2018 թ. ապրիլը կարող է շրջադարձային դառնալ ՀՀ քաղաքական համակարգի և դրա պատմության համար: Կարող է...
Անկախությունից ի վեր Հայաստանում մի քանի խոշոր հանրահավաքներ են եղել: Սակայն, եթե ուշադիր ուսումնասիրենք դրանց պատմությունը, կնկատենք, որ դրանք շատ արագ մարել են գրագետ համակարգման բացակայության պատճառով:
Իհարկե, [հոգով] երիտասարդների համար այդ ակցիաները ռոմանտիզմ են` ընկերների հետ բացօթյա հավաքներ, գիշերակաց ասֆալտի վրա, ճայթրուկներ ու երգեր ևն (կարճ ասած` բամբուչա): Ավելի հասուն զանգվածի համար նման միջոցառումները քաղաքական դիվիդենտներ հավաքելու հարմար առիթ են: Գաղափարական հենքը հայկական հանրահավաքների հաջորդ լուրջ խնդիրն է: Հանրահավաքների մասնակիցների շատ քիչ մասը կարող է հստակ բացատրել, օրինակ, ակցիայի հաջողության կամ անհաջողության դեպքում հետագա քայլերը:
Իշխանափոխությանը միտված բոլոր ակցիաները սահմանափակվում են հանրահավաքներով ու լոզունգներով: Դա, վերը նշվածների հետ համագումարում, հիմնական պատճառներից է, որ Հայաստանում քաղաքական ակցիաները շատ արագ մարում են «հարվածային խումբ»-ը ցրելուց կամ կալանավորելուց հետո:
Այնինչ, հանրահավաքներից բացի պետք է իրականացվեն դասադուլներ, գործադուլներ, քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ: Այդ գործողությունները շուտով կսկսեն սպրդել նաև ուժային կառույցների ծառայողների շարքերը: Շարժումը կդառնա համաժողովրդական:
Ուղղակի, հեղափոխությունը միայն հավես ժամանակ չէ, բացօթյա երգուպարը չէ, քաղաքական ու երգիծական լոզունգները չեն, ներկերն ու ճայթրուկները չեն... Հեղափոխությունը տանկեր են, ասֆալտին լերթացած արյուն է, հեղափոխականների ու զինվորների դիեր են: Ու եթե դուք եկել եք հավես ժամանակի կամ քաղաքական դիվիդենտների համար` գնացեք տներով, հեղափոխությունը ձեր տեղը չէ: Հեղափոխությունը գաղափարի մարտիկների համար է:
Հիմա շատ կարևոր է, որ հանրահավաքներն ունենան գրագետ ղեկավարներ և մասնակիցներ: Երկու ճամբարում էլ քիչ չեն սադրիչներն ու պատեհապաշտները: Հաղթելու համար պետք է կամք, բայց և համբերություն և խոհեմություն: Ցանկացած հապճեպ քայլ կարող է դառնալ անդառնալի: Ցանկացած հապաղում կարող է դառնալ անդառնալի: Ցանկացած անգործություն կարող է դառնալ անդառնալի:
2018 թ. ապրիլը կարող է շրջադարձային դառնալ ՀՀ քաղաքական համակարգի և դրա պատմության համար: Կարող է...