Բանակային սպանությունները կանխել պետք է և հնարավոր է

Oct 04, 2010 03:10

Հոկտեմբերի 5-ին` երեքշաբթի, ժամը 12-ին Նոր Նորքի Հայկ Նահապետի արձանի մոտից տեղի կունենա երթ դեպի Պաշտպանության Նախարարության շենք:

Հարգելիներս, ձեր գործընկեր Ծովինար Նազարյանի եղբոր` Արտակի սպանությունը, որը ցնցեց շատ-շատերիս, նաև առիթ հանդիսացավ, որպեսզի վերջին ամիսների ընթացքում իրար հաջորդող բանակային սպանությունները, «ինքնասպանությունները», «զենքի անզգույշ օգտագործման արդյունքում զինակցին պատճառված մահացու վնասվածքները» և զինվորներին ստորացնելու ու խոշտանգելու դեպքերը հայտնվեն լրատվամիջոցների և հասարակության խոշորացույցի ներքո:
Ցավոք, դա ոչ մի կերպ չի նպաստում այդպիսի դեպքերի նվազմանը: Միակ հարաբերական առաջընթացն այն է, որ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը կարծես թե հասարակական ճնշման և պարսավանքի մթնոլորտում սկսել է հրաժարվել նախկինում սովորական գործելավոճից և զինծառայողների մահվան պարագայում նախնական որակումներ տալիս ավելի զգուշավոր է:
Սակայն մեր 18-20 տարեկան երեխաներին շարունակում են սպանել: Ի՞նչ անել: Ինչպե՞ս կանխել այդ ոճրագործությունները, որոնց այսպիսի մեծ թիվն իրական սպառնալիք է բանակի մարտունակությանը և երկրի ազգային անվտանգությանը: Ինչպե՞ս բացահայտել իրական հանցագործներին և բացառել պարտակման արատավոր ավանդույթը: Այս հարցերն այսօր բոլորիս են հուզում:
Մենք առաջարկում ենք ԳՈՐԾԵԼ: Հայաստանի լրատվամիջոցները, որոնցից յուրաքանչյուրը մեծ ուժ է ներկայացնում և իր ամեն մի հրապարակումով ի վիճակի է շատ բան փոխել, դեռևս համատեղ որևէ նախաձեռնությամբ հանդես չեն եկել, որը կմիավորեր նրանց բոլորի ջանքերը և կհանգեցներ հասարակական որևէ կարևոր խնդրի լուծմանը: Այժմ, կարծում ենք, հենց այդ ժամանակն է:
Հոկտեմբերի 5-ին` երեքշաբթի, ժամը 12-ին Նոր Նորքի Հայկ Նահապետի արձանի մոտից տեղի կունենա երթ դեպի Պաշտպանության Նախարարության շենք: Խիստ ցանկալի է, որ իբրև այդ երթի կազմակերպիչներ հանդես գան հայաստանյան ճանաչված լրատվամիջոցների ղեկավարները, գլխավոր խմբագիրները և հայտնի լրագրողները: Այսպիսի ազդեցիկ ակցիայից հետո հարկավոր է հավաքվել, նստել սեղանի շուրջ և հիմնել «Բանակի վերահսկողության հասարակական խորհուրդ», որը պատրաստ կլինի յուրաքանչյուր րոպե լրագրողական հսկայական ցանցի միջոցով արձագանքել ցանկացած միջադեպի, տարածել տեղեկությունը բոլոր մասնակից լրատվամիջոցներով և վարել սեփական անկախ հետաքննությունը:

սպանություն, բանակ, ինքնասպանություն

Previous post Next post
Up