Վարագավանք անունով գոյություն ունեին երկու վանքեր` Վերին և Ներքին, որոնք մեծ համբավ ու ժողովրդականություն էին վայելում վասպուրականցիների շրջանում, նույնիսկ ավելի քան Աղթամարը, որովհետև եթե "Աղթամարը ճոխություն, Վարագը ահ ու համակրահք էր":
Վարագավանքերը որդեգրել են Վանից հարավ-արևելք, մոտ 5 կմ հեռավորությամբ սկսվող Վարագ լեռան անունը, որը ձգվելով հյուսիսից հարավ, դառնում է երկճյուղ` գոյացնելով գեղատեսիլ, անուշահամ աղբյուրներով հարուստ մի հովիտ:
Լուսանկարն
այստեղից:
Լեռան բարձրադիր հարավահայաց լանջին տեղավորված էր Վերին Վարագավանքը, իսկ արևմտահայաց ստորոտի հովտում, համեմատաբար հարթ մի տարածքի վրա` Ներքին Վարագավանքը: Վերին Վարագավանքից հիասքանչ տեսարաններ էին բացվում դեպի Վանա լիճը, Սիփան լեռը. իսկ արևելյան` դեպի Վարագա լեռան գագաթները: XIX դարի կեսի դրությամբ Վերին Վարագավանքը կիսավեր էր:
Ներքին Վարագավանքից ևս (թեև այն Վերինի համեմատությամբ ավելի ցածր էր) գեղատեսիլ պատկեր է բացվում դեպի լիճը, Սիփանը, Վանի բերդն ու Այգեստանները:
Վարագավանքի հիմնադրումը կապված է Գրիգոր Լուսավորչի շինարարական գործունեության և հռիփսիմյան կույսերի մասին ավանդության հետ: Այստեղ, Ահևական գյուղից վերև, Վահեավահունի կոչված մեհյանների տեղում, Գրիգոր Լուսավորիչը կառուցել է տվել Սբ.Հռիփսիմե եկեղեցին (Թովմա Արծրունի, III:ԺԸ):
Հետագա կառուցումները կապված են Գագիկ Արծրունու կնոջ` Մլքե թագուհու (Սմբատ Բագրատունու, ըստ մեկ այլ աղբյուրի` Սմբատի եղբայր Շապուհ Բագրատունու դստեր) և Սենեքերիմ Արծրունու կնոջ Խուշուշ թագուհու (Գագիկ Ա Բագրատունու դստեր) անունների հետ: Առաջինը վկայված է Մլքե թագուհու Ավետարանի 922 թվակիր ընծայագրում, իսկ երկրորդը` ինչպես Խուշուշ թագուհու 981 թվագիր արձանագրությամբ, այնպես էլ Թովմա Արծրունու հաղորդումով:
Ներքին Վարագավանքի համալիրը բաղկացած էր երկու շարքով տեղադրված եկեղեցական յոթ շենքերից: Արևելյան շարքում հյուսիսից հարավ միմյանց հաջորդում են Սբ.Նշան (որի անունով ամբողջ վանքն էր կոչվում), Սբ.Աստվածածաին, Սբ.Հովհաննես և Սբ.Սոփիա եկեղեցիները, իսկ արևմտյան շարքում` Սբ.Խաչը, Սբ.Գևորգը և Սբ.Սիոնը, որոնք ավելի շուտ ժամատներ էին, քան եկեղեցիներ:
Ուղղանկայուն ընդարձակ վանքատարածությունը շրջապատված էր հողաշեն բարձր պարիսպներով, որոնց պարագծով ձգվում էին վանքապատկան երկհարկանի բազմաբովանդակ (առաջնորդարան, ուսումնարան, բնակարաններ և այլն) շենքը` պարիսպների հետ միասին` կառուցված XVIII դարի վերջին, XIX դարի սկզբին:
Հիշատակվածներից Սբ.Աստվածածաինը որոշակի թվագրված է. կառուցվել է X դարի սկզբին Մլքե թագուհու պատվերով: Ընծայագրում նշված է. "...ետու զաւետարանս ("Մլքե թագուհու Ավետարանի" մասին է խոսքը) ի Վարագի ս.Աստուածածինս, զոր իմ ձեռամբ եւ ծախեաիք եմ շինել...": Իր հատակագծային հորինվածքով այն պատկանում է Ավանի տաճարի տիպին, որոշ շեղումներով նախօրինակից: Այստեղ չորս ավանդատները ոչ կլոր, այլ քառակուսի էին, ըստ որում արևմտյան զույգ ավանդատների մուտքերը 3/4 որմնախորշերում փակված էին, փոխարենը բացելով միջանցքավոր մուտքեր արևմտյան աբսիդի մեջ:
Անթվագիր Սբ.Նշան եկեղեցին (որ հավանաբար նույն կամ հաջորդ դարում) հյուսիսային կողմից կցակառուցվել է Սբ.Աստվածածին եկեղեցուն, իր հատակագծային և ծավալատարածական հորինվածքով նման է վաղ միջնադարյան, գմբեթապսակ (ինչպես Զովունու եկեղեցին) միանավ դահլիճներին: Ավագ խորանի հարավակողմում ամփոփված է միակ ավանդատունը, իսկ արևմտյան կողմում ավանդատների փոխարեն կամարակապ խորշեր էին: Եկեղեցու երբեմնի արևմտյան մուտքը փակվել է Սբ.Խաչ եկեղեցու կառուցման հետևանքով, ու այդ կապակցությամբ նոր մուտք է բացված Սբ.Աստվածածին եկեղեցու հյուսիս-արևմտյան ավանդատնից:
Սբ.Գևորգ 4 սյունանոց ժամատունը, կառուցված Սբ.Աստվածածաին եկեղեցու արևմտյան կողմից, Ներքին Վարագավանքի կարևոր հուշարձաններից է: Այն հանգամանքը, որ նրա հատակում թաղված են եղել Սենեքերիմ Արծրունի թագավորը (վախճ. 1029թ.) և նրա կին Խուշուշը (վախճ.1022 թ.) անվիճելի է դարձնում ժամատան առնվազն XI դարի սկզբին կառուցված լինելը: Իսկ այս հանգամանքը իրավունք է տալիս կարծելու, որ հայկական 4 սյունանի գլխատան ձևերը 4 սյունանի գավիթ-ժամատների հորինվածքում վերարտադրելու տեսակետից սա նախորդում է Հոռոմոսի վանքի Սբ.Հովհաննես եկեղեցու ժամատանը (1038 թ.)"*:
Ժամատունը XIX դ. օգտագործվել է որպես եկեղեցի, որի պատճառով կոչվել Է Ս. Գևորգ։ Շինված. է սրբատաշ քարից, ունի քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք, որոնց և ութ որմնամայթերի միջև ձգվող սլաքաձև կամարները ինտերիերը բաժանում են ինը հավասար հատվածի։ Նրանցից կենտրոնականի վրա բարձրացել է ութանիստ թմբուկով գմբեթը, իսկ մյուսները ծածկված են ստալակտիտավոր առագաստներով ցածր գմբեթներով։ Արևմտյան և արևելյան (դեպի Ս. Նշան եկեղեցին բացվող) դռներն ունեն զարդաքանդակներով ճոխ շքամուտքեր՝ ներկված վառ գույներով։ Գավթի որմնամույթերը ծածկված են Աբգար թագավորին, Թեոդոս կայսրին, Գայանեին, Գաբրիել հրեշտակապետին, վանքի վանահայր Կիրակոս վարդապետին պատկերող XVII դ. որմնանկարներով։ Գավթին արևմուտքից կից է եռակամար բաց նախասրահը (XVII դ.), հյուսիսից՝ Ս. Խաչ միանավ թաղածածկ եկեղեցին (հիմնովին վերակառուցվել է 1817-ին), իսկ հարավից՝ Ս. Սիոն եկեղեցին (XVII դ.), որը 1849-ին վերաշինվել է ցորենի շտեմարանի։ Որպես Ս. Խաչ և Ս. Սիոն եկեղեցիների արևմտյան մուտքերի բարավոր օգտագործվել են սեպագիր արձանագրություններով ուրարտական կոթողներ (այս պարբերությունը
"Վարագավանք" հոդվածից`
History of Armenia կայքից)։
1856 թվականին Վարագա վանքի վանահայրությունը ստանձնել է Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): Վարագավանքում Խրիմյանը մնացել է մինչև 1862 թվականը, երբ տեղափոխվել է
Մշո Սբ.Կարապետ: 1857 թ-ին հիմնադրել է Վարագավանքի հոգևոր ժառանգավորաց վարժարանը, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:
Վարագավանքի վարժարանը եղել Է նոր տիպի դպրոց. Վանում առաջինը այստեղ են աշակերտներին տրամադրվել սեղաններ, գրատախտակ, քարտեզներ ու բնագիտական նկարներ, վերացվել էր մարմնական պատիժը, արմատավորվել Էին ժամանակի մանկավարժության առաջավոր ձևերն ու մեթոդները։ Դասավանդել են արտասահմանում կրթված մտավորականներ Մ. Արտամետցյանը, Մ. Փափազյանը, Մ. Գալպակչյանը, Մ. Ռուբենյանը, Ն. Փիրղալամյանը և ուրիշներ։ Ծրագրային առարկաներ են եղել սրբազան պատմությունը, աստվածաբանությունը, եկեղեցական երաժշտությունը, ճարտասանությունը, քերականությունը, աշխարհագրությունը, ազգային պատմությունը ևն։ Վասպուրականում առաջին անգամ այստեղ է դասավանդվել հայրենագիտություն առարկան, որի նպատակն էր նաև հետազոտել հայրենի բնությունը, պատմական հուշարձաններն ու բանահյուսությունը։ Այդ հետազոտությունների արդյունքներն ընդհանրացվել են առարկայի ուսուցիչ Խ. Խրիմյանի 1883-ին հրատարակված «Հայրենագիտություն» 3 մասից բաղկացած գրքում։ 1862-ին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները։ Ժառանգավորացն ունեցել է գրադարան, թանգարան, տպարան, որտեղ տպագրվել է նաև «Արծվի Վասպուրական»-ը (մանրամասն`
History of Armenia կայքում`
Վարագավանքի դպրոցը ):
Այսպիսին է Վարագավանքն այսօր:
այստեղից Click to view
*Ըստ Վարազդատ Հարությունյանի "Հայկական ճարտարապետության պատմություն" աշխատության, Երևան, 1992, էջ` 225-227:
Գրականություն.
Վարազդատ Հարությունյան "Հայկական ճարտարապետության պատմություն", Երևան, 1992:
Երվանդ Լալայան "Վասպուրականի վանքերը", առանձնատիպ "Ազգագրական հանդեսից", Թիֆլիս, 1912:
Հ.Ոսկեան, "Վասպուրական-Վանի վանքերը", Վիեննա, 1940:
Թովմա Արծրունի և Անանուն, "Պատմություն Արծրունյաց տան", Երևան, 1978, 1985: