Հունիսի 7-ին Ադրբեջանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, և իր ծննդյան 54-րդ տարեդարձին լավ նվեր ստացավ ծայրահեղ ազգայնական թեկնածու Աբուլֆազ Էլչիբեյն` ընտրվելով Ադրբեջանի նախագահ: Ադրբեջանի բնակչությունը դժգոհ էր երկրում առկա ծանր տնտեսական իրավիճակից, որին գումարվում էին անհաջողությունները ճակատում: Նպատակ ունենալով ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու` Ադրբեջանի ղեկավարությունը հունիսի 12-ին սկսեց աննախադեպ լայնածավալ հարձակում ամբողջ ճակատով: Հարվածի հիմնական ծանրությունն ընկավ Շահումյանի և Մարդակերտի շրջանների վրա: Ռուսական տեխնիկական աջակցությամբ ադրբեջանցիներին հաջողվեց հայերին ծանր դրության մեջ դնել Շահումյանի հյուսիսից: Դրանից հետո հայկական ինքնապաշտպանական ուժերը լքեցին Մարդակերտը : Դա Արցախյան պատերազմի ամենաամոթալի էջերից է: Դրա հիմնական պատճառն այն է, որ Շահումյանը դիտարկվում էր որպես պաշտպանական ամենաամուր դիրքը, և դրա կորուստը Մարդակերտի պաշտպաններն ընկալեցին որպես անխուսափելի վախճան: Մարտունու շրջանում իր ռազմավարական տաղանդն ու քաջությունը ցույց տվեց սփյուռքից ժամանած Մոնթե Մելքոնյանը: Հուլիսին ադրբեջանցիները հասան աննախադեպ առաջխաղացման, նույնիսկ վտանգ առաջացավ կորցնելու Գանձասարը, որը երբևէ օտարի իշխանության տակ չէր եղել: Հայկական ուժերը, տեղի քահանայի հորդորով մնացին և իրենց գերազանցող թշնամու ուժերի դեմ տվեցին հաղթական մարտ: Միաժամանակ ռմբակոծվում էին Բերձորի մարդասիրական միջանցքը և Արցախի քաղաքներն ու գյուղերը: Հրետանակոծության էին ենթարկվում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը` Նոյեմբերյանից Կապան: Օգոստոսի 8-ին ադրբեջանական հատուկջոկատայինները գրավեցին ՀՀ Արծվաշեն անկլավը: Արդեն օգոստոսի 6-ից սկսվել էր գյուղի 4500 բնակիչների էվակուցումը: Գյուղում գտնվում էին միայն Վանաձորի ջոկատի մարտիկները, որոնք ապահովում էին բնակչության նահանջը: Ջոկատն ակտիվ ռազմական գործողություններ վարելու հնարավորություն չուներ և գյուղի օկուպացիան որևէ արդարացում չի կարող ունենալ: Այդպիսով իրագործվեց ագրեսիա ՀՀ դեմ և խախտվեց դրա տարածքային ամբողջականությունը: Նույնիսկ իր անտարբերությամբ աչքի ընկնող Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց ՀԱՊ անդամ երկրներին, նշելով, որ խախտվել է պայմանագրի անդամ պետության տարածքային ամբողջականությունը և պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, պայմանագրի անդամ մյուս պետությունները պարտավոր են իրենց աջակցությունը ցուցաբերել, այդ թվում և` ռազմական: Սակայն այդ ժամանակ Ռուսաստանում ծանր ներքաղաքական իրավիճակ էր, և ԱՊՀ ուժերի հրամանատարությունը չէր կարող ոչինչ անել: Բացի այդ` պայմանագիրը դեռ չէր վավերացվել, այնպես որ մասնակից պետությունները խուսանավելու հնարավորություն ունեին: ՀՀ Նախագահը չօգտագործեց այդ փայլուն հնարավորությունն` Ադրբեջանին հարվածել ՀՀ տարածքից և ի չիք դարձնել դրա գործողությունները: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Քարվաճառի, Քաշունիքի և Կովսակականի շրջանում հարվածելով, հայկական ուժերը փաստորեն աքցանի մեջ կառնեին հակառակորդի ուժերը և մաքրելով այդ տարածքը` կխուսափեին շատ զոհերից: ՀՀ Նախագահը նույնիսկ մի առիթով հայտարարեց, թե Արծվաշենի փոխարեն Հայաստանին են անցել “ադրբեջանական” անկլավները : Եթե չհաշվենք, որ այդ բնակավայրերի ռազմավարական նշանակություններն ուղղակի անհամեմատելի են, այդպիսի վերաբերմունքը սեփական երկրի տարածքի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ է: Հաշվի առնելով այն փաստը, որ Արծվաշենից մարդկանց դուրսբերումը սկսվել էր դեռ օգոստոսի 6-ին, կարելի է համոզված ասել, որ գյուղի գրավվման մասին Հայաստանի ղեկավարությունը նախօրոք իրազեկված էր: Հարկ է նշել, որ ՀՀ Նախագահի չափից դուրս զիջողական և անվճռական գործելաոճը հանգեցրել էր այն բանին, որ հայկական շատ զորամասեր չէին ենթարկվում նրան: Այդ պայմաններում ծանրաբեռնվածության մեծ մասն ընկնում էր ՀՀ Վարչապետի վրա:
Ամռան ընթացքում ԵԱՀԽ ՄԽ-ը երկու կողմերին մի քանի անգամ առաջարկեց հաստատել հրադադար. առաջարկը չընդունվեց ադրբեջանցիների կողմից: Այդուամենայնիվ աշնանը հայկական ուժերը կարողացան բեկում մտցնել ռազմական գործողությունների ընթացքի մեջ, և սկսվեց հայկական բնակավայրերի աստիճանական հետբերումը: