На русском
здесь Հայերենը, հնդեվրոպական լեզու լինելով հանդերձ, իր մեջ ամփոփել է ոչ հնդևրոպական լեզուների շատ հետաքրքիր շերտեր: Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ ապրած ազգերի, պետությունների ու կայսրությունների անթիվ անհամար պատառիկներ հասել են մեզ` պատսպարվելով մեր լեզվի ու մշակույթի խորը ծալքերի մեջ:
Համարյա 4 ու կես հազար տարի առաջ
Սարգոն Աքքադացին արշավանք է կազմակերպել դեպի Փոքր Ասիայի Հալիս (խեթական աղբյուրներում (XVIII-XII)`Մարասանտիյա, այժմ` Կըզըլ-Ըրմակ` թուրքերեն «Կարմիր գետ», ջրերի կարմրավուն նստվածքի պատճառով) գետի միջին հոսանքների շրջանը: Արշավանքի նպատակը սեմական վաճառականների հետ կապված որոշ հարցերի կարգավորումն է եղել: Իսկ վերադարձի ճանապարհին նա պետք է ըստ երևույթին անցներ Եփրատի միջին հոսանքի շրջանով:
Այս տարածքներում աճել են այնպիսի բույսեր ու պտուղներ, որոնք Միջագետքին ծանոթ չէին: Եվ Սարգոնն էլ վերադարձի ճանապարհին կարգադրել է մի քանի բույսեր վերցնել իրենց հետ: Սեպագիր արձանագրություններում պահպանվել են այդ բույսերի անունները`
հashuru, tittu, šallura, sîrdu:
Դեռ գլխի չե՞ք ընկել, ինչի մասին է խոսքը:
Խնձորի: Թթի: Սալորի: Ցիրդ կամ ցրդի կոչվող ծառի մասին:
Hashuru-ն հետագայում բազմատեսակ հնչյունային փոփոխությունների ենթարկվելով, սկսած ասորեստանյան hazzura -յից և դաղստանյան լեզուների xinc-xinj-ը, տարածվեց Հյուսիսային Միջագետքից մինչև Կովկասյան լեռներ, և պահպանվեց հայոց լեզվի մեջ որպես «խնձոր»: Ամենայն հավանականությամբ, hashuru-ն խուրրիական ծագում ունի և հայոց լեզվի մեջ էլ ներթափանցել է խուրրի-ուրարտական սուբստրատի շնորհիվ:
Համարյա անփոփոխ եկել մեզ են հասել tittu-ն և šallura-ն:
Sîrdu-ն, ըստ ավանդության, դեկորատիվ բույս է եղել, որն Աքքադ է բերվել արքայական պալատը զարդարելու նպատակով) (
կա կարծիք, որ այն արդի հայերենի գիհին է ): Ցիրդը հայոց մեջ որոշ ծիսական երանգներ է պահպանել ընդհուպ մինչև մեր օրերը:
Այսպես, Տեառնընդառաջըի տոնական խարույկն անտառային շրջաններում հիմնականում պատրաստում էին ցրտեն, ցիրդ կամ ցրդի ծառի ճյուղերից: Հայոց մեջ ավանդություն է պահպանվել, ըստ որի նորածին Քրիստոսին այդ ծառի ճյուղերով էին բարուրել:
Ահա այպես:)
Սարգոնն էլ չկա, Շումերն ու Աքքադը` նույնպես: Իսկ մեր լեզուն յուրօրինակ "ժամանակի մեքենա" է իր հազարամյա ծալքերի շնորհիվ:)
Իսկ մյուս անգամ կխոսենք այնպիսի հետաքրքիր բառի մասին, ինչպիսին "թարգմանիչն" է:)
(sîrdu - ցիրդ հնարավոր նույնության, ինչպես նաև այլ լեզվական փոխառույունների մասին գրում է Նիկողայոս Ադոնցն իր “Վաղ շրջանի փոխառություններ հայերենում” հոդվածի մեջ: Այս հարցերի վերաբերյալ գրել են նաև Գ.Ղափանցյանը և այլոք):