Ամուսնության տարեդարձերը

Mar 31, 2012 03:43




Ամուսնության տարեդարձերը (ոմանց համար` տարելիցները, բայց դա այլ թեմա է) նշելը գեղեցիկ ավանդույթ է, որը գալիս է ԺԹ դարից, Գերմանիայից: Այդտեղ այն անվանվում է Հոխցայթզթագ (Hochzeitstag - ամուսնության օր): Ամուսնության ամեն տարեդարձն ունի իր անվանումն, իրեն հատուկ նվէրներն ու տոնակատարությունները: Նման ավանդույթներ ունեցել են բազմաթիվ ազգեր և տոնել են այն որոշակի առանձնահատկություններով: Օրինակ` Հայաստանում իրար տարբեր նվէրներ են արել ու սեղան գցել, Արևելքում տոնել են որոշակի հաճախականությամբ, կախված աստղաբաշխական ու թվաբանական զանազան հաշվարկներից: Սակայն ներկայիս տեսքով, ինչպէս արդեն նշվեց, ամուսնության տարեդարձերը նշելու ավանդույթը գալիս է ուշմիջնադարյան Գերմանիայից: Թեև Գերմանիայում ամեն տարին, երբեմն ամեն քառորդ, կես ևն տարին ունեն իրենց անվանումներն (ամեն տարեդարձն ունի մի քանի անվանում) ու հատուկ նշելու ձևն` աղա- ու ցլահարսանիքից մինչև գարեջրա- ու գինահարսանիք ևն, բայց արդեն ձևավորվել են հստակ տարեդարձեր, որոնք նշվում են Աշխարհով մեկ: Ստորև կնշեմ տարեդարձի անվանումն ու դրան համապատասխան նվէրներն ու հետաքրքիր արարողությունները:

-

Ամուսնության օրն անվանվում է կանաչ կամ սպիտակ հարսանիք, որի խորհրդանիշն է մրտենու (Myrtus) տերևներով զարդարված ամուսնական ծաղկեպսակը:

1
Ամուսնության առաջին տարին կոչվում է չթե հարսանիք,  հաշվի առնելով այն, որ նորապսակների միջև հարաբերությունները նման են անամուր կտորի` չթի: Կա նաև այլ բացատրություն այդ անվանման համար` ամուսնության առաջին տարում նորապսակների ակտիվ գործողությունները հանգեցնում են չթե անկողնու մաշվելուն:

Այդ օրն ընդունված է, որ նորապսակներն իրար նվիրեն չթե նվէրներ: Ընդունված ծաղիկն է մեխակը:

Այդ օրը բացում են հարսանիքից հատուկ պահած շամպայնը,  հրավիրում են ամուսնության վկաներին, ընկերներին և ծնողներին:

2
Ամուսնության երկրորդ տարեդարձն անվանվում է թղթե հարսանիք, այն պատճառով, որ հարաբերությունները թղթի պէս նուրբ են: Այդ օրն ընդունված է նվիրել թղթե նվէրներ` ալբոմներ, գրքեր, նոթատետրեր ևն: Ընդունված ծաղիկն է հովտաշուշանը:

3
Ամուսնության երրորդ տարին` կաշվե հարսանիքն է, երբ ամուսիններն իրար սկսում են զգալ իրենց կաշվի վրա: Տարեդարձին նվիրում են կաշվե իրեր: Ընդունված ծաղիկն է արևածաղիկը:

4
Վշե հարսանիք է կոչվում ամուսնության չորրորդ տարեդարձը: Վուշն առատության և բարեկեցության խորհրդանիշն է: Ընդունված է այդ օրն իրար նվիրել վշե նվէրներ: Վուշը նաև ամրության խորհրդանիշն է, չէ՞ որ ամուսինների հարաբերություններն արդեն "չթե" չեն: Այդ օրն ընդունված է ամուսինների վրա շաղ տալ վուշի սերմեր ու քաղցրավենիք: Ընդունված ծաղիկն է `  դրախտավարդը/որդենսիան (Hydrangea):

5
Փայտե հարսանիքն ամուսնության առաջին տարեդարձերից էր, որ սկսեցին նշել: Նոր ընտանիքն արդեն վերածվում է ծառի` խորն արմատներով և տերևներով: Ընդունված է տոնախմբությանը հրավիրել հարսանիքի բոլոր ներկաներին: Ընդունված ծաղիկը խատուտիկն է:

10
Թեև տոնը գերմաներենում ունի 5 տարբեր անվանումներ, եվրոպացիների մոտ ամենատարածվածներն են` անագե և վարդե հարսանիքները: Այդ օրն ընդունված է հրավիրել հարսանիքի ժամանակ հարսին և փեսային ուղեկցողներին: Տոնին ամուսինը կնոջն է նվիրում 11 վարդերից ծաղկեփունջ, որոնցից տասը կարմիր` ի նշան անցած 10 տարիների և մեկը սպիտակ, որը խորհրդանշում է ապագա տասնամյակները: Բացի վարդերն, ընդունված է նվիրել նաև նարցիս:

20
Անգլիացիների ասած` չինական հարսանիք: Կատակ, ձեզնից ով գիտի անգլերեն, հասկացավ, որ խոսքը ճէնապակե հարսանիքի մասին է: Ընդունված է այդ օրը սեղանը զարդարել նոր ճէնապակե հավաքածւով, ի նշան հարաբերությունների մէջ նոր թարմության: Մյուս կողմից` ճէնապակին փխրուն է և պէտք է զգոն լինել: Ընդունված ծաղիկն է աստղածաղիկը:

25
Եթե դուք արդեն քառորդ դար իրար կողքի եք, ապա` շնորհավորում եմ, դուք նշում եք ձեր արծաթե հարսանիքը: Պինդ և ազնիվ արծաթի նման են ձեր հարաբերությունները: Այդ օրն ամուսիններն իրար են նվիրում արծաթե մատանիներ, որոնք կրելու են ոսկե մատանիների կողքին: Տոնին ընդունված է նվիրել հիրիկներ:

30
Խեցու մէջ երկար ժամանակում հասունանում են մարգարիտները, որոնք իրար հետ համերաշխ կազմում են ապարանջան: Ամուսնական զույգն արդեն հասուն է և խոհեմ, շատերն արդեն ունեն թոռներ: Տարեդարձին ընդունված է նվիրել շուշաններ:

40
Սիրո և կրքի քարն է ռուբինը, հենց դրանք են, որ այդքան երկար ապրում են ձեր սրտերում: Ամուսիններն իրար նվիրում են ռուբինե զարդեր, հիմնականում` մատանիներ: Տոնի ծաղիկն է թրաշուշանը:

50
Կես դար միասին, և` ոսկե հարսանիք: Այս տոնի առթիվ նույնիսկ բրիտանական թագուհին է շնորհավորում իր հոբելյար հպատակներին: Այդ օրն ընդունված է հանել հին ամուսնական մատանիները և նվիրել թոռներին, դրանց փոխարեն դնելով նորը: Ոսկե հարսանիքին կրկնում են ամուսնության ամբողջ արարողակարգը: Տոնին նվիրում են դեղին վարդ կամ մանուշակ:

60
Երբ դուք արդեն 60 տարի է միասին եք, ապա ժամանակն է նշել ադամանդե հարսանիքը, որովհետև ձեր ամուսնությունն արդեն ամուր է հանց ադամանդը: Տոնին ընդունված ծաղիկն է փշազերծ սպիտակ վարդն` "Ադամանդե տարեդարձ"-ը:

70
Պլատինե հարսանիք` երեխաների, թոռների և ծոռների նվէրն ամուսիններին: Այս տոնին արդեն կարևոր չեն նվէրները, կարևոր է այն, որ ամուսիններն իրար հետ են արդեն 70 տարի:

75
Երեք քառորդ դար միասին` թագավորական հարսանիք, տոն, երբ ամուսիններին թագադրում են:

80
Կաղնե հարսանիք` ամուսիններն ամուր կաղնի են, հաստ ճյուղերով և ստվար սաղարթով: Ամուսիններին նվիրում են կաղնու փայտից իրեր կամ ընկույզներ, որպէս խորհրդանիշ իրենց ամուր և բեղմնավոր ամուսնության:

90
Գրանիտե հարսանիք` ամրության և երկարակեցության խորհրդանիշը:

100
Երկնային հարսանիք` հավերժ սիրո տոն:

Անկախ նրանից, թե քանի տարի առաջ եք ամուսնացել, միշտ պահպանեք սիրո կրակը և մի՛ թողեք, որ այն մարի: Նայեք վերևի նկարին, նրանք իրար հետ մեկուկես դարից էլ մեծ են, նայեք նրանց աչքերին, ինչպէս են վառվում և ծփում կյանքով: Երջանիկ եղեք:

կանայք և տղամարդիկ, ավանդույթներ և սովորույթներ, ամուսնության տարեդարձեր

Previous post Next post
Up