Որոշեցի «պատմական բառարան» շարք սկսել: Կփորձեմ պատմել մեր պատմության էջերում ծվարած անվանումների և տերմինների մասին:
«Ասպետ»
«Ասպետ» բառը, որի ժամանակակից ռոմանտիկ իմաստը բոլորիս էլ հայտնի է :))), պատմական Հայաստանում մի փոքր այլ նշանակություն է ունեցել:
Նախ և առաջ, «ասպետ» նշանակել է «տոհմի գլխավոր, տոհմի ավագ, տոհմի պետ» (համեմատելու համար` «սեպուհ» - տոհմի որդի)`է լինելով «ազնվական» և «ազատ» բառերի հոմանիշը:
Բացի այդ, «Ասպետ» կոչումը կրում էր Բագրատունյաց տոհմի ավագը, իսկ Բագրատունյաց տոհմի գործակալությունը կոչվում էր «Թագադիր և թագակապ ասպետ»: Ըստ այդմ, Բագրատունիներին կարող էին կոչել նաև Ասպետն կամ Ասպետունի: Բագրատունյաց տոհմի ավագը կամ Ասպետը արքայական թագը դնելու և թագավորական «պատիվը» կապելու արտոնություն ուներ: Բացի այդ թագադիր ասպետները նաև այլ գործառույթներ ունեին. նրանք ընդունում էին այլ պետությունների դեսպաններին, ղեկավարում պալատական արարողությունները և հսկում սահմանված պալատական վարվելակերպի պահպանումը, ինչպես օրինակ, որ նախարարը որ «բարձի» վրա պետք է նստի, և այլն:
Բագրատունիների այս գործակալության հետ կապված պահպանվել է հետաքրքիր պատմություն: 867թ. Բյուզանդիայում գահ բարձրացավ Բարսեղ I, Հայկական կամ Մակեդոնական արքայատան հիմնադիրը, որը սերում էր հայ Արշակունիներից: Այս նույն ժամանակաշրջանում Հայաստանում իշխում էր Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին, որը 867թ Զաքարիա Ձագեցի կաթողիկոսի գլխավորությամբ կայացած ժողովի ժամանակ հռչակվել էր Հայոց արքա (իսկ, ինչպես այժմ կասեն, միջազգային ճանաչումը եկավ 885 թ):
Բարսեղ I, որը նպատակ ուներ բարելավել կապերը Հայաստանի հետ արաբական խալիֆայության դեմ պայքարելու նպատակով, դիվանագիտական հետաքրքիր շողոքորթության է դիմում: 875 թվականին նա դեսպանություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ, գրելով, թե ինքը ծագմամբ Արշակունի է, իսկ քանի որ Արշակունիներին թագադրում էին Բագրատունյաց ասպետները, ուստի նա էլ, ի նշան հնագույն ծեսի կատարման, խնդրում է Աշոտին թագ ուղարկել իրեն: Աշոտն, իհարկե, ուղարկում է թագը, բայց արտաքին քաղաքականության մեջ շարունակում զգույշ, խորը կշռադատված քաղաքականությունը (այս տաղանդավոր արքայի և հմուտ դիվանագետի կյանքին մենք դեռ կանդրադառնանք:
Կիլիկյան Հայաստանում «ասպետի» կոչումը վերածվեց զինվորական աստիճանի: Գործածության մեջ դրվեց ասպետության մասին ռազմական հրահանգը: Այսպես, «ձիավոր ասպետի» աստիճան ստանալու համար չափահաս ազնվականները հրապարակայնորեն քննության էին ենթարկվում զինախաղերից և զինավարժություններից, իսկ աչքի ընկնողները ձեռնադրվում էին «ձիավոր ասպետներ” նշանավոր իրադարձությունների ժամանակ (գահաժառանգի ծնունդ, թագադրում, հաղթահանդես և այլն): «Առաջին կարգի ասպետ» կոչումը շնորհվում էր սպարապետին, մարաջախտին, խոշոր իշխաններին, «Երկրորդ կարգի ասպետ» կոչումը` մանր ազնվականներին:
Այս հարցերին անդրադարձել են Հակոբ Մանանդյանը «Ֆեոդալիզմը Հին Հայաստանում», Նիկողայոս Ադոնցը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատություններում, իսկ կիլիկյան ասպետների մասին առավել մանրամասն և հանգամանալից կարող եք կարդալ այստեղ՝
Կիլիկյան Հայաստանը և նրա զինված ուժերը: