Oct 25, 2012 17:18
ԱՄՆ քաղաքական մշակույթում
Ավարտվեց ԱՄՆ նախագահի թեկնածուների երեք բանավեճերից բաղկացած շարքը: Այն արդեն իսկ քննարկվել է բազմաթիվ վերլուծաբանների, մեկնաբանների ու քաղաքագետների կողմից: Ընդհանուր կարծիք է, որ գործող նախագահ Բարաք Օբաման հաղթեց իր հանրապետական հակառակորդ Միթ Ռոմնիին երկու եզրափակիչ բանավեճերում, հաստատելով գլխավոր հավակնորդի իր կոչումը:
Շատ հաճախ բանավեճում առավելության հասած թեկնածուն հետագայում հաղթում է նաեւ ընտրություններում: Ընդհանրապես, նախընտրական որոշիչ բանավեճը չափազանց կարեւոր խորհուրդ ունի նաեւ ԱՄՆ-ի քաղաքական առասպելաբանության համար: Երկիրը իր ամբողջ քաղաքական պատկերագրությունը վերցրել է Հին Հռոմից՝ Կապիտոլիումը, Սենատը եւ այլ ատրիբուտները ու խորհրդանիշերը: Բնականաբար, չպետք է մոռացվեր նաեւ հռոմեական ամենասիրված զբաղմունքներից մեկը՝ հռետորությունը:
Ք.Ա. I դարում, Ցիցերոնի ժամանակաշրջանում, հռետորական արվեստը Հռոմեական հանրապետությունում հասել էր իր զարգացման ու փառքի գագաթնակետին: Հենց Հռոմում մշակվեցին նաեւ հռետորական արվեստի կանոնները: Դրանց համաձայն յուրաքանչյուր արտասանվող հրետոռական ճառի համար վերջնական նպատակ պետք է լիներ հետեւյալը. docere՝ սովորեցնել, հաղորդել, movere՝ դրդել, կրքեր արթնացնել եւ delectare՝ զվարճացնել, հաճույք պատճառել:
ԱՄՆ նախագահական բանավեճերը այս երեք պահանջին էին համապատասխանում էին: Երեք բանավեճերում էլ կար պայքար, կրքեր եւ հետաքրքիր լուծումներ:
Իհարկե, յուրաքանչյուր թեկնածուի հետեւում ուժեղ թիմեր են կանգնած եւ բանավեճի ընթացքում բարձրացվող բոլոր թեմաները մանրակրկտորեն մշակվում է եւ պատրաստվում են: Թեկնածուները ստանում են նախորոք նախապատրաստված փաստերի, հակառակորդի դեմ ուղղված հակափաստարկների, եւ նույնիսկ խայտոցների ու կատակների մի ամբողջություն: Սակայն, նույնիսկ այս դեպքում բանավեճը երկու անհատականությունների մենամարտ է:
Քեթլին Ջեյմիսոնը եւ Դեյվիդ Բերդսելը իրենց «Նախագահական բանավեճ. Տեղեկացված ընրազանգվածի ստեղծման մարտահրավերը» /Kathleen Jamieson, David Birdsell, Presidential Debates: The Challenge of Creating An Informed Electorate/ գրքում հստակ նշում են այն բոլոր գործառույթները, որ իրականացնում են հեռուստաբանավեճերը:
ա/ բանավեճերը հնարավորություն են տալիս ընտրողներին որոշակի տպավորություն ստանալ այն մասին, թե ինչպես են թեկնածուները գնահատում ստեղծված իրավիճակը եւ ինչպես են մտադրված գործելու նախագահ դառնալու դեպքում:
բ/ բանավեճերը թույլ են տալիս գնահատել քաղաքական գործիչների խառնվածքը, գիտելիքները, հաղորդակցական կարողությունները եւ անձնական որակները:
գ/ բանավեճերն ավելացնում են հետաքրքրությունն ընտրական գործընթացի նկատմամբ եւ ապաքաղաքական ընտրողների մի մասին մղում ի վերջո ընտրություն կատարել եւ գալ ընտրական տեղամասեր:
Գոյություն ունի նաեւ չկողմորոշված ընտրողների «ձայների սառեցման» տեսությունը: Չկողմնորոշվածները սպասում են հեռուստաբանավեճին վերջնական որոշում կայացնելու համար: Հենց այս պատճառով բանավեճի մասնակիցները հիմնականում դիմում են այս չկողմնորոշված ընտրողներին եւ խուսափում հեռուստաբանավեճի ժամանակ գաղափարախոսական այն լոզունգներից, որոնք առատորեն օգտագործվում են հավատարիմ դեմոկրատների կամ հանրապետականների հետ հանդիպումների ժամանակ:
Սակայն, իրականում, հեռուստաբանավեճերը կարող են բախտորոշ լինել միայն այն դեպքում, երբ երկու թեկնածուների վարկանիշերը գրեթե հավասար են կամ շատ մոտ: Ընդ որում, մեկ սխալ խոսքն այդ ժամանակ կարող է ճակատագրական դառնալ: Օրինակ, 1976 թ. գործող նախագահ Ջերալդ Ֆորդը սխալ կառուցեց իր խոսքը եւ ստացվեց «Արեւելյան Եվրոպայում խորհրդային գերիշխանություն չկա»: Ինքը, Ֆորդը հետագայում պատմում է, որ բանավեճի թոհուբոհում չի էլ նկատել իր կողմից թույլ տված սխալ արտահայտությունը, սակայն հեռուստադիտողի աչքերում այն դարձել էր իբրեւ միջազգային իրավիճակի վերաբերյալ վտանգավոր անտեղյակության վկայություն: Ջիմմի Կարտերը հաղթում է ընտրությունները նաեւ Ֆորդի այս լեզվական սայթակման շնորհիվ:
Ամեն դեպքում, հեռուստաբանավեճերը ամերիկյան քաղաքական ավանդույթի անկապտելի մասն են կազմում, իսկ 1960 թ. Ջոն Քեննեդի-Ոիչարդ Նիքսոն չորս «պատմական» բանավեճերից հետո, Գերմանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Իտալիան եւ Ճապոնիան հեռուստաբանավեճերը պարտադիր դարձրեցին պետական բարձրագույն պաշտոնների հավակնորդների համար:
Հայաստանում նման իրադարձություն տեղի է ունեցել մեկ անգամ` 2003 թ., երբ մեկ սենյակում լրագրողների հարցերի շուրջ բանավիճեցին Ռ.Քոչարյանն ու Ս.Դեմիրճյանը: Դրանից առաջ եւ հետո կայացած ընտրությունների ընթացքում, իհարկե անցկացվել են բանավեճեր մի շարք թեկնածուների միջեւ, սակայն գործող նախագահը կամ հիմնական հավակնորդը, որպես կանոն խուսափել է նման ֆորմատում իր ծրագիրը ներկայացնելուց:
Սուրեն Մանուկյան