Ք.ա. 111 թվականին հռոմեական սենատը պետք է քննարկեր Նումիդիայի թագավոր
Յուգուրթայի հետ կնքված խաղաղության պայմանագրի հարցը: Յուգուրթան նախ սպանել էր գահաժառանգության մյուս թեկնածուին, հետո կաշառք տվել հռոմեական պաշտոնյաներին ու բաժանել Նումիդիան երկու մասի՝ հարուստ ու ծաղկուն շրջանն իրեն վերցնելով, հետո աչք տնկել մյուս մասի վրա, պատերազմ սկսել հռոմեացիների դեմ, այս անգամ կաշառել կոնսուլ Լուցիուս Բեստիային ու խաղաղության պայմանագիր կնքել:
Երբ սենատը քննում էր այս հարցը, Յուգուրթան կարողացավ կաշառել մեկ այլ ժողովրդական տրիբունի, որը կասեցրեց հետաքննությունը, և Յուգուրթան հեռացավ Նումիդիա՝ "Ծախված քաղաք, քեզ ամբողջությամբ կարելի է գնել, եթե հարմար գնորդ գտնվի" արտահայտությունը շփացնելով հռոմեացիների ճակատին:
******
Մի երկու տարի առաջ էր,
ամուսինն ու սկեսուրը ծեծելով հարսին սպանել էին: Ու հոխորտում էին, որ "գեներալ" ունեն մեջքներին, իրենց հետ զգույշ խոսեն:
Մի ամիս առաջ երթուղայինի վարորդին իր իսկ ընկերները ծեծելով սպանեցին: Ջահել վարորդն իբր թե վարորդների մեջ ընդունված ներքին օրենքներին չէր ենթարկվել. մեքենան դանդաղ էր քշել, թե գծի հերթն էր խախտել, թե կանգնել մյուս վարորդի ուղևորին էր վերցրել: Իր իսկ ընկերները գազանաբար ծեծել սպանել էին:
"Հարսնաքար"-ում դաժան ծեծով սպանեցին Վահե Ավետյանին:
Հունիսի 26-ի երեկոյան երեք ոստիկաններ
մոմ գնելու հարցի շուրջ վիճաբանել են պահակի հետ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, ձեռքերով հարվածներ տեղացել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ի՞նչ է կատարվում:
Տականքներ, մարդասապաններ, հոգեկան հիվանդներ, բութ հայացքներով հաստավիզ անասուններ եղել են և կան բոլոր պետություններում և բոլոր դարաշրջաններում: Ավելին ասեմ, այդ նույն հաստավիզ անասունը կարող է քնած թմրած լինել արտաքուստ շատ համակրելի և ժպտերես մեկի մեջ, մինչև մի Ստենֆորդյան փորձ՝ իշխանություն /պաշտոն/ փող, նրան չարթնացնի:
Բոլոր հասարակություններում կան, բայց իրենց ակտիվացման ու զսպման մեխանիզմներն են տարբեր: Ըստ պետության առկայության կամ ... բացակայության: Ժեգլովի ասած՝ "правопорядок в стране определяется не наличием воров, а умением властей их обезвреживать".
Լավ, էդ ի՞նչ եղավ Հայաստանում, որ հարյուր դրամի համար վարորդին ծեծելով սպանեցին, կամ ռեստորանի հաճախորդների վրա հարձակվեցին գայլային ոհմակով, կամ որոշեցին պահակին ծեծել մոմի համար... Սա ի՞նչ նոր իրականություն է:
Սակայն... ի՞նչ նոր: Վերջին քսան տարիների ընթացքում հասարակությունը ենթարկվում էր շարունակական բթացման ու գազանացման: Քրեական բարքերն ու ապրելակերպը բոլորի աչքի առջև են և անընդհատ. կյանքում, մամուլում, հեռուստատեսությամբ: Չի կարելի տարիներով անպատժելիության լուռ ականատես լինել կամ անասուն մի սերիալ նայել, որտեղ բոլորի բոլորին սպանում են, խոշտանգում, սպանում, մորթում, և հետո ծագած կոնֆլիկտը լուծել ժպտալով ու հանգիստ:
Վերջին հաշվով, երբ հարևան հարուստ կամ պաշտոնով ստահակն անպատժելի է, և այդ անպատժելիության մեխանիզմը բաց "դոստուպով" է բոլորի համար, ապա շարքային երթուղայինի վարորդը ու կապերը կտրած սկեսուրը/ ամուսինը/ աշակերտը չեն կարող ՉՎԱՐԱԿՎԵԼ այլանդակության այդ բացիլներով:
Եթե իմ շահը պահանջում է հաստատել իմ տնտեսական մենիշխանությունը, գների պարահանդես սարքել, անդամահատել անտառը, գնել քաղաքի հենց այս հատվածը, քանդել ճարտարապետական հուշարձանը, բզկտել արձանը, տեղավորել իմ բութ ու ապաշնորհ լակոտին, բարեկամիս, ծանոթիս, ուրեմն, ես դա անում եմ: Իսկ եթե որևէ մեկը փորձի հակառակվել, կստիպեմ: Հեչ որ տարբերակ չմնա, կաշառքը կա ու կա՝ ընտրա-, դասա-, գործա-, բժշկա- (բա հո ձեր գժին ձրի չենք վերցնելու հոգեբուժարան): "Կուառնիմ, Եփեմիա ջան": Ձայները, հողերը, մարդկանց:
Կուառնիմ ու կուառնվիմ:
Դե մնացածն էլ մի կերպ կապրեն, էլի: Ոնց չլինի, մի ծանոթ "գեներալ"/ նախարար/ պաշտոնյա կգտնվի, փոքր ածու ենք:
Ու թքած, որ ձեռի հետ կործանվում է մի բան, որի գոյության մասին սերունդներ են երազել: Որի բացակայության ծանր հետևանքները ծանր ախտի պես նստած են մեր մարմինների ու արյան մեջ: Թքած, որ բթացնում ենք, գազանացնում, քամում, փշրում, քամուն տալիս սերունդների բերած հասցրածը: ԹՔԱԾ:
Պետությունն իմ Carpe diem-ի մեջ չի տեղավորվում, թող կորչի գնա:
******
"Նումիդիական հարցը" վերջնական հանգուցալուծման հասավ երեք քաղաքական և ռազմական գործիչների շնորհիվ՝ Մետելլոսի, Գայոս Մարիոսի և Սուլլայի: Գայոս Մարիոսը դեռևս 130-ական թթ հասկացել էր, որ պետք է սահմանափակել հարուստների հնարավորությունները և ազատ և անկաշառ ընտրություններ ապահովել: Հետագայում նրան հաջողվեց արմատական ռազմական բարեփոխումներ անցկացնել և ստեղծել մասնագիտացված ու հզոր բանակ:
Եվ, ի պատիվ հռոմեացիների, նրանք կարողացան դուրս քաշել պետական համակարգը կաշառակերության այդ անդունդից: Ք.ա. 105 թվականին գերված Յուգուրթան փակվեց Հռոմի Մամերտինյան բանտում, որտեղ էլ սովամահ եղավ:
Իսկ Հռոմի առջև բացվեցին աշխարհաքաղաքական նոր հորիզոններ. հռոմեական բանակը պատրաստ էր իր գերակայության տակ առնել օյկումենայի մի զգալի հատվածը:
Հռոմեացիներն ընդհանրապես կարողանում էին պատմությունից դասեր քաղել: