Միացեք, ստորագրեք, տարածեք
Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանում (ներառյալ Արցախում) և տարածաշրջանում ներկա զարգացումներում հայկական պետականության և հայ ազգի ապագայի համար լրջագույն սպառնալիքներ տեսնելով, հայտնում ենք․ • Նիկոլ Փաշինյանը և իր թիմը չեն ներկայացնում հայկական պետականության և հայ ազգի շահերը, • բռնապետներ և ռազմական հանցագործներ Իլհամ Ալիևի և Էրդողանի հետ Նիկոլ Փաշինյանի ցանկացած համաձայնություն առ ոչինչ է, • ավելին, իրավականորեն առ ոչինչ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի անունից ստորագրած որևէ փաստաթուղթ, որևէ համաձայնություն, եթե այն մշակվում և ընդունվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղիղ ռազմական ագրեսիայի պայմաններում՝ հարձակումների, ներխուժումների, սադրանքների, այնպես էլ ուժի կիրառման սպառնալիքների ներքո։ Մենք պնդում ենք, որ. • Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ • Արցախյան հիմնախնդրի լուծման հիմքում արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքն է, որը միջազգային իրավունքի սկզբունք է։ • Արցախյան հիմնախնդրի որևէ լուծում վերջնական չէ, քանի դեռ Ադրբեջանը չի դեօկուպացրել Արցախից գրաված տարածքները, • Հայաստանի Հանրապետության տարածքով չի կարող անցնել որևէ այլ երկրի ամբողջական կամ մասնակի վերահսկողության տակ գտնվող որևէ «միջանցք» (անկախ այն բանից, թե ինչ անունով այն կներկայացվի հայ հանրությանը)։ • Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ որևէ բանակցային գործընթաց կամ փաստաթուղթ անվավեր է, քանի դեռ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում։ • Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող լինել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային-պետական շահերին ի վնաս և հայոց պահանջատիրությունից հրաժարվելու հաշվին։ Այսպիսով, hանուն.
- Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ներկայի և ապագայի,
- Հայաստանում (ներառյալ Արցախում) և աշխարհի ցանկացած անկյունում ապրող և ծնվող հայ երեխաների,
- Հայաստանի և Արցախի գոյության համար իրենց կյանքը չխնայած բոլոր հերոսների,
և հատկապես
- 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում իրենց կյանքը զոհած մեր հազարավոր եղբայրների ու նրանց սրբազան հիշատակի կոչ ենք անում մեր հայրենակիցներին. • չհամակերպվել մեզ պարտադրվող պարտվողական, կործանարար և ստորացուցիչ օրակարգի հետ, • չլռել, հակահայկական օրակարգերի հանդեպ մեր անհանդուրժողականությունը, մեր անհամաձայնությունն արտահայտել նաև սույն հայտարարությանը միանալով։