Կարեն Աղեկյանի նոր նախագիծը`
ՀԱՄԱՏԵՔՍՏ "Որոշ իմաստով «ՀԱՄԱՏԵՔՍՏ» հանդեսը կարելի է համարել «Անիվ» հանդեսի հասարակական-քաղաքական մասի շարունակությունը նոր ձևաչափով, որոշ իմաստով էլ դա բոլորովին նոր նախագիծ է:
Մեր ժամանակներում ազգային խնդիրները պետք է առաջադրել ու քննարկել կոնցեպտուալ և միաժամանակ գործնական կերպով: Պետք է բացահայտել այս խնդիրների ճնշող մեծամասնության քաղաքական էությունը, ցույց տալ, որ քաղաքականը անհնար է հանգեցնել սոցիալականին, տնտեսականին, մշակութայինին, բարոյականին և անհնար է ոչ մի բանով փոխարինել: Մյուս կողմից, ամեն ինչը կարող է քաղաքական չափում ունենալ և որպես կանոն` ունի:
Ազգային, ինքնիշխան, արդար և ուժեղ պետության կերտելու համար կարևոր է առավելագույն լայն հորիզոն տեսնել, չսահմանափակվել միայն ներազգային կյանքի շրջանակներում` չնայած կենսական խնդիրների բազմաքանակությանը: Հաշվի առնելով գլոբալ տրենդները, միաժամանակ կարևոր է նաև առաջնահերթություններն ու գնահատականները ձևակերպել միային ազգային երկարաժամկետ շահերից ելնելով, թույլ չտալ դրսից Հայությանը թելադրել գաղափարական օրակարգ:
Քաղաքականությանն առնչվող անգամ վերացական կամ իդեալիստական մտքերը երբեք լիովին անօգտակար չեն լինում: Դա գործիք է՝ պահանջարկված կամ չպահանջված, հարմար կամ անհարմար, «քարից» մինչև «լազեր», որը մի ուժ կարող է օգտագործել հակառակորդի դեմ` ելնելով իր շահերից: Նախապես չմտածված արարքը չի կարող քաղաքական լինել: Դա վերաբերվում է ոչ միայն մարտավարական կամ ռազմավարական մտածողությանը, այլ նաև արժեքներին, ձևակերպված հավակնություններին, ապագայի կերպարին, որովհետև քաղաքականությունը միշտ ենթադրում է մոբիլիզացիա":