Չմոռացված մեխանիզմը

Nov 28, 2021 00:53

Մի քսան տարի առաջ շատ էր խոսվում իդիոտիպ-հակաիդիոտիպ փոխհարաբերությունների մասին: Վերջերս գրեթե մոռացել էինք այդ մասին: Ահա հիմա հիշեցին:
Կարճ ես էլ հիշեցնեմ: Որևէ պաթոգենի հանդեպ առաջացած հակամարմինների Fab ֆրագմենտները ևս ունիկալ նոր սպիտակուցային հաջորդականություններ են, որոնց հանդեպ իմուն տոլերանտություն չունենք: Ուստի դրանց հանդեպ ևս կարող են գոյանալ հակամարմիններ: Այ հենց դրանք էլ համարվում են հակաիդիոտիպային հակամարմիններ: Համարվում է, որ դրանք կապվելով այն ելքային (իդիոտիպային) հակամարմինների հետ, առաջացնում են իմուն կոմպլեքսներ, որոնք հեռացվում են մակրոֆագերի կողմից: Պատմությունը հիշեցնում է Շեկլիի հանճարեղ պատմվածքը:


Չշփոթելու համար իդիոտիպային հակամարմինները անվանենք Ab1, հակաիդիոտիպայինները՝ Ab2: Չմոռանանք նաև, որ Ab2 հակամարմինների համար գոնե մի 10 օր պետք է, ուստի դրանք չեն խանգարում նորմալ ադապտիվ իմունիտետի գործունեությանը, քանի դեռ Ab1-երը պայքարում էին պաթոգենի դեմ: Այդպիսով, եթե բուն իմուն պատասխանը փոքր-ինչ ավելցուկային էր, ապա այս մեխանիզմը կօգնի մաքրել օրգանիզմը ավելորդ իմունագլոբուլինային ֆրակցիայից: Ապահովության համար, ըստ երևույթին, մենք ձևավորում ենք հիշողության բջիջներ, այլ ոչ թե հույսը դնում ենք հակամարմինների տևական շրջանառության վրա:
Կովիդի ծանր ընթացքի դեպքում մենք առանց այս անտիիոդիոտիպային պատմությունների էլ ականատեսն էինք ոչ այնքան բուն վիրուսի ավերիչ ազդեցությունների, որքան մարդու օրգանիզմի ավելցուկային պատասխանի՝ այդ թվում թրոմբոզի հակումը և ցիտոկինային փոթորիկը: Փաստորեն մեր հակաիդիոտիպային պաշտպանությունը կարող է կրկին վնասող լինել՝ չէ որ դեպքերի գոնե մի մասում վիրուսի փշիկային S սպիտակուցի հանդեպ առաջացած հակամարմինների նկատմամբ ստեղծված Ab2 հակամարմինների պարատոպերը (անտիգեն կապող հատվածները) վիրուսի փշիկին շատ նման են: Ուստի նրանք ևս կարող են կապվել ACE2 ընկալիչներին՝ թողնելով երկրորդ տիպի գերզգայունության ռեակցիաներին բնորոշ էֆեկտները՝ բորբոքում և վնասում, խթանում (ինչպես Գրեյվսի դեպքում) կամ էլ ընկճում (ինչպես միասթենիա գրավիսի դեպքում):
Կարող է արդյոք սա ընկած լինել երկար Կովիդի մեխանիզմների հիմքում թե ոչ՝ դժվար է ասել, գուցե դեռ կպարզվի:
Գլխավոր սկզբնաղբյուրը՝ Murphy WJ, Longo DL. A Possible Role for Anti-idiotype Antibodies in SARS-CoV-2 Infection and Vaccination. N Engl J Med. 2021 Nov 24. doi: 10.1056/NEJMcibr2113694.

immune, nejm, covid

Previous post Next post
Up