ։ Եթե բախման ցանկություն չլիներ, նախօրոք չէին պատրաստի համապատասխան գործիքներ, երբ ոստիկանությունը մոտեցել էր զենք փնտրելու, նրանց կտային այդ հնարավորությունը։ Եթե բախման ցանկություն չլիներ, ինչպես չեղավ, երբ ոստիկանությունը պահանջեց հրապարակից հանել ավտոմեքենաները, ապա այդ բախումը տեղի չէր ունենա։ Կարծում եմ՝ կազմակերպիչներն ուղղակի խուճապի մատնվեցին, երբ տեսան, որ մնացած թեկնածուներն ընդունեցին համագործակցության իմ առաջարկությունը, եւ օգտագործեցին այս առիթը։ Խոստանում եմ, որ բոլոր նյութերը, որ կապ ունեն այս միջոցառման հետ, հետո դառնալու են հանրության սեփականությունը, տեսնելու եք, թե ովքեր ինչ ցուցումներ են տալիս։ Եթե նույնիսկ դա քրեորեն պատժելի արարք չէ, համենայնդեպս՝ բարոյականության որեւէ նորմ չի պարունակում իր մեջ։
-Շնորհակալություն հարցերին անկեղծ պատասխանելու համար։ Հուսով ենք՝ նման հանդիպումները շարունակական կլինեն եւ ավանդույթ կդառնան։
-Շնորհակալ եմ։ Ինչպես պայմանավորվեցինք, կառավարություն ձեւավորելուց հետո նորից մի այսպիսի հանդիպում կանցկացնենք։
Previous post Next post
Up