Միջնեկ հարսի հետ յոլա չգնաց: Մեր մեջ ասած` փոքր հարսի հետ էլ յոլա չգնաց, բայց դա լրիվ այլ ձևաչափի յոլա չգնալ էր: Մեծի հետ էլ կռվում էին ու հաշտվում, բայց դե մեծը թռավ ռուսաստանները, իսկ այ միջնեկը...
Հարսը ծնունդով սկեսուրի հարազատ գյուղից էր: Բայց իրեն այնպես էր պահում, կարծես թե ամենաքիչը Փարիզի արվարձաններում է մեծացել: «Ձեր ճաշերը լավը չեն», - կոպիտ հրում էր ափսեն: «Ձեր հագածն անճաշակ է»` իր ծաղկավոր փայլփլուն փեշերը շտկելով: «Մեր ընտանիքում տենց բան չկա»` շրխկացնում էր իր ննջասենյակի դուռը: Սկեսուրն հա ճպպացնում ու ձեռքը թափ էր տալիս, բայց որ տղայի հայհոյելը դարձավ մի մեծ պատմություն` զոքանչի ու զոքանչի քույրերի ակտիվ ներգրավվածությամբ, չդիմացավ.
«Քա, լի՛րբ, - ձայնը գցեց միջանցքով մեկ, - հի՞նչ հիլավ, որ քրֆին, հենա իմ փեսեն սաղ օր ինձի քրֆում ա, մեռա՞նք»: Հարսը վիրավորվեց ու մի ամբողջ օր հաց չկերավ:
Սկեսուրը մի պատին խփվեց, ծեփվեց մյուս պատին, գնաց հարևանուհու տուն, փուլ եկավ բազկաթոռին ու լացեց:
-Քա, ի՞նչ կըլնի, արի դրան ասա, թող հաց ուտի: Քեզի կլսի, դու իրան դաս ես տվել...
Չօգնեց: Որ իրար միս շատ չուտեն` որոշեց «բաժնել»: Տան կեսը հալալ կիսեց` ստենկայով ու բազկաթոռով, գորգերով ու սերվիզներով: Միջնեկ որդուն էլ ուղարկեց տնփեսա: Հիմա հարսի մոր տանն են ապրում, պառաված ու հիվանդ զոքանչի ու երեխաների հետ: Բայց հարսը... Որ գալիս է հյուր, բոլորին նայում է դառը գոռոզ հայացքով: Անլվա ոտքերը մի տեսակ մեկնում էր, թե` ես ձեր ցեղիցը չեմ: «Տո ջհա՛նդամս», - մտքում ասում է սկեսուրը, բայց հարսի գնալուց հետո էլի գնում է հարևանուհու մոտ` մի քանի չոր թաշկինակ գրպանում:
-Մի նեղվիր, լա՛վ, - ասում է հարևանուհին, - կմեծանա, խելքը տեղը կգա:
-Չէ՛, - հեկեկում է սա, -իմ բախտն իմ խետ ա...
Հարսն հիվանդացավ, ընկավ բժիշկների դռները: Սկեսուրն էլ ճաշ եփեց, էլ գնաց տեսության, էլ ասեց` գամ պահեմ հիվանդանոցում: Հարսը շրթունքները պինդ սեղմեց ու անբարեհամբույր շարժեց թավ հոնքերը` «պետքը չի»: Եփած ճաշը դատարկեց հարսի ճենճոտ կաթսաների մեջ ու բանկաները զրնգացնելով գլխիկոր եկավ տուն: Հարևանուհին սուրճ եփեց ու մտածեց, որ խանութից էն չոր անձեռոցիկներից է պետք առնել, դրանցով արցունք մաքրելն ավելի հիգիենիկ է, քան խեղճի եսիմ որ գրպանում ծվարած, թեկուզ և չոր թաշկինակով:
Հարսին վիրահատեցին: Թոռներին լողացրեց, հարսի տունը մաքրեց, ճաշեր եփեց տեսակ-տեսակ, թոշակից հանեց մի քանի հազար ու գնաց Երևան: Պալատ մտնելիս ականջով ընկավ հարսի զրույցն ինչ-որ մեկի հետ: «Ես սկեսուրիցս ոչ մի լավ բան չեմ տեսել, - հատ-հատ բառերն ընդգծելով` ասում էր սա, - «ես սկեսուր չունեմ»: Արցունքները կուլ տվեց, բերած լիքը բանկաները տեղավորեց, դատարկ բանկաները վերցրեց, փոռ ու փոշման եկավ հասավ իր քաղաք գնացող երթուղայիններին: 50-դրամանոց անձեռոցիկներն էլ ճամփից ինքն առավ` գոնե լացելը կուլտուրական լիներ, թե չէ պատմելուց բերանն ինչ բառ գար, ասելու էր:
-Ոչինչ, - առատ ձեռքով թխվածքները շարեց ափսեի մեջ հարևանուհին, - խելքը ջուր է, չի հասկանում:
Հարսին մի քանի օրից դուրս գրեցին: Վախենում էր տեսության գնալ: «Ինձ հանգիստ է պետք, իմ ներվերը լարված են», - շփփացրել էր սա դուրս գրվելու օրը: Պահը բռնացնում, զանգում էր տղային վաղ առավոտյան, երբ սա գործի էր գնում, հարց ու փորձ անում, գյուղ գնացողի հետ էլ ճաշ-մաշ ուղարկում:
Մի օր առավոտյան զանգ եկավ: Խոսեց, հեռախոսը դրեց ու ծեծեց հարևանուհու դուռը:
-Հը՞, - անհանգստացավ հարևանուհին, - վատ բա՞ն է եղել, դեմքիդ գույն չկա:
-Զանգին... զանգին... զանգին, ասին` մամա, մենք շատ շնորհակալ ենք` էրեկվա տոլման համով էր...