Սուրբ Պատարագի և կիսասարկավագների ձեռնադրման արարողություն Մաաստրիխտում
Dec 09, 2024 21:06
Կիրակի՝ 2024թ դեկտեմբեր 8-ը Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցի այցելած մարդկանց հիշողության մեջ երկար կմնա: Հովվական առաքելությամբ կրկին Մաաստրիխտ էր այցելել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը: Նրա իսկ հանդիսապետությամբ տեղի հոգևոր հովիվ Տ․ Աստվածատուր քահանա Սարգսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված նորօրհնեալ սուրբ Մյուռոնով կատարվեց ջրօրհնեքի կարգ։
Օրը յուրահատուկ էր Սուրբ Կարապետ եկեղեցու խորանի սպասավորներ՝ Հովհաննես և Նարեկ Կարապետյանների, Մուրադ Սարգսյանի համար: Պատարագի ավարտին Սրբազան Հայրը` Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը նրանց ձեռնադրեց կիսասարկավագներ։ Պատարագի ու կիսասարկավագների ձեռնադրման այս գեղեցիկ արարողությանը իր ներկայաությամբ պատվեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտոր Բիյագովը: Արարողակարգին ներկա էր Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուս Բազիլիկայի Դեկան Ջոն Դայուզենբերգը։
Տոնական օրվա ջերմ մթնոլորտը շարունակվեց Մաաստրիխտի Անի Հայ Համայնքի սրահում, որտեղ Տիկնանց միությունը կազմակերպել էր համեղ հյուրասիրություն։