Մարտիրոսի Սբ. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղից հարավ-արևելք, Նզար լեռան մեջ փորված: Ըստ շինարարական արձանագրության` Ամիր Հասան Պռոշյան իշխանի հրամանով XIIIդ. վանքը կառուցել է Մատթեոս վարդապետը (ճարտարապետ` Գրիգորիկ): Գեղարդի վանքից հետո Հայաստանի երկրորդ վիմափոր վանական համալիրն է. բաղկացած է քառակուսի հատակագծով նախագավթից, նրանից արևելք` երդիկից լուսավորվող ժամատնից, որի հարավային պատից մուտք կա դեպի խաչաձև, անկյուններում ավանդատներով կենտրոնագմբեթ եկեղեցին (լուսավորվում է գմբեթի փոքր երդիկից): 1292-ին Մարտիրոսի Սբ. Աստվածածին վանքում Մատթեոս վարդապետն Ավետարան է ընդօրինակել և նկարազարդել, որը բավական արժեքավոր է իր բուսական և կենդանակերպ բարձրարվեստ զարդանկարներով, խորաններով և, հատկապես, ավետարանիչների դիմանկարներով, որոնք աչքի են ընկնում դեմքի և շարժումների իրական ու կենդանի արտահայտությամբ` պատկերված իրենց գրիչ-աշակերտներին թելադրելու պահին: