Ասենք թե կնձմնձուկ:

Apr 11, 2013 00:01

Ստեփանակերտի շուկան, կեսօր, շոգ: Բարձրահասակ թիկնեղ կինը շուկայի հենց մեջտեղում գրտնակում է լոշերը: Հոնքերը կիտած են, շարժումներն` արագ, բուռն` առատ: Մեծ թասից վերցնում է մանր կտրատած կանաչ զանգվածը, դնում լոշին, խմորը վրա-վրա բերում, թփթփացնում, գցում երկաթե սալին: Մենք չորս հոգով կանգնել ենք մի քիչ հեռու, սպասում ենք: Տղաներից մեկն առաջ եկավ, կանգնեց կնոջ կողքին:

-Կներեք, ի՞նչ եք դնում մեջը, - սկսեց հուշիկ քաղաքավարությամբ:
Կինը մռայլ չափեց, մի բուռ կանաչի դրեց լոշի վրա, շարունակեց գործը:
-Ի՞նչ եք մեջը դնում, - չընկրկեց երիտասարդը:
-Խո՛տ, - շպրտեց կինը ու մեջք արեց:
-Իսկ ի՞նչ խոտ, - մյուս կողմից մոտեցավ տղան:
-Շա՛տ խոտ, - քմծիծաղեց կինը:
-Իսկ ի՞նչ շատ խոտ, - շարունակեց տղան:
Կնոջ ձեռքերը մի պահ կանգ առան: Գրտնակը դրեց ներքը, մի բուռ կանաչի վերցրեց ու խոթեց տղայի քիթը:
-Ասենք թե կնձմնձուկ, իմացա՞ր:

Ծիծաղից ուշաթափվել էինք:
Հիմա ասածս ինչ է... Հենց այդ կնձմնձուկով լոշն ուզեցի, հենց այդ շոգին, հենց այն կարմիր գինով, հենց այն լազուրի տակ...


Արցախ, կարոտ, մենք

Previous post Next post
Up