Բարև ձեզ սիրելի հյուրեր,
Ես Ռետոն եմ, բայց եթե ինձ սիրում եք, ապա կարող եք կոչել Ռետոլինո: Այո, դուք ճիշտ հասկացաք, ես շատ եմ սիրում ֆուտբոլ և իմ կուռքն է Ռոնալդինոն:
Այժմ կպատասխանեմ բոլորիդ հետաքրքրող հարցին "Ո՞վ է Ռետոն": Ես առաջին անգամ (Ռետո առաջին)ծնվել եմ քարե դարում: Այն ժամանակ ես բաոբաբի անտառի հյուսիսային սահմանի մոտ աճող սովորական մոլախոտ էի: Արմատախիլ լինելուց հետո մի-քանի հազարամյակ ես քնեցի և ծնվեցի որպես միաբջիջ հողաթափիկ ինֆուզորիա (Ռետո երկրորդ): Ռետո երկրորդը երկար չապրեց` նա մեկ օրեկան էր, երբ նրան կուլ տվեց հիդրան: Ռետո երրորդը Հռոմեական կայսրության տխրահռչակ կայսրերից մեկն էր, որի մասին առանձնապես ցանկություն չունեմ հիշատակել:
Ռետո չորրորդը ծնվեց այժմյան Աֆրիկայի Քենիա պետության տարածքում և հիմք դրեց Օբամա գերդաստանին: Ռետո հինգերորդը Վատերլոյի ճակատամարտի ժամանակ սպանել է Նապոլեոնի հրամանատարերից մեկին, իսկ ես... Ռետո վեցերորդն եմ` ծովախոզուկ: Ինչպես տեսնում եք երեք անգամ անընդմեջ մարդ ծնվելու տհաճ զգացողություններից հետո ես կրկին նորմալ էակ եմ:
Ստորև բերված է Ռետո վեցերորդի առաջին նկարը:
Ես անթերի տիրապետում եմ ռազմարվեստին, քաջածանոթ եմ համաշխարհային գրականությանը, մարդկության հորինած ամենամեծ թյուրիմացությանը` "փիլիսոփայությանը", ստեղծագործելուց ազատ ժամանակ սիրում եմ ստեղծագործել:
Ուրախ եմ, որ մարդիկ վերջապես կարողացան թևակոխել տեխնիկայի դար (թե չէ արդեն անհանգստանում էի, որ այդպես էլ չեն կարողանա), ինչի շնորհիվ կարող եք հետևել իմ օրագրին: Թե չէ նախորդ Ռետո առաջինի և Ռետո երկրորդի օրագրերի գոյության մասին մարդկությունն այդպես էլ անտեղյակ մնաց:
Մի խոսքով` բարով եք եկել: Հուսով եմ, որ օրագիրս ձեզ համար հետաքրքիր կլինի և Դուք վերջապես կսկսեք կյանքից որևէ բան հասկանալ: Նաև կխնդրեի թողնել ձեր մեկնաբանությունները` դրանք օգտակար կլինեն մարդկային էակին նվիրված 25 հատորանի հանրագիտարանիս երկրորդ հրատարակությունը խմբագրելու համար: