Ինձ կրնկակոխ արեք, նոր փախեք

Sep 20, 2011 12:51

Սարդարապատի հերոսամարտի օրերին, երբ թուրքերն արդեն գրավել էին Սարդարապատ գյուղը և վիճակը գնալով օրհասակն է դառնում, Արամ Մանուկյանը մեկնում է Էջւմիածին, որպեսզի Հայոց կաթողիկոս Տ. Գևորգ Ե Տփղիսեցի Սուրենյանցին համոզի ժամանակավորապես Մայր Աթոռից հեռանալ Սեւան:
“Ոչ, տղերքս, Հայոց կաթողիկոսը նահանջողը չէ: Ասացեք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Սուրբ Էջմիածինը: Եթե մեր զինվորները նրան չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պետք է գտնեն Ս. Իջման վայրում”, - պատասխանել է կաթողիկոսը:

Եվ ավելին. նախադեպը չունեցող հրաման է արձակվել. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Կազմավորվել է միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ: Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով հնչեցվել են եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սևան: Կամավորներին առաջնորդել են հայտնի հայագետ տեր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Եզնիկ եւ Թադևոս վարդապետները, Էրզրումի հոգևոր առաջնորդ Զավեն Բաբայանը, Գրամփա գյուղի քահանա Հովհաննես Տեր-Մկրտչյանը: Սարդարապատի մարտերին մասնակցել են Կոտայքի Թազագյուղի ծխատեր Զաքար քահանա Տեր-Հարությունյանն իր 250-հոգանոց ջոկատով:Իսկ Բաշ Ապարանի հերոսամարտին մասնակցել են Հովհաննես քահանա Տեր-Մինասյանի և Տաճատ քահանայի զինված խմբերը:Այդ ժամանակ Ղարաքիլիսայում կուտակված մեծ թվով փախստական հայերի կարիքներն են հոգացել Մ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը և Ա եպս Սմբատյանը (այստեղից):

Ոգեշնչող և սթափեցնող ելույթ Սարդարապատում ունեցել է Կիլիկիայի ապագա կաթողիկոս Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, որն այդ ժամանակ ճեմարանի տեսուչ էր, Վեհափառի հանձնարարությամբ գնացել էր Սարդարապատ: Նրա ազդեցիկ խոսքերն ու արտասվելը ազդել են ընկճված ու հուսահատ զինվորների վրա

-Հայ ժողովուրդը օրհասական կռիվներ շատ է ունեցել եւ միշտ ելք է գտել ու փրկել իրեն: Ելքը եղել է անձնազոհ հերոսությունը... Հետ նայեցեք, մեզ մնացել են Երեւանն ու Էջմիածինը... Եթե հերոսության չդիմենք, ամեն ինչ կորչելու է իսպառ, այլեւս չի լինի ոչ հայ, ոչ հայի հայրենիք...

Ոչ մի արձագանք, ոչ մի փոփոխություն մարդկանց դեմքներին: Գիտնական հոգեւորականը չի ընկճվում, շարունակում է.
- Հայրենակիցներ, եղբայրներ եւ որդիներ, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր թշնամու դեմ գնալու, նրա հրամանատարները գալիս էին Էջմիածին` կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու եւ օրհնությունն առնելու: Բայց այս անգամ վտանգն այնքան ահավոր է ու մեծ, որ ահա ես եմ Սուրբ Էջմիածնից եկել ձեր բոլորի ձեռքը համբուրելու, որ փրկենք հայրենիքը, փրկենք ձեր պատիվը, հայի պատիվը....
Եվ արտասվում է...


Ու մի դրվագ էլ, ցավոք, ցանցում չգտա:
Սարդարապատի ժամանակ, երբ ռազմաճակատի մի հատվածում խուճապ և փախուստ է սկսվել, հոգևորականներից մեկը պառկել է նահանջող զինվորների առաջ ու հայտարարել. "Ինձ կրնկակոխ արեք, նոր փախեք": Նահանջողները կանգ են առել: Շրջվել են ու սկսվել կռվել:

Սարդարապատ, Հայ Առաքելական Եկեղեցի, history

Previous post Next post
Up