Feb 08, 2014 15:20
-Հայաստանակենտրոնությունը առաջին հերթին ներքին իմաստ ունի: Երկրի ներսում վարվող քաղաքականությունը, որոշումները և ծրագրերը առաջին հերթին պիտի բխեն և հիմնված լինեն Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահերից: Այսպես կոչված մարդու իրավունքներից կես քայլ է մնում մինչև այսպես կոչված ազգի իրավունքները:
-Հավաքական շահերի ձևակերպման կոմպրոմիսը, փոխզիջումը և հանրային համերաշխությունը հաստատվում են ոչ թե որպես նյութական, սոցիալ-տնտեսական խմբային շահերի ինտեգրալ հանրագումար, այլ կոմպրոմիս սոցիալ-տնտեսական շահերի և արժեքների միջև: Նյութականը, արժեքների բացակայության պարագայում, արժեք է դարձնում փողը, Ոսկե Հորթին: Այդ դեպքում Հայաստանակենտրոնության փոխարեն մենք ստանում ենք փողակենտրոնություն, եսակենտրոնություն կամ թայֆակենտրոնություն, և ոչ մի տարբերություն չկա, դա ներսի փողն է, թե դրսի:
-Հայաստանակենտրոնությունը նշանակում է հիմնվել և ապավինել սեփական ուժերին, հասկանալով որ մենք՝ հայերս միայնակ ենք և բարեկամներ չունենք:
-Հայաստանակենտրոնությունը նշանակում է երկրի ներսում ձևերի, կառուցվածքների և քաղաքականության անընդմեջ և նպատակասլաց, գիտակցված փոփոխում և զարգացում ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար և կարծրություն՝ հակառակ Հայաստանը փոփոխելու՝ արտաքին ուժ(եր)ի ազդակների: Դա, այո որոշակի ինքնապաշտպանական ամբարտակ և ֆիլտր է դրսի ազդեցության դեմ:
-Հայաստանակենտրոնությունը նշանակում է պահպանել, ունենալ և զարգացնել երկրի ներսում մշակութային, սոցիալական և տնտեսական առումներով այն ամենն, ինչ կա ժամանակակից աշխարհի կենտրոններում՝ այդ կենտրոնների գավառը չդառնալու և ինքնուրույն կենտրոն լինելու համար: Կեղծ այլընտրանքն է՝ կամ անկախություն, կամ զարգացում թեզը: Չի լինելու անկախություն առանց զարգացման և չի լինելու զարգացում առանց անկախության:
-Հայաստանակենտրոնությունը բացառում է ներքին քաղաքական պայքարում արտաքին ուժեր հրավիրելը և դրանց օգտագործումը ներքին քաղաքական պայքարում:
-Հայաստանակենտրոնությունը բացառում է Հայաստանի կողմնորոշման ընտրության հարցը, այլ միտված է միայն այլընտրանքների պահպանման և ստեղծման:
-Եվ վերջապես, Հայաստանակենտրոնությունը նշանակում է, որ ինքնիշխան, Հայաստանի քաղաքացիների մենաշնորհ ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցներից անկախ և ազատ պետականությունը ազգային ինքնակազմակերպման միակ ձևն է և հայության հարատևման միակ երաշխիքը:
Եվ, այո, դա ի վերջո գաղափարախոսություն է: Անհնար է համոզել մարդկանց հրաժարվել փողի և օտարի հովանավորչության գայթակղությունից, եթե Հայաստանակենտրոնությունը համոզմունք չի:
հայաստանակենտրոնություն,
մենք