Տորք Անգեղ

Mar 05, 2011 03:35

"Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ..."


Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա եւ շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արեվի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորընթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան,
Մի խոսքով մի դեւ եւ ոչ թէ հսկա,
Ոչ ոք տեսած չէր այնպէս աժդահա:
Տգեղ էր դեմքը եւ այդքան դաժան,
Որ զարհուրում էր, ով նայում էր վրան.
Ահռելի էր նա եւ այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմէշ չունէին մէկտեղ:

Նա դեռ պատանի ժայռեր էր ճեղքում,
Ճեղքում էր ձեռքով, ձեռքով էլ կոկում.
Ճեղքում, յղկում էր քարէ տախտակներ,
Եղունքով փորում պէս- պէս նկարներ,
Նա մի հովիւ էր, հովիւ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դիւցազնական...

Ղազարոս Աղայան

“Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ” պոեմն ամբողջությամբ այստեղ, նկարն` այստեղ

Բանահյուսության և էպոսների հերոսներն իրենց ծագումը սկսում են վաղջական ժամանակներից: Եվ զարմանալի չէ, որ հազարամյակների ընթացքում կարող են փոփոխվել նրանց “գործառույթները”, նրանց անվան որոշ տարրեր կարող են կորցնել նախնական իմաստը և ենթարկվել ժողովրդական ստուգաբանության: Այդ “ճակատագրից” չի խուսափել և հին հայկական դիցաբանության հերոսներից մեկը` Տորք Անգեղը:

Ըստ հայկական դիցաբանության` Տորք Անգեղը աստված է, Հայկի ծոռը: Սակայն ըստ ուսումնասիրողների (Ն.Ադոնցը, Գ.Ջահուկյան, Ս.Հարությունյան), Տորք Անգեղի պաշտամունքը կազմավորվել է առավել վաղ շրջանի երկու աստվածության` Անգեղի և Տարքուի  (տարբերակներ Տարու, Տարխու, Տարխունտա) միաձուլման հետևանքով:  Տարքու-Տարխունտան խեթական պանթեոնի աստվածներից մեկն էր, որն իր գործառույթներով նման էր խուրիական ամպրոպի աստված Թեշուբին, և նաև պտղաբերության աստծո որոշ գործառույթներ ուներ: Նրա պաշտամունքն, հավանաբար, տարածված էր նաև Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածներում, որոնք սահմանակից էին Խեթական տերությանը և որտեղ հետագայում ձևավորվելու է Տորք Անգեղի պաշտամունքը:

Անգեղ աստծո պաշտամունքը տարածված է եղել Վանա լճի շրջակայքում, հետագայում այն արտացոլվել է Մեծ Հայքի Ծոփք նահանգի “Անգեղ տուն” գավառի անվան մեջ: Անգեղտուն գավառը տարածվում էր Մեծ Ծոփքից արևելք` Զիբենե գետի վրա ընկած լեռնային շրջանում, Հայկական Տավրոսի հարավահայաց լանջերին: (Ամենայն հավանականությամբ, որքան որ կարողացա գլուխ հանել Թուրքիայի քարտեզից, Անգեղ տուն գավառի տարածքում այժմյան Թուրքիայի Ergani բնակավայրից վերև ընկնող հատվածն է, Ծովք, իսկ այժմ Hazar Gölü լճից դեպի հարավ-արևելք): Այն պատկանում էր նույնանուն նախարարությանը, և գլխավոր բերդը Անգեղը կամ Անգղն էր, որը և հանդիսանում էր Անգղյան նախարարների ոստանը:

Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաքքադական անդրաշխարհի աստված Ներգալի անունը փոխարինված է Անգեղով, ինչը վկայում է Տորք Անգեղի` անդրաշխարհի հետ ունեցած կապի մասին: Բացի այդ, Տորքի պաշտամունքը տարածված է եղել Տիգրիսի ակունքների շրջանում, իսկ այս տարածքները հայոց մեջ ընկալվել են որպես մուտք անդրաշխարհ: Անգղի հետ զուգակցումը գիտնականներին թույլ է տվել ենթադրել, որ Տորք Անգեղն ամենայն հավանականությամբ նաև կապ է ունեցել հին հայերի տոտեմիստական պատկերացումների հետ:

Հետագայում Տարկուն վերաճել է Տուրքի կամ Տորքի (ըստ ժողովրդական ստուգաբանության` տուրք, ընծա), Տուրքը նույնացվել է Անգեղի հետ կամ ընկալվել որպես նրա հետնորդ, ըստ անվան մի ձևի` “Տուրք Անգեղեայ” - “Տուրքի ընծա”: Ավելի ուշ շրջանում “Անգեղեայ” անվանումը վերաիմաստավորվել է որպես “տգեղ”, և Տորքը կապակցվել ոչ թե Անգեղի, այլ Հայկի հետ: Այս պատկերացումներն էլ հիմք են հանդիսացել Մովսես Խորենացու` Տորք Անգեղին տված նկարագրության համար.

"Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առավել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ, վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արևմտից, և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն… Քանզի երգէին նմա բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեզութիւն, և ճեղքել ըստ կամաց մեծ և փոքր. և քերել եղնգամքն և կազմել որպէս տախտակ, և գրել նոյնպէս եղնգամք իւրովք արծուիս և այլս այսպիսիս: Եւ յեզեր ծովուն Պոնտոսի դիպեալ նաւաց թշնամեաց` դիմէ ի վերայ. և ի խաղալն նոցա ի խորն իբրև ասպարէզս ութ, և սա ոչ ժամանեալ նոցա` առնու, ասեն, վէմս բլրաձևս, և ձգէ զկնի. և ի սաստիկ պատառմանէ ջուրցն ընկղմին նաւք ոչ սակաւք, և ամբարձումն ալեացն, որ ի պատառմանէ ջուրցն, վարէ զմնացեալ նաիսն բազում մղոնս”:

Մովսես Խորենացի, “Պատմութիւն Հայոց”, Գիրք Երկրորդ: Ը


Երևանում, Նորքի II զանգվածում տեղադրված են Տորք Անգեղի և Հայկ Նահապետի արձանները, որոնց հեղինակը քանդակագործ Կ.Նուրիջանյանն է: Այս արձանները պատրաստված են կոփածո պղնձից, այսինքն` կերպարները կերտվել են մետաղե կմախքի վրա իրար զոդված պղնձե թիթեղներից: Հայկ Նահապետի արձանը տեղադրվել է 1972, Տորք Անգեղինը` 1982 թվականին: Այստեղ կարող եք ծանոթանալ արձանի ստեղծման պատմությանը, սակայն հոլովակն այնքան էլ որակյալ չէ:

НА РУССКОМ ЗДЕСЬ


Մովսես Խորենացի, Տորք Անգեղ, Ղազարոս Աղայան, Անգեղ տուն, history, mythology, Հայկ նահապետ, քանդակագործություն, Ծոփք

Previous post Next post
Up