Ֆեյսբուքյան էջումս մի փոքր հարցում անցկացրեցի կրթաթոշակների վերաբերյալ ու պարզվեց, որ այն մինչ օրս 5 000 դրամ է: Ինչպես տեսնում եմ համալսարաններում գրեթե ոչինչ չի փոխվել, միայն ուսման վարձերն են դարձել աստղաբաշխական թվեր...
Ամեն պատի տակ խոսում են կրթական ոլորտի բարեփոխումների մասին, սակայն իրականությունն այլ է, ի վնաս դիմորդների ծնողների՝ «բարեփոխվում» են միայն ուսման վարձավճարները: Դրա վառ օրինակը վերջին օրերին աղմուկ ու խնողների մոտ խուճապ առաջացրած նորությունն էր՝ ԵՊՀ-ում ուսման վարձավճարի 100 հազար դրամով ավելանալը:
Վատն այն է, որ տարեցտարի ուսման վարձավճարներն ավելանում են, սակայն կրթաթոշակներն արդեն 15 տարուց ավել չի փոփոխվել, այն մինչ օրս 5 000 դրամ է: Երբ քույրս էր ուսանող, 90-ականների կեսերին, այն ժամանակ կրթաթոշակի 5 000 դրամն արդարացվում էր, քանի որ Հայաստանը գտնվում էր հետպատերազմյան վերականգնողական շրջանում, իսկ հիմա՞...
ԵՊՀ-ի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը «168 ժամին» միանգամից 100 հազար դրամով ուսման վարձավճարներն ավելացնելը պարզաբանել է նման կերպ.
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսանողները շատ ավելին կարող են վճարել, որովհետև դպրոցներ և մանկապարտեզներ կան, որտեղ ուսման վճարը շատ ավելի թանկ է: Եթե մեր ազգաբնակչությունն իր երեխայի, օրինակ, դպրոցի համար կարող է նման վարձ տալ, ապա, կարծում եմ, որ բարձրագույն կրթություն ստանալու համար տարեկան 400 հազար դրամ պետք է կարողանա տալ»:
Իսկ իր այս անհեթեթությունը հիմնավորման համար օրինակ բերել «Այբ» ավագ դպրոցը, որտեղ, տարեկան վարձը 2 մլն 250 հազար դրամ է, «Արեգնազան» կրթահամալիրում՝ ամսական վարձը 450 հազար դրամ, իսկ «Ալմանախ» կրթահամալիրը՝ ամսական 500 հազար դրամ:
Այսքանը կարդալով հարց է առաջանում՝ պարոն Գրիգորյան ինչպիսի՞ ուսումնասիրություններ եք կատարել ուսանողության շրջանում, ինչպե՞ս եք կարողացել հաշվել ուսանողների ծնողների ֆինանսները, միգուցե մեզ էլ ներկայացնեք մեթոդները, որոնցից օգտվել եք, որ այդքան վստահորեն համոզում եք բոլորին, թե ուսանողի ծնողն ավելի շատ կարող է վճարել…
Բաղդադում էլ խուրմա է աճում…
Նման պաշտոն գրավող մարդը չգիտի՞, որ 2-3 դպրոցով ոչինչ չի որոշվում, իսկ շրջաններից եկող դիմորդի, մեկից ավել ուսանող ունեցող ծնոնղներն ինչպե՞ս վճարեն, շրջաններում էլ հո «Այբ», «Արեգնազան» ու «Ալմանախ» չկան... Չնայած կարող ենք անգամ բազում օրինակներ բերել հենց երևանյան դպրոցներից երիտասարդների, որոնք խելացի են, սկայն նրանց ծնողները համապատասխան գումարը չունեն, որ կարողանան ուսման տալ իրենց զավակներին:
Այս ամենի պատճառով է, որ սերունդը գնալով անգրագետ է մեծանում՝ ով փող ունի, նա է գնում համալսարան, իսկ ում երեխան խելք ունի, բայց փող չունի՝ մնում է մայթեզրին...
Չեմ զարմանա, որ մնացած բուհերն էլ օրինակ վերցնեն իրենց գործընկերներից և թանկացնեն ուսման վարձավճարները: Էստեղ են ասել՝ կապրենք, կտեսնենք...