Թուրքիան փորձում է չդառնալ հաջորդ ՈՒկրաինան

Apr 07, 2014 20:35

Այժմ նկատում ենք աշխարհակարգի որոշակի փոփոխություններ: Այն որ Ռուսաստանը, Չինաստանն ու մի շարք այլ երկրներ մարտահրավեր են նետել ամերիկյան հեգենոնիային, պարզից էլ պարզ է: Պետք չէ սպասել, որ Միացյալ Նահանգներն այդքան հեշտ կհանձնվի:

Մենք արդեն մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կռվում միմյանց դեմ: Գուցե ընթերցողը չկարողանա հիշել, որ այդ երկրները երբևէ կռվել են միմյանց դեմ: Այո, նրանք կռվել են, բայց դա միշտ արել են երրորդ երկրի տարածքում: Նրանք միշտ գտել են թատերաբեմ, որտեղ կարելի էր ուժերը չափել: Վերջապես մեր պատմությունը ևս լի է նման դրվագներով, երբ Հռոմն ու Պարսկաստանը կռվում էին, բայց արդյունքում Հայաստանն էր մասնատվում:

Այժմ երկու գերհսկաները պայքարում են միմյանց դեմ և թատերաբեմերը հերթով փոխվում են, քանի որ Միացյալ Նահանգներին պետք են հնարավորինս շատ անկայուն տարածքներ: Որքան էլ զարմանալի է, բայց հումանիտար ԱՄՆ - ն, մարդկանց իրավունքները պաշտպանում է բազմաթիվ զոհերի ու մեծ արյան գնով:

Ռուսաստանը կարծես թե գրեթե բոլոր կողմերից շրջապատված է անկայուն տարածաշրջաններով, սակայն նրանք պետք այնպես շրջապատել նման տարածքներով, որ մի օր նա խեղդվի դրանց մեջ, սա է Միացյալ Նահանգների գերնպատակներից մեկը:

Ուկրաինայից հետո, հաջորդ թիրախը կամ թատերաբեմը կարող է լինել Թուրքիան: Գուցե ընթերցողը չի համաձայնվի, ասելով, որ Թուրքիան ԱՄՆ գործընկերն է և նա չի զոհի Թուրքիային: Պետք է հակադարձեմ, ասելով, որ ԱՄՆ համար Թուրքիան զուտ տարածք է, հենման կետ, ռազմաբազա և նրա համար գործնականում ամենևին էլ նշանակություն չունի, այստեղ Թուրքիա կլինի, թե Քրդստան, կարևորն իր զորքն այստեղ մնա: Նրա համար նշանակություն չունի միայն գործնականում, իսկ իրականում լավ էլ նշանակություն ունի, քանի որ Թուրքիան իր այսօրվա տարածքով և ռեսուրսներով բավականին հզոր է և կարողանում է պահանջներ ներկայացնել Միացյալ Նահանգներին, ինչպես նաև ունի իր ծրագրերը՝ մասնավորապես պանթուրքիզմը: Եթե շիտակ դատենք, ապա պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ - ին պետք են «անողնաշար» պետություններ, որոնք անմիջապես կկատարեն իր հրամանները, իսկ Քրդստանը հավակնում է այդպիսին լինել:

Թուրքիան շատ լավ հասկանում է, որ հաջորդ թատերաբեմն ինքն է լինելու, բայց Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե չփորձեր իրենից շեղել ուշադրությունն ու թատերաբեմն այլ տեղ տանել: Կարծես թե նրա մոտ ստացվեց այդ ամենն անել: Թուրքիայից զինյալ խմբեր կամ որ ավելի ճիշտ կլինի ասել թուրքական զորքերը մտան սիրիական Քեսաբ բնակավայր, որն առավելապես հայաբնակ է և սկսեցին կոտորածներ իրականացնել: Ալիքն իսկապես բարձրացավ և Թուրքիան սկսեց հայտնվել ուշադրության կենտրոնում: Քեսաբը դարձավ պայքարի նոր կիզակետ և գրեթե ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց այդ դեպքերի վրա:

Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ և չի կարելի բացառել այն տեղակետը, որ Քեսաբի դեպքերը հրահրվել են հենց Միացյալ Նահանգների կողմից՝ Թուրքիայից պահանջելով ուղղել սխալը, այն է, որ Թուրքիան առաջին անգամ ձախողեց օպերացիան: Սակայն սա կարող է ԱՄՆ - ին առիթ տալ շատ ավելի շուտ մտնել Թուրքիա կամ ներքին խռովություններ հրահրել գործող իշխանությունների դեմ և իշխանության բերել շատ ավելի խելոք ու ենթարկվող իշխանությունների կամ էլ մասնատել Թուրքիան:

Այս իրադարձություններում ավելի քան կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ իրավիճակը և զոհ չգնանք իրավիճակին, ավելին, կարողանանք դրանից դուրս գալ առավելագույն օգուտներով: Այսինքն, եթե իսկապես գործի Թուրքիան մասնատելու ծրագիրը, ինչպես ասում են, մենք էլ մեր բաժինն ստանանք կամ էլ վերցնենք: Սրա համար պետք է վարել մտածված ու հետևողական քաղաքականություն:

Դե ինչ, հույսերով ու ակնկալիքներով լի սպասենք հետագա քաղաքական զարգացումներին…

Հովիկ ՎԵՐԱՆՅԱՆ

http://yerevantimes.am/ukr-tur/

Ազգային անվտանգություն, Հարևանություն, Արևմտյան Հայաստան, Հայաստան

Previous post Next post
Up