Պիզանելլո. Ջինևրա դ'Էստայի դիմանկարը:

Nov 17, 2012 00:22

Արվեստի ստեղծագործություններն հետաքրքիր ազդեցություն են գործում, երբ պատահաբար տեղեկանում ես, թե ով է նկարել կամ ում է նկարել...

Անտոնիո Պիզանելլո
“Ջինևրա դ'Էստայի դիմանկարը”:





Ջինևրան Մալատեստաների տոհմի ամենանշանավոր ներկայացուցչի` Սիջիզմոնդո Մալատեստայի առաջին կինն էր: Իսկ Պիզանելլոն Ջինևրայի եղբոր` Լեոնելլո դ'Էստայի լավ բարեկամը: Լեոնելլոն տարբերվում էր իր ժամանակների տիրակալներից և իշխաններից: Հանգիստ բնավորություն ուներ, պատվախնդիր էր, արվեստասեր: Երկար ժամանակ կարծում էին, որ այս դիմանկարը Լեոնելլոյի կնոջ` Մարգարիտա Գոնզագայի դիմանկարն է, սակայն նկարում տեղ գտած որոշ մանրամասներ ստիպեցին արվեստագետներին փոխել իրենց կարծիքը:

Այս դիմանկարը ստեղծվել է Ջինևրայի մահից հետո, 1440-ական թթ: Ամունությունից որոշ ժամանակ անց Սիջիզմոնդոն հրամայեց թունավորել կնոջը, որովհետև նա … ամուլ էր: Համենայն դեպս, այս պատճառաբանությունն էր “պաշտոնականը”: Իհարկե, կային շատ ավելի լուրջ և ծանրակշիռ փաստարկներ. Սիջիզմոնդոն քաղաքական մրցակցության մեջ էր աներոջ` Նիկոլո դ'Էստայի հետ, և նույնիսկ կա կարծիք, որ աներոջ մահն էլ նրա ձեռքերի գործն է: Ինչ որ է, Ջինևրան դարձավ քաղաքական և անձնական հաշվարկների զոհը:

Սիջիզմոնդոն Վերածննդի վառ կերպարների շարքում վերջինը չէր: «Ռոմանյայի գայլը», Ռիմինիի, Ֆանոյի և Սենիգալիայի սինյորը, կոնդոտյերն ու 1433-1463 թթ իտալական բոլոր պատերազմների մասնակիցը, Սիջիզմոնդո Մալատեստան Վերածննդի “տիտաններից” մեկն էր: Եվ հիմնականում` բացասական իմաստով:

«Հանցավոր և իր հանցանքներին գազանային ինքնաբավությամբ նվիրված Սիջիզմոնդո Մալատեստան (1417-1467) արդեն 13 տարեկան հասակում զորքի առաջնորդ էր և օժտված էր թե՛մեծ ռազմական տաղանդով, թե՛ անհավատալիորեն դաժան, վայրի և վավաշոտ բնավորությամբ: Նիհար, փոքրիկ կրակոտ աչքերով և արծվաքիթ Սիջիզմոնդոն ի վիճակի էր դիմանալ ցանկացած զրկանքների, միայն թե հասներ իր նպատակին: Պատմաբանները մեղադրում են նրան բազմաթիվ հանցագործությունների, սպանությունների, բռնաբարությունների, արյունապղծության, եկեղեցիների թալանի, ուխտադրժության և այլ հանցանքների մեջ»:

Սիջիզմոնդո Մալատեստան, հեղինակ Պյերո դելլա Ֆրանչեսկա




Սիջիզմոնդոն բարեհաջող կերպով իր դեմ հանեց թե՛ Իտալիայի իշխաններին, թե՛ Հռոմի պապին (ի դեպ, հենց Էնիոս Սիլվիոսի (ապագա Պիուս II պապի) գրչին է պատկանում Սիջիզմոնդոյի կյանքի ամենանողկալի մանրամասների նկարագրությունը), և արդյունքում բանադրանքի ենթարկվեց և կորցրեց իր տիրույթների մեծ մասը:
Միևնույն ժամանակ իր ժամանակների համար շատ կրթված մարդ էր, գիտությունների և արվեստների սիրահար, իր արքունիքում ապրում էին հումանիստներ և բանաստեղծներ, լայնամասշտաբ շինարարություն էր իրականացնում, նրա պատվերով է Լեոն Ալբերտին կառուցել Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներից մեկը` Ռիմինիի Սան Ֆրանչեսկո եկեղեցին: Նաև Մորեայի պատերազմից հետո իր տիրույթներ տեղափոխեց հռչակավոր բյուզանդացի աստվածաբան-նեոպլատոնիկ Գեորգիոս Գեմիստոս Պլիթոնոսի մասունքները: Նույնիսկ փորձում էր բանաստեղծություններ գրել:

Tempio Malatestiano - Ռիմինիի Սան Ֆրանչեսկա տաճարը



Պարադո՞քս: Դարաշրջանի առանձնահատկությու՞ն: Եվ միայն Սիջիզմոնդո Մալատեստան չէր այսպիսին: Այդպիսին էին և դեռ մի բան էլ ավել Չեզարե Բորջիան, Լորենցո Մեդիչին, պապերն ու եպիսկոպոսներն, իշխաններն ու կոնդոտյերները: Ինչպե՞ս ստացվեց, որ Վերածննդի դարաշրջանն իր հումանիստական շեշտադրումներով, մարդու գովերգությամբ, հոյակապ ստեղծագործություններով և գլուխգործոցներով նման դրսևորումներ ունեցավ:

“Ռենեսանսի գեղեցիկ մտածող նեոպլատոնիկ բանստեղծն ու փիլիսոփան, որն անսահման մարդկային էր և անսահման հումանիստ, դժվար թե հասկանար, որ որևէ արյունարբու հանցագործ կամ անամոթ բռնացողը նույնպես իրեն իրավասու էր համարում վարվել այնպես, ինչպես ուզում է, իր վարքից ինքնաբավ բավականություն էր ստանում և դրանով իսկ` պլատոնյան գեղագիտության յուրօրինակ մի ներկայացուցիչ է, որը տարբերվում է իր բովանդակությամբ պալտոնյան Ակադեմիայից, բայց կառուցվածքային առումով լիովին համապատասխանում է նրան: Իսկ կառուցվածքն ամփոփված է օբյեկտիվ նշանակություն ունեցող ամեն ինչից կատարելապես ազատվելու մասին երազող և միմիայն սեփական ներքին կարիքներն ու պահանջմունքները ճանաչող մարդ էակի տարերային-անհատապաշտական կողմորոշման մեջ”:

Ֆեոդալական կարգերը ջարդ ու փշուր անող տիտանների դարաշրջան էր, իսկ տիտանները միայն բարեմասնություններով չէ , որ օժտված են...

Ջինևրան Սիջիզմոնդոյի միակ ընտանեկան զոհը չէր: Նա կսպանի նաև իր երկրորդ կնոջը և շատ քստմնելի ու այլանդակ արարքներ թույլ կտա դուստրերի, որդու և նույնիսկ փեսայի նկատմամբ: Սիջիզմոնդոյի միակ սերն ու երկրպագության առարկան նրա սիրուհին և վերջին կինն էր` Իզոտտա Ատտին, որի հիշատակը նա հավերժացրեց իր հռչակավոր տաճարում:

Իսկ Պիզանելլոն արդեն Ջինևրայի մահից հետո նկարեց նրա դիմանկարը: Կտավի վերին ձախ անկյունում թևածում է թիթեռնիկը` մահվան խորհրդանիշը: Իսկ ամբողջ կտավը ծածկված է ջրընկալի (ակվիլեգիա) և մեխակի ծաղիկներով. մեխակը և ջրընկալը ամուսնության և պտղաբերության, իսկ ջրընկալը նաև մահվան խորհրդանիշն էին: Ջինևրայի ուսին գիհու ճյուղ է փակցված: Գիհին նույնպես իր իմաստն ուներ. արտասանությունը` (իտալ. ginepra) նման էր Ջինևրայի անվանը:

Ցիտատները Ա.Լոսևի "Эстетика Возрождения" գրքից:


renaissance, միջնադար, art, italy, history in art, history, արվեստ

Previous post Next post
Up