Բաց սրտերով` Փակ շուկա

May 28, 2012 05:51


Մաշտոցի պողոտայի վրայի Փակ շուկայի շէնքն ինձ շատ հարազատ է: Փոքր տարիքում, երբ հայրս ինձ շատ էր  տանում զբոսնելու Երևանի փողոցներով, մենք հաճախ էինք անցնում Մաշտոցի պողոտայի այդ հատվածով: Շուկայի գմբեթին կային զվարճալի պատկերներ, որ ինձ հիշեցնում էին "Չիպոլինո" մուլտֆիլմի կերպարներին: (սիրում եմ էդ մուլտը)




Հետո մոտենում էինք ու սիրում էի շուկայի մուտքի մասում արված զարդանախշերն ուսումնասիրել:




Հետո մտնում էինք ներս, ես պարտադիր վազում էի քաղցրավենիքի (հատկապէս` ընկուզերշիկների, մեկ էլ` մրգերի) ու պանրեղենի (հատկապէս` թել-պանրի) կողմ: Փոքր ժամանակ գժվում էի թել-պանրի համար... Հայրս (երբեմն էլ մորս հետ էի գնում) առնում էին իմ սիրած ուտեստներից, ես էլ, հաշվի առնելով իմ արտոնյալ` ՊՈւՃՈւՐ կարգավիճակը, միշտ լավ հյուրասիրվում էի վաճառողների կողմից... հա, մեկ էլ` ամեն անգամ գնալուց, մի նոր կանաչի, չիր կամ նման մի բան էի բացահայտում ինձ համար...




Անցան տարիներ, ես մեծացա, շուկաներով զբոսնելուց սկսեցի միայն ձանձրանալ... հետո, մի օր իմացա, որ Փակ շուկայի շէնքը գնել է Սամվել Ալեքսանյանը:

Այլ կերպ ասած` այս ինծիլիգենտ արտաքինով երիտաբլոճսարդը:


Հետո սկսեցին Փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ  իրականացնել...

"Ստորգետնյա ավտոկայան են կառուցում" մտածեցի ես, ավելի լավ, փողոցի եզրին, առավել ևս` թունելի մուտքի մոտ չեն կայանի... էդ ստորգետնյա կայանատեղիներն իմ թույլ տեղն են, շէնքերի բակերը մաքրելու, երևի, ամենամեծ կողմնակիցն եմ:

Լավ, ի՞նչ գլուխ ցավացնեմ, շինարարական աշխատանքներն ընթանում էին, ես իմ թեզի պաշտպանությանն էի նախապատրաստվում, Հայաստանն` ընտրություններին էր նախապատրաստվում, մի խումբ մարդիկ էլ` ապամոնտաժման էին նախապատրաստվում (ապամոնտաժման մասին` վերջում):

Եվ հանկարծ, ինչպէս ամպրոպ պարզ երկնքում, ավելի շուտ` ինչպէս բուլդոզեր պարզ սոցցանցում անցավ այս նկարը`




Եկեք պարզենք` այս շէնքը պատմամշակութային հուշարձան է: Այն, ինչի պէտք է վերածվի այս շէնքը դրա սեփականատիրոջ մտահաղացմամբ` ուղղակի գաստրոնոմիայի վայր է: Հիմա, որ ասեմ` սպառողական հասարակության ուրվական, կամ` արժեհամակարգերի բախում, կասեք` պա՛հ, վերջացրու, տենց բան չկա: Իսկ ինձ թվում է, որ կա: Երբ պատմամշակությաին հուշարձանն ավերվում է, որպեսզի դրա տեղում կանգնեցվի մի վաճառ (նույն ինքը` մարկետ), կլինի դա հիպեր-, սուպեր-, թե յոտա- ինձ այդքան էլ չի հետաքրքրում, հարցը հենց այդ է, որ նույն հաջողությամբ մի օր էլ Մատենադարանը կարող է դառնալ, ասենք, շատ հարմար հիպերմարկետ... ամեն բան նախադէպ է դառնում...

Հա, ինչպէս խոստացել էի` հիմա ինձ կարող եք հարցնել` բա, էդ դու չէիր, որ դէմ էիր "Մաշտոցի պուրակ"-ի պայքարին, բա, տես ինչեր են անում:

Այո, ես էի ու իմ վերաբերմունքն այդ պայքարին չեմ փոխել, որովհետև`

1. Այն խիստ քաղաքականացված էր;
2. Ես գտնում եմ, որ եթե այդ տարածք տեղափոխվեին կրպակներն, այդ "հոգնած" ու լքված այգին վերջապէս տեսքի կբերվեր ու մարդկանց դեպի իրեն կձգեր:

Ինչ վերաբերում է Փակ շուկային, Սամվել Ալեքսանյանը մի բան էր սխալ հաշվարկել: Օրը: Չէ, նենց չի, որ ինքը չգիտեր ամսի 28-ն ինչ օր է: Այդ օրն իր խանութներից բոլ-բոլ առևտուր են անում... բայց, արի ու տես, որ մնացած հայերի համար այդ օրն ուրիշ նշանակություն էլ ունի և նման վերաբերմունք պատմամշակութային արժեք ներկայացնող շէնքի հանդէպ, այն էլ` այն օրով, երբ հայկական փոքրաթիվ ուժերը կանգնեցրին և դուրս վտարեցին օսմանյան բանակը Երևանի մատույցներից...

Ինչ ասեմ, այս տարի էլ այսպէս ստացվեց...

ՇՆՈՐՀԱՎՈՐՈւՄ
ԵՄ ԲՈԼՈՐԻԴ
ՄԱՅԻՍԻ 28-Ը

Մաշտոցի պողոտայի Փակ շուկա, պարանոիդալ փսիխոզ, օրենք, Մայիսի 28, ազգային տոներ, Հայոց պատմություն, Երևան

Previous post Next post
Up