…ՄԵԿ Ա՝ ԲՈՂՈՔԵԼՈՒ ԵՔ

May 13, 2023 08:49



…Տեղս զիջել էի փոքրահասակ երեխային ուղեկցող կնոջը: Առհասարակ, միայն նման դեպքերում եմ այդպես վարվում: Նաև՝ հղի կանանց և հաշմանդամների պարագայում:

Երախտագիտությամբ մտածում էի վերջին երեք քաղաքապետների մասին: Մեկի օրոք փողոցներում երևացին մանուշակագույն, մյուսի պաշտոնավարության ընթացքում՝ սպիտակ ավտոբուսները: Երրորդը հայտարարել էր գերմանական ավտոբուսներ ներկրելու մասին: Այդ ամենն ոգևորիչ էր. հույս կար, որ փոքր երթուղային տաքսիներով երթևեկողների հոգեբանությունը փոխվելու է: Կեցությունն է որոշում գիտակցությունը:

Տոթ էր, միացած էին տաքացուցիչ սարքերը՝ “փեջերը”: Ամեն կանգառից հետո ավելանում էր ուղևորների քանակը:

Սահմանափակ տարածքով և խցանման հետևանքով առաջացած դանդաղաշարժությամբ պայմանավորված բացասական լիցքերի աճն արագ ի հայտ եկավ աշխատանքից տուն վերադարձող քաղաքացիների մոտ.

- Պատուհանը կբացե՞ք:

- Փեջերը անջատի՛:

- Էս ի՞նչ եք էդքան բացել պատուհանը:

- Բա ի՞նչ անեմ, հո շոգից չե՞նք մեռնի:

- Ես մրսում եմ, արտասահման հո ձեզ նման կերպ չեք պահում:

Առաջին ընդհարումն էր: Ձևավորվեց մանկամիտ խռովությունների կլիման, մեկնարկ տրվեց անհեթեթ վիճաբանություններին:

Երկու կարճահասակ, ցմփոր տղամարդ՝ Նիկոլայ Գոգոլի հայտնի հերոսների՝ Բոբչինսկու և Դոբչինսկու դասական մարմնավորումները, պատահական հրել էին իրար և հիմա պարզում էին, թե ով է մեղավոր: Լսեցի նրանցից մեկի խոսքը.

- Ոնց որ տեղը չես բերում, հա՞: Արի՛ իջնենք հաջորդին:

Ուղևորները փորձում էին նրանց սթափեցնել, սակայն երկու գիրուկների միջև խաղաղություն հաստատելու միջնորդների ջանքերն ընդունայն էին:



Իջան՝ միասին: Զարմացա. աշխատանքային օրվա ավարտ, խցանումներ, ցուրտ երեկո, դեղին, թույլ, անդուր լուսավորություն: Եվ որքա՛ն եռանդ, պատրաստակամություն՝ որերորդ անգամ կյանքի կոչել հայտնի հեքիաթը՝ մեղուների կողմից պատրաստվող քաղցր սննդամթերքի մասին…:

Համոզված էի, որ փողոցում այդ երկուսը կվախենան իրար հրմշտել. չեն համարձակվի արժանանալ պարեկների ուշադրությանը: Սակայն վստահ էի, որ տանը նկարագրելու են իրենց “սխրագործությունը”, գովերգելու են իրենց մտացածին մանկամիտ, վայրկենաբար փոփոխվող նամուսի համար մարդկային պատիվն ոտնահարելու անհողդողդ կամքը: Ոսկեղենիկ մայրենին չի հնչելու, բայց ամոթով կմնան միջնադարյան պատմիչները: Հոգ չէ, կարևոր է մերձավորների հավանությունը:

Մազերը պոչ հավաքած մի կին հարցրեց վարորդին.

- Էս ի՞նչ ա, ավտոբուսը չե՞ք մաքրում հեչ:

Վարորդը տարակուսեց.

- Ի՞նչ ա եղել:

- Փոշի ա ամեն տեղ:

- Ավտոբուսը ամեն օր մաքրում են:

- Չի երևում ինչ-որ:

- Առավոտյան վեցին եկե՛ք գառաժներ, ինքներդ կտեսնեք, որ ախտահանում են բոլոր մեքենաները:

Կինը լռեց. առավոտյան վեցին գառաժներ այցելելու հեռանկարը նրան չէր ոգեշնչում:

Լսվեցին ուղևորների շշուկները.

- Գիշերվա հազարն ա, դուրսը՝ ցեխ, սա փոշի ա գտել:

- Իրա տան փոշու մասին թո՛ղ մտածի:

- Իբր մենք էդ փոշին չենք տեսնում:

- Պարապ ա մնացել:

- Բան ու գործ չունի:

- Արա՛, թո՛ղ հանգիստ տուն հասնենք:

Արդեն քառասուն րոպե էր, ինչ ավտոբուսը փորձում էր քաղաքապետարանից հասնել մոտակա կանգառը, սակայն անգամ գլխավոր պողոտայի խաչմերուկից հեռու էր:

Մի տղամարդ՝ վախեցած հայացքով, միապաղաղ ձայնով անընդհատ բողոքում էր.

- Էտ ա, ստեղ մնացինք էս գիշեր: Սենց որ գնաց, առավոտը նոր տեղ կհասնենք:

Նրան սաստեցին.

- Եղբայր, բոլորս տեսնում ենք, որ խցանում ա, տրամադրություն չունենք, դիմանում ենք մի կերպ, դու կողքից ավելի ես բարդացնում:

Ապա սկսեց ուշաթափվել մի ռուս երիտասարդ՝ ռելոկանտներից (վերաբնակներից):

- Վամ պլոխո՞, տեղ տվե՛ք, ջու՛ր, ո՞վ ունի ջուր, - լսվեցին ձայներ: Ոմանք էլ բացականչում էին.

- Վարպե՛տ, պահի՛, մարդ ա վատացել:

Սակայն կանգ առնելու անհրաժեշտություն չեղավ: Երիտասարդն ասաց.

- Սպասիբո, նորմալնո վսյո, սպասիբո:

Ակնհայտ էր՝ նա գոհ է և անակնկալի եկած հայերի վերաբերմունքից: Ավելի հիացավ, երբ տեսավ, թե ինչպես միջին տարիքի մի տղամարդ օգնում էր տաք օդից, ուղևորների քրտնքի հոտից, արտաշնչվող գոլորշուց ուշաթափվող ուսանողուհուն: Մինչև ուրիշները կրկին խառնվել էին, այդ տղամարդն՝ ակնածանքի արժանի սառնասրտությամբ բռնել էր աղջկա գլուխը և չէր թողնում, որ այն ետ գնա:

- Լեզուն կուլ կտա, կխեղդվի, - բացատրել է նա և ավելացրել, - մի քաղցր բան տվե՛ք, որ ուտի:

Ձայնը հանգիստ էր, պահվածքը՝ հավասարակշռված: Գյուղացի էր, քաղաքաբնակի առոգանություն չուներ: Հիշեցնում էր Հյուգոյի “Իննսուներեքի” Տելմարշին:

Ուսանողուհին ուշքի եկավ, շնորհակալություն հայտնեց իրեն առաջարկված շոկոլադի համար, որից, ի դեպ, հրաժարվել է.

- Դիետա եմ պահում:

- Սխալ ես անում, - առանց կշտամբանքի ասաց գյուղացին, - նիհար աղջիկ ես: Կպսակվես, բալիկ կունենաս, այդ ժամանակ պահի՛ր:

Միջահասակ, ներկած, խարտյաշ մազերով մի կին: Դեմքը…: Ակնհայտ են բուռն ընթացող կլիմաքսի՝ դաշտանադադարի, բոլոր նշանները: Սեռական կյանքի պակաս…: Այդ ամենը զուգորդվում է լճացած ութսունականներին և “օրհնված իննսունականներին” բաժին ընկած, տանջված ու քայքայված երիտասարդության մասին տհաճ հուշերով:

- Մի քիչ կամաց քշի՛, սպանեցիր: Կառտոշկա չես տանում:

Վարորդը չհապաղեց պատասխանել.

- Ոնց պետք ա՝ քշում եմ:

- Տոռմուզին քիչ ոտդ դի՛ր: Առանց տոռմուզ քշի՛:

Տղամարդկանցից ոմանք այդ խոսքի վրա քմծիծաղեցին:

Վարորդը՝ ապշած, հակադարձեց.

- Տոռմուզ չտամ՝ քշե՞մ, մեքենայի խփե՞մ:

- Հա, մի՛ խփի, քշի՛ քու համար:

- Ոնց որ լավ ես հասկանում, հա՞, ավտո քշելուց:

- Հա, բա կարո՞ղ ա մենակ դու գիտես: Ես էլ եմ հասկանում:

(Որքա՛ն դժվար է ղեկավարել նրանց, ովքեր կարծում են, թե ամեն ինչ հասկանում են):

- Բա ինչու՞ ավտոբուս չես քշում, արի՛ քշի:

- Այ մարդ, հերիք եղա՛վ: Տո սրան մի տեսե՛ք: Գործդ լավ արա՛:

- Մեկ ա՝ ինչ անեմ՝ բողոքելու եք:

- Հա, լավ անգիր եք արել էդ մի բանը: Լավ անգիր արած կրկնում եք:

Մի ծերունին փորձում էր վկայակոչել տրամաբանությունը.

- Տիկին ջա՛ն, բա հո ինքը իր կամքով դա չի անում: Կողքը ըդքան մարդ ա քշում: Բա հո չի տանելու գլուխներս ուտի: Բա տոռմուզ էլ կտա…:

Ապարդյուն էր: Ձայն բարբառո անապատի:

Պարզվեց՝ ներկած մազերով կինը համակիրներ ուներ:

- Քեզ ով հարցրե՞ց, - ծերունուն իր խոսքն ուղղեց սև գլխարկով և կարճ սև բաճկոնով տղամարդը, ով բազմել էր վերջին նստարաններից մեկին:

Ծերունին նայեց անկոչ փաստաբանի դեմքին, զսպեց իրեն, չպատասխանեց: Ափսոսացի, որ ոչ ոք չբարձրաձայնեց Սահամանդրության 42-րդ հոդվածի առաջին նախադասությունը:

Ներս մտան դեռահաս աղջիկները՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Վերջինը միանգամից նստարան զբաղեցրեց, իսկ աղջիկները ժողովվեցին ավտոբուսի կենտրոնում: Ուրախ խոսում էին, ծիծաղում (“էսա ընկեր Միդենյանը կվերկենա ու քեզ կասի”, “աղջի՛, բայց զգում ես, որ բլթցնում ես”): Այդպես տևեց քսան րոպե: Ամեն անգամ, ավտոբուսի խուսանավելու ժամանակ, աղջիկներն ընկնում էին կողքի մարդկանց վրա, ո՛չ ներողություն խնդրում, ո՛չ փորձում բռնվել:

Վերջապես նրանց սկսեցին նկատողություններ անել.

- Երեխե՛ք, մի քիչ կամա՛ց:

- Բռնվե՛ք, ինչու՞ չեք բռնվում:

- Ձեզ չե՞ն դաստիարակել, չգիտե՞ք, որ հանրային վայրերում այդպես իրար չեն պահում:

Եվ այլ նմանաոճ նկատողությունների տարափ:

Աղջիկները լրջացան (“արա՛, քեզ են ասում”, “քեզ են ասում, ես ի՞նչ եմ արել”): Դադար տիրեց:

Հանկարծ ոտքի կանգնեց և ձայն տվեց ուսուցչուհին.

- Այդ ի՞նչ են անում որ: Տեղ չկա կանգնելու, բռնվելու տեղ չկա: Ի՞նչ եք վրա տվել երեխաներին:

Աղջիկներին տեղին նկատողություն անող տասը հոգուց միայն մեկ կին պատասխանեց ուսուցչուհուն՝ “Մկների ժողովը” հեքիաթի բոլոր կանոններին համապատասխան:

Կրկին սկսվեց տրամաբանության և աբսուրդի վեճը՝ Էրիկ Բերնի “Ծնողի” և “Երեխայի” էգո-վիճակների գործարքային վերլուծության շրջանակներում:

Ուսուցչուհին, բավական վիրավորական կերպով, հանդիմանում էր կնոջը.

- Ի՞նչ ա՝ դուք իրենց տարիքում ձեզ այդպես չէի՞ք պահում:

Կինը փորձում էր առարկել՝ հասկանալով, որ կատվի զանգը կախելու գործառույթն իրեն է վերապահվել, և հռետորական արվեստին հակառակ ոչ պակաս սխալներ կատարում.

- Ո՛չ, մեր ժամանակ երեխաները ընտանիքից էին դուրս գալիս:

Ուսուցչուհին վրդովվեց.

- Էրևում ա, թե ինչ ժամանակ էր ձեր ժամանակը, որ այդպես եք խոսում: Այս երեխաները ընտանիքից դուրս եկել:

Նշեմ, որ ուսուցչուհին և նրա ընդդիմախոս կինը հասակակիցներ էին:

Անսպասելիորեն ուսուցչուհուն դաշնակցեց մի բարձրահասակ, մոտ քսան տարեկան, բարակ, բայց խրորխտ ձայնով երիտասարդ՝ սպիտակ վերարկուով:

Զգացվում էր, որ նա հասկանում է իր հասակի առավելությունը, միևնույն ժամանակ փորձում է հաղթահարել իր՝ տեսքին անհամապատասխան ձայնի հետ կապված բարդույթը.

- Ի՞նչ եք բոլորդ վրա տվել: Միայն փնթփնթալ գիտեք: Լավ են անում՝ բարձր են խոսում: Էս երկրում ազատություն ա: Ով ինչ ուզում ա, ոնց ուզում ա՝ ասում ա, իրավունք ունի:

“Այ թե ով լավ Սահմանադրություն կիմանա,” - անցավ մտքովս, - բայց միայն իրավունքների մասով”:

Միջամտեց վարորդը.

- Խնդրում եմ, հա, դրսում ձեր հարցերը լուծե՛ք:

Ուսուցչուհին և աղջիկները, վերջապես, հասան իրենց նպատակակետին: Ավտոբուսը լքելու ընթացքում աղջիկներից մեկն ասաց.

- Ով հետևից բան ասի՝ մտքիս ա:

Քար լռություն էր արձագանքը:

…Երախտագիտությամբ մտածում էի վերջին երեք քաղաքապետների մասին: Մեկի օրոք փողոցներում երևացին մանուշակագույն, մյուսի պաշտոնավարության ընաթցքում՝ սպիտակ ավտոբուսները: Երրորդը հայտարարել էր գերմանական ավտոբուսներ ներկրելու մասին: Այդ ամենն ոգևորիչ էր, սակայն փոքր երթուղային տաքսիներով երթևեկողների հոգեբանությունն այդ նորամուծությունից չէր փոխվելու, որովհետև, իրականում, հենց գիտակցությունն է որոշում կեցությունը:

“…մեկ ա՝ բողոքելու եք”:

07.02.2023

վարորդ, կեցություն, Հայաստան, քաղաքապետ, գիտակցություն, Երևան, ավտոբուս, բողոքել

Previous post Next post
Up