Քյոչախ Մաութեն ու մի քիչ Վիեննա

Sep 11, 2019 01:42


Օգոստոսի 2-11-ը մի նախագծի շրջանակներում մի խումբ հայերի հետ Ավստրիայում էի: 8 օր անցկացրեցի Քյոչախ Մաութեն ավանում, որը գտնվում է Ավստրիայի ծայր հարավում, Իտալիայի հետ սահմանից (Փլյոքեն լեռնանցքից) 10 կմ հյուսիս, մայրաքաղաք Վիեննայից 420 կմ հեռավորության վրա: Վերջին օրը Վիեննայում կարճաժամկետ իջևանելու հետ մեկտեղ հասցրեցի նաև երկու թանգարան այցելել և մի փոքր շրջել քաղաքում:

Օդանավակայանից միանգամից մետրոյով ուղևորվեցինք երկաթգծային կայարան, այնտեղից էլ` գնացքով Օբերդրաուբուրգ, որտեղ Քյոչախ Մաութենին ամենամոտ կայարանն է: Տրանսպորտը շատ հարմարավետ ու լավ կազմակերպված է Ավստրիայում: Ստոր- և վերգետնյա երկաթգծերը կազմում են մի հոյակապ մշակված և խիտ ցանց, ինչը թույլ է տալիս շատ արագ հասնել քաղաքի ցանկացած վայր կամ այլ քաղաք: Ավաններում գործում են միջքաղաքային ավտոբուսներ, որոնք սպասարկում են դրանց ներքին տարածքը և կապում դրանք մերձակա քաղաքներին: Դրա հետ մեկտեղ քաղաքները, այդ թվում և Վիեննան շատ անխնամ տեսք ունեին: Ոչ մի քաղաքում մայթերին ծառեր չկային: Մայթերը ծառազուրկ էին, կենտրոնական զբոսայգիներից շատերը` անմշակ: Վիեննան շքեղ կայսերական մայրաքաղաք է եղել, որի հոյակերտ շինություններից շատերն այժմ փնթի գրաֆիթիներով և մրագրերով են պատված` հենց քաղաքի ամենակենտրոնում:

Մեզ սպասվում էր մոտ 6 ժամվա ճանապարհորդություն դեպի Քյոչախ Մաութեն: Ավստրիայում փոքր ավանները շատ նման էին իրար և ճանապարհին անընդհատ դեժավյույի տպավորություն էր ստեղծվում: Բնությունը ևս անընդհատ կրկնվող էր ու շատ նման Հայաստանի լեռնային ու նախալեռնային գոտիներին: Ինձ ամենաշատը գերում են խեժափիճու և հատկապես եղևինի դարավոր անտառները:

Քյոչախ Մաութենը ավելի քան 30 բնակավայրերից բաղկացած տոնավաճառային համայնք է: Մաութենը եղել է հին հռոմեական ճանապարհի վրա, այդտեղ եղել են հռոմեական մաքսատուն և իջևանատուն, իսկ Քյոչախը` միջնադարյան իշխանանիստ է եղել: Քյաչախը և Մաութենը բաժանված են Գայլ լեռնահոս գետով: Ավանով է անցնում Իտալիայից եկող մայրուղին: Ավանում կան մեծ թվով հյուրանոցներ ու հյուրատներ, զբոսաշրջային նվազաթիվ ժամանցավայրեր: Գիշերային լուսավորություն կար միայն գլխավոր մայրուղում: Մաութենից Վեթցմանի անտառահատարան տանող գետափնյա ու անլույս փողոցը շատ լավ տեղ էր գիշերային մենավոր զբոսանքների ու խոկման համար: Քյոչախ Մաութենի քաղաքապետարանի շենքում (որտեղ քաղաքապետարանի հետ համատեղ տեղակայված են նաև ոստիկանությունը, զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնը, հանրախանութ, պիցերիա, ոսկերչատուն ու էլի լիքը բաներ) գտնվում է 1915-18 թթ. կամ Խաղաղության թանգարանը (ներսում լուսանկարելն արգելված էր), որը նվիրված է Առաջին աշխարհամարտին և մասնավորապես Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի միջև պատերազմին (որն ընթանում էր նաև չեզոք Շվեյցարիայի տարածքում): Քյոչախ Մաութենը լինելով սահմանամերձ ավան, իր վրա շատ ուժեղ զգացել է Առաջին աշխարհամարտի ողջ ծանրությունը:

Վիեննայում հասցրեցինք միայն այցելել Ալբերտինա թանգարան ու Երաժշտության տուն և երկար ժամերով զբոսնել քաղաքով մեկ: Ալբերտինա թանգարանը հիմնադրել է Թեշենի դուքս Ալբերտ (Ալբրեխթ) Կազիմիր Սաքսոնացին (1738-1822) 1805 թվականին: Թանգարանում պահվում են տարբեր ժամանակաշրջանների և ոճերի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ: Հաբսբուրգների դարաշրջանի դահլիճում կարելի է ընկղմվել 18-19-րդ դարի վիեննյան պալատական միջավայրի մեջ: Թանգարանում վերջապես իրականում տեսա Մաքս Էռնստի (1891-1976) աշխատանքներից: Ինձ համար բացահայտեցի ավստրացի ժամանակակից նկարիչ Հերման Նիչի (ծն. 1938) արվեստը, որի մեջ համախառնված են հասարակական, բնապահպանական, կրոնական խնդիրների վերաբերյալ արվեստագետի ունեցած հույզերը: Ինձ համար շատ մեծ ու խորը ներշնչանք էր չեխական ծագումով ավստրա- և գերմանահպատակ նկարիչ Ֆրանց Սեդլաչեկի (1891-1945) արվեստի բացահայտումը:

Շատ ոգեշնչող և ազդեցիկ էր նաև այցելությունը Երաժշտության տուն (2000) (որտեղ, ցավոք ևս արգելված է լուսանկարել): Այդտեղ ներկայացված է նոր և նորագույն ժամանակների երաժշտության զարգացման պատմությունը, մի քանի խոշոր երաժշտահաններին նվիրված սրահներում պահվում են նրանց առօրեական իրեր, ստեղծագործական կյանքի դրվագներ ևն: Մի առանձին սրահ նվիրված էր ձայն երևույթին: Կային ինտերակտիվ ցուցանմուշներ: Թանգարանյան բացահայտումներից էր Շթեֆան Օբերմայերի արվեստն, ով նոր շունչ է հաղորդում դասական երաժշտահանների գործերին:

Քյոչախ Մաութենի միջնաշենը



Մաութենի կենտրոնական հրապարակը և թեմական եկեղեցին







Մաութենի համայնապատկերը և շրջակայքը
















Սուրբ Մարիամ գերեզմանամատուռը, ընդհանուր և 1915-18 թթ. զինվորական («Հերոսների») գերեզմանոցները Մաութենում






Մաութենում և Քյոչախում շատ էին գունաշաղախ և պաննոազարդ շենքերը







ուշադրություն դարձրեք երկրորդ հարկի ձախ մասի խորշում պահվող «1916» մակագրությամբ իտալական չպայթած արկին

Քյոչախի թեմական եկեղեցին




















Քյոչախի թեմական եկեղեցու հրապարակը




Քյոչախի համայնապատկերը և շրջակայքը




















Երկրաբանական հուշարձաններ Քյոչախ Մաութենում




Քյոչախի, Լաասի և Քրոյթի միջև ընկած անտառում














Գայլ գետը








Սուրբ Ստեփանոսի Մայր տաճարը Վիեննայում (ԺԲ դար)















Աննայի նրբանցքը (Սբ. Աննայի պատվին)



Վիեննայի պետական օպերային թատրոնը (1869) և շրջակայքը




Ալբերտինայի հրապարակ և շրջակայք







Արքայազն Ալբրեխթի ձիարձանը (1899)


Մաքս Էռնստի գործերից

Ծաղիկներ դեղին հիմնագույնի վրա (1929)


Փարիզի կամուրջների տակ (1961)

Հերման Նիչի գործերից






Ֆրանտիշեկ Կուպկայի (1871-1957) գործերից

Ձախից աջ` Վերընթաց (1922), Կանաչ և Կապույտ (1921-23), Ժամաչափություն (1934)

Ֆրանց Սեդլաչեկի գործերից

Ուրվականները ծառի վրա (1933)


Երգ մթնշաղում (1931)


Լեռնային բնանկար ավտոմեքենայով (1931)


Երեկոյան բնանկար (1933)


Ձմեռային բնանկար (1925)

Պոլ Դելվոյի (1897-1994) «Բնանկար լապտերներով» (1958) կտավը



Ավստրիա, Վիեննա, Քյոչախ Մաութեն, ավանդույթներ և սովորույթներ, բնություն

Previous post Next post
Up