ԳաստրոԴիլի

Aug 15, 2020 18:06

Ինչպես խոստացել էի` մի փոքր գրառում Դիլիջանում առկա խորտկարանների (դրանցից մի քանիսի) մասին:

Այս անգամ հասցրեցինք այցելել 5 տեղ` «Կճուճ», «Քարահունջ», «Պապանինո», «Թռչող ջայլամ» ու «Իռլանդական փաբ»: Ցավոք` «Լոշ»-ն ու «Թավա»-ն փակվել էին և միացվել «Կճուճ»-ին:

Դիլիջանյան խորտկարաններում ընդհանուր առմամբ մաքուր միջավայր է, լավ սպասարկում և համեղ խոհանոց, որը հիմնականում բաղկացած է սնկից (Դիլիջանը շատ խոնավ է), մսից, կաթնամթերքից ու խոտերից:
Բոլոր խորտկարանները հեշտ հասանելի վայրերում են: Դրանք բոլորն էլ ունեն առանձնահատուկ ձևավորում և յուրահատուկ խոհանոց: Վճարումները կարող եք կատարել նաև բանկային քարտով:


«Կճուճ» ռեստորան


«Կճուճ»-ում սեղաններ առկա են փակ սրահում և արտաքին տաղավարներում: Հիմնականում մատուցվում են դիլիջանյան ուտեստներ ու խմիչքներ: Գները մատչելի են, սպասարկումը լավ է, երբեմն որոշ անմիջականությամբ (բայց ոչ ձանձարացնող): Ռեստորանը բոլոր կողմերից պատված է ծառերով, ինչը ևս հաճելի միջավայր է ստեղծում: Տաղավարներում նստելու դեպքում կարող եք ընկերանալ մոտակայքի կատուների ու շան հետ, որոնք հավելյալ գյուղական տրամադրություն կհաղորդեն ժամանցին: Հիմնականում ազատ սեղաններ լինում են (բայց միշտ էլ կարելի է նախօրոք պատվիրել):

«Քարահունջ» ռեստորան


«Քարահունջ»-ում կարող եք ընտրել բացօթյա սեղանների, վերանդայի կամ ներքին սրահի միջև: Գները հիմնականում մատչելի են, սպասարկումը լավ է ու սիրալիր: Հիմնականում մատուցվում է դիլիջանյան ու մերձավորարևելյան սնունդ: «Քարահունջ»-ն ունի նաև գինու ոչ շատ հարուստ մառան: Ցերեկվա ժամերին հիմնականում լինում են ազատ սեղաններ, բայց երեկոյան ժամերին ցանկալի է նախօրոք սեղան պատվիրել:

«Պապանինո» ռեստորան


«Պապանինո»-յում կան բացօթյա սեղաններ, վերանդա, ներքին սրահ, ինչպես նաև` փռնատուն-սրճարան: Գները միջին ու բարձր են, սպասարկումը` լավ ու սիրալիր: Հիմնականում մատուցվում է միջերկրածովյան ու դիլիջանյան սնունդ: Կա տարբեր երկների արտադրության գինիների ոչ շատ մեծ տեսականի: Սեղանը ցանկալի է պատվիրել նախօրոք: Եվ մի բան էլ` «Պապանինո»-յում զուգարանի պատուհանը նայում է դեպի ներքին բակ, այնպես որ` ուշադիր եղեք, որ ակնդիր չլինի:

«Թռչող ջայլամ» ռեստորան


«Թռչող ջայլամ»-ում կան բացօթյա սեղաններ, տաղավարներ, վերանդա և ներքին սրահ: Տաղավարներ կան նաև գետի ափին: Գները միջին ու բարձր են, սպասարկումը` լավ ու սիրալիր: Ճաշացանկը յուրօրինակ է: «Թռչող ջայլամ»-ում կարող եք փորձել ջայլամի միս (այն չի թռչում): Հիմնականում ազատ սեղաններ լինում են, բայց կարող եք նախօրոք սեղան պատվիրել` ապահովության համար:

Իռլանդական փաբ


Դիլիջանի "The Irish Pub"-ը զուտ անվանական նմանություն ունի երևանյանի հետ: Դիլիջանյանում ալկոհոլային տեսականին շատ աղքատիկ է: Այդտեղ առկա են նաև բացօթյա սեղաններ: Ներքին սրահի սեղանների մի մասը կահավորված են ակվարիումներով (թեև դրանց միջի ձկների համար դա, ամենայն հավանականությամբ, այդքան էլ հաճելի չէ): Գներն, ընդհանուր առմամբ մատչելի են, սպասարկումը` լավ: Սեղանները հիմնականում ազատ էին:

ազգային խոհանոց, հայկական խոհանոց, Դիլիջան, ավանդույթներ և սովորույթներ

Previous post Next post
Up