Քննությունից առաջ

Jan 09, 2016 00:10

Քննությանը պատրաստվելու ընթացքում ուշադրություն դարձրեք հետևյալ հարցերին:
Նոզոլոգիա
Բարդություն, ռեմիսիա, ռեցիդիվ, հիվանդության պատճառ, պայման, բուժման տեսակները. ուշադրություն դարձրեք ոչ միայն սահմանումներին, այլև բերված օրինակներին, փորձեք բերել ձեր օրինակները:
Բջջի վնասում
Ներբջջային ացիդոզի հետևանքները. խոսքն այն մասին է, որ ներբջջային ացիդոզը ընկճում է անաէրոբ գլիկոլիզի ֆերմենտների ակտիվությունը` կանխելով կաթնաթթվի հետագա կուտակումը:
Աուտոֆագիայի նշանակությունը բջջի կյանքում: Բացի սննդանյութերի դեֆիցիտի պայմաններում վերապրելուն ուղղված լինելուց, այն ապահովում է նաև բջջի ներքին “մաքրությունը”` քայքայելով վնասված օրգանելները և բնափոխված սպիտակուցները: Հետևաբար, աուտոֆագիայի խթանիչների մեջ կլինեն ելանյութերի դեֆիցիտը, ամոնիակի ավելցուկը (ամինաթթվի կատաբոլիզմի մասին է վկայում), բնափոխված սպիտակուցների կուտակումները և այլն:
Ապոպտոզ: Ապոպտոզի ծրագիրն իրականացնելու համար պետք է ժամանակ և էներգիա, ուստի խիստ էներգոդեֆիցիտի դեպքում բջիջը նեկրոզով է մահանալու: Ապոպտոզի գործարկման ներքին և արտաքին ուղիներ. սխալները վերաբերում էին, օրինակ, աճի գործոնի դեֆիցիտին, ևս մի անգամ ընթերցեք համապատասխան նյութը:
Ազդանշանի միմիկրիայի օրինակ է Գրեյվսի, կամ նույնն է բազեդովյան, հիվանդությունը: ԹՏՀ-ի ընկալչի դեմ արտադրված աուտոհակամարինները նմանակում են ԹՏՀ-ի ազդեցությունը վահանագեղձի վրա` խթանելով թիրեոիդ հորմոնների արտադրությունը և գեղձի հիպերպլազիան: Բնականաբար, հետադարձ բացասական կապով ԹՏՀ-ի արտադրությունը հիպոֆիզի կողմից ընկճվում է: Ազդանշանի միմիկրիայի ևս մի օրինակ է ծանր միասթենիան, երբ Nm խոլինոընկալիչների հանդեպ արտադրված հակամարմինները կապվում են այդ ընկալիչների հետ` նմանակելով ացետիլխոլինին, սակայն այս դեպքում ընկալիչը ոչ թե դրդվում է, այլ պաշարվում, առաջանում է մկանային թուլություն:

Սթրես`էներգետիկ ռեսուրսների վերաբաշխումը սթրես-ռեակցիայի առաջին շրջանում կատարվում է ի օգուտ ադապտացիայի համար կարևոր օրգանների, որոնք մի կողմից ինսուլին-անկախ են (նյարդային հյուսվածք, աչք, էրիթրոցիտներ, մակերիկամներ), իսկ ինսուլինի ձերբազատումը սթրեսի պայմաններում ընկճված է, մյուս կողմից նրանց արտերիոլները ադրենալինի ձերբազատմանն ի պատասխան լայնանում են (սիրտ, ուղեղ, լյարդ):
Ուշադրություն դարձրեք գլյուկոկորտիկոիդների տևական գերարտադրության հետևանքներին, ինչպես նաև պոստտրավմատիկ սթրես համախտանիշի պաթոգենեզին:

Միկրոցիրկուլյացիայի խանգարումներ. ուշադրություն դարձրեք էմբոլիայի դասակարգմանն ըստ էմբոլի շարժման ուղղության: Պարադոքսալ է կոչվում այն էմբոլիան, երբ մեծ շրջանառության երակից պոկված թրոմբը առաջացնում է խցանում մեծ շրջանառության զարկերակում` շրջանցելով թոքային շրջանառությունը, օրինակ, բաց օվալ պատուհանի միջով աջ նախասրտից ձախ նախասիրտ անցնելով: Ինչ վերաբերում է սիմպատիկ նյարդերի հատմանը, կախված այն բանից, թե տվյալ օրգանի արտերիոլները հարուստ են ալֆա1 թե բետա2 ադրենաընկալիչներով, հետևանքը կլինի համապատասխանաբար անոթալայնացում կամ նեղացում:
Հիպօքսիա թեմայի սխալների զգալի մասը վերաբերում է արյան գազային կազմի ցուցանիշներին հիպօքսիայի տարբեր տեսակների դեպքում: Այսպես, paO2 -ը ցույց է տալիս միայն լուծված թթվածնի քանակը, հեմիկ հիպօքսիայի դեպքում այն չի նվազում, նվազում է թթվածնային տարողությունը` կապված թթվածնի նվազման հաշվին: Երակային գերարյունության դեպքում նվազում է pvO2 -ը, ուստի զարկերակ-երակային տարբերությունը ըստ թթվածնի մեծանում է: Հյուսվածքային հիպօքսիայի դեպքում pvO2 -ը բարձրացած է, քանի որ թթվածինը հյուսվածքների կողմից չի յուրացվում, բացառություն է հանդիսանում օքսիդացիոն ֆոսֆորիլացման փեղեքիչների ազդեցությունը, երբ շնչական շղթան գործում է, թթվածինը ծախսվում է, սակայն ԱԵֆ չի արտադրվում փեղեքիչի կողմից թաղանթային պոտենցիալը չեզոքացնելու հետևանքով: Բջջում խթանվում է օքսիդացումը, մեծանում է սննդանյութերի և թթվածնի ծախսը (pvO2 -ը նվազում է), սակայն էներգոդեֆիցիտը չի շտկվում:
Շնչուղիների օբստրուկցիայի դեպքում զարգանում է ալվեոլային թերօդահարություն, դրա հետևանքով զարկերակային արյան գազային կազմը մոտենում է երակային արյան գազային կազմին, այսինքն paO2 -ը ↓, paCO2 -ը↑:

Արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցության վերաբերյալ սխալները բազմազան էին, համապատասխան գլուխը կարդալիս ուշադրություն դարձրեք հիպո- և հիպերբարիայի պայմաններում զարգացող հարմարվողական-պաշտպանողական և ախտաբանական տեղաշարժերին, էլեկտրական հարվածի ընդհանուր և տեղային դրսևորումներին, սուր ճառագայթման հետևանքներին, այդ թվում բջջի միտոտիկ և ինտերֆազային մահվան զարգացման մեխանիզմներին:

Շնորհակալություն Սիրանուշ Գառնիկովնա մանրամասն վերլուծության համար:

mistake review

Previous post Next post
Up