ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո). «Ամբողջ հայ ժողովուրդը պետք է զենք կրի, որ անհրաժեշտության դեպքում 15 րոպեում դառնա բանակ եւ մեկնի ռազմաճակատ: Պատերազմը չի ավարտվել, որովհետեւ մենք պայմանագիր չունենք, ընդամենը զինադադար ենք կնքել: 92 թվականի պատերազմական գործողությունների ժամանակ էլ լինում էր, որ օրերով չէին կրակում, բայց դա չէր նշանակում, որ պատերազմն ավարտվեց: Հիմա այդ ժամկետները երկարել են. ժամանակի խնդիր է, կարող է այսօր հարձակվեն, կարող է 10 տարի հետո հարձակվեն: Համարում եմ, որ մենք ազգովի պետք է պատրաստ լինենք: Երբ որ աշխարհազոր լինի, բոլոր տղամարդիկ զենքի տակ լինենք, կասեմ, որ մենք պատրաստ ենք:»
Քաղաքագետ Լևոն Շիրինյան. «Ոչ թե պետք է զինել սահմանային գոտու բնակչությանը, այլ Իսրայելի օրինակով սահմանամերձ գոտում ստեղծել կիբուցներ, որոնք բացի արտադրականից, նաև պաշտպանական միավորումներ են իրենցից ներկայացնում: Այս դեպքում պետությունը ոչ թե պատասխանատվություն կկրի անհատի առաջ, այլ պատասխանատու կլինի այդ համայնքների պահանջների բավարարման առումով՝ գյուղտեխնիկայի և զենքի մատակարարման տեսքով: Բանակը թող իր գործն անի, բայց պետք է ստեղծվեն կիբուցներ, որոնք պետության հովանավորությամբ շատ ավելի համարձակ քայլերի կգնան:»
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան. «Կոչ եմ անում իշխանություններին չշտապել՝ մերժելու սահմանապահ գյուղերին զինելու առաջարկը: Եթե յուրաքանչյուր մարդ ինքնապաշտպանվելու իրավունք ունի, մեր հայրենիքը և նրա յուրաքանչյուր համայնքն ու այնտեղ ապրող հողի մշակն ու ռանչպարն առավել ևս դրա իրավունքը վաստակել են:
Առաջարկում եմ նաև մտածել նորօրյա երկրապահներից ու Արցախում հերոսացած երկրապահներից ջոկատներ ձևավորել՝ սատարելու հայկական բանակին: Ես պատրաստ եմ զենք վերցնել՝ միանալու մեր տղաներին: Պետք չէ հապաղել: Մինչ մենք զբաղված ենք առօրյա հոգսերով, թշնամին նոր որոգայթներ է լարում:
Հորդորում եմ իշխանություններին և ամեն հայ տղամարդու՝ լրջորեն խորհել ու որոշում կայացնել:
Մեր կռիվը դեռ չի ավարտվել:»