Վերնագրում հատված է
Փինք Ֆլոյդի հայտնի երգից, որը յուրօրինակ բողոք էր «չկրթության» (no education)` քարացած և անդեմ կրթական համակարգի դեմ։ Ցավոք, այդ եզրույթը միանգամայն կիրառելի է ժամանակակից հայկական հանրակրթական համակարգի համար։
Աշխատելով համակարգի ներսում և առնչվելով ներքին խնդիրների հետ՝ հասկանում ես, որ հանրակրթության վիճակը հեռու է բավարար լինելուց։ Դա ունի շատ պատճառներ: Այստեղ կանդրադառնամ դրանցից մի քանիսին (հերթականությունն ու ծավալը կարող են չհամընկնել)։
Օրինակ՝ գրագրամոլությունը, որը նույնիսկ հաղորդակցման զարգացած միջոցների արմատավորման հետ իր դիրքերը շարունակում է պահել, և ոչ միայն կրթության ոլորտում։ Անիմաստ ու անսպառ, անընդհատ կրկնվող տեղեկանքներն ու արձանագրությունները, պլաններն ու գրաֆիկները ոչ միայն անիմաստ ժամանակի վատնում են, այլ նաև համակարգը դարձնում են Կաֆկեսկ (Kafkaesque) մի մեխանիզմ։ Փոխարենը՝ այդ ամեն ինչը կարելի է անել էլեկտրոնային եղանակով՝ խնայելով և՛ ժամանակը, և՛ տեղը, և, ինչու ոչ՝ ծառերը։
Իհարկե, բյուրոկրատականությունը միակ լուրջ խնդիրը չէ համակարգի ներսում։ Դրա զարգացմանը լրջորեն խոչընդոտում են նաև քարացած բարքերը։ Կրթության համակարգում շարունակում են վխտալ կարծրամիտ ուսուցիչները (թեև, այստեղ ավելի տեղին է ասել՝ դասատուները), որոնք էլ իրենց հերթին շարունակում են փոշեպատ մեթոդներով եզրագծել իրենց սաների միտքը։ Միայն չասեք, թե՝ հաճախակի կազմակերպվում են վարպետության դասեր ուսուցիչների համար։ Հայաստանում հանրակրթությունը հանգում է նրան, որ երեխաներին սովորեցնում են ենթարկվել՝ մտածելու փոխարեն։ Դա բերում է նրան, որ աշակերտներն ուղղակի ի վիճակի չեն լինում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Սրան կարող ենք գումարել տարբեր առիթներով երեխաներից նվերներ գռփելը, որը վաղուց արդեն երկուստեք սովորույթ և չգրված օրենք է դարձել։ Այստեղ արժի ավելացնել մի հատված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից՝ «Վարդապետք տխմարք եւ ինքնահաճք, անձամբ առեալ պատիւ եւ ոչ յԱստուծոյ կոչեցեալ. արծաթով ընտրեալք եւ ոչ Հոգւով. ոսկեսէրք, նախանձոտք, թողեալ զհեզութիւն, յորում Աստուած բնակէ, եւ գայլք եղեալ՝ զիւրեանց հօտս գիշատելով։»
Դասագրքերից շատերն անբովանդակ են և/կամ հնացած գիտելիքներ պարունակող։ Դրանցից շատերն ուղղակիորեն (երբեմն՝ բառացիորեն) թարգմանված են վերջին տարիների ռուսաստանյան դասագրքերից, առանց որևէ ադապտացիայի ու քննության։
Այս ամենին կարող ենք ավելացնել նաև անիմաստ ուսումնական ծանրաբեռնվածությունը։ Պրակտիկ գիտելիքների հաղորդման փոխարեն հնգամյակը մեկ (այդ հաճախականությամբ են վերահրատարակվում գրքերը) տպագրվող գրքերը տոգորված են հայերի մեծության և հնության մասին երկար ու ձիգ տեքստերով։ Այս տեմպերով, մոտ մի 50 տարուց արդեն կարելի է դասագրքերում գրել, որ հայերը որպես ազգ ձևավորվել են Արեգակնային համակարգից 3-5 մլն տարի առաջ։ Համեմատության համար՝ Հայկական լեռնաշխարհում քարի դարին ավելի շատ ծավալ է առանձնացված, քան, ասենք՝ 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի հասարակական-քաղաքական ցանկացած առանձին գործընթացի։ Այնինչ հենց վերջին ժամանակահատվածից սկսած է պետք խորացնել պատմության ուսումնասիրությունը, քանի որ հենց այդ և դրան հաջորդող ժամանակահատվածի դեպքերն են մեծ ազդեցություն գործել ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացների վրա, և ոչ՝ թռեղքյան հուշարձանները կամ Արատտայի օրենսդրությունը (դա բացարձակ չի նշանակում, թե հին և հնագույն պատմությունը պետք չէ ուսումնասիրել)։ Դրան գումարվում են նաև այնպիսի անիմաստ առարկաների ուսուցումն, ինչպես օրինակ՝ կրոնի պատմությունն է։ Այն ոչ այլ ինչ է, քան պատմության և հասարակագիտության դասերին ուսումնասիրած նյութի ավելի խորացված (հիրավի հոգևոր ճեմարաններին հատուկ) ուսումնասիրություն (+ աստվածաշնչյան առասպելները՝ առանց գոնե մակերեսային աստվածաբանական մեկնաբանության)։ Իհարկե, դժվար թե կարողանա մեկն ինձ հիմնավոր կերպով բացատրել, թե ինչ է տալիս աշակերտին այս կամ այն եկեղեցական ժողովի մանրամասները կամ այս կամ այն կաթողիկոսի գործունեությունն այդքան խորացված իմանալը։
Ցավոք, ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին անիմաստ ու ոչ պրակտիկ առարկաները ոչ միայն չեն պակասի, այլ նաև կավելանան․․․
Իսկ դպրոցական առարկաների ահռելի ծավալը հետագայում դրսևորվում է քննությունների անծայրածիր հարցաշարերում, որոնք կազմվում են ոչ թե դիմորդի ապագա մասնագիտացումը հաշվի առնելով, այլ՝ առարկայի համընդհանուր և համապարփակ ծամծմման։ Իսկ քննություններից հետո շատերն ուղղակի չեն էլ հիշում իրենց սովորածը և ատում են տվյալ առարկան։
Եվ իհարկե՝ հոսքային ավագ դասարանների (ավելի ճիշտ՝ դրանց բացակայության) խնդիրը, որն իսկական պատուհաս է գավառական դպրոցների համար, որոնք ուղղակի չեն կարող ապահովել հոսքային ուսուցում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է իրոք արժանի կադրերի կորուստի, որովհետև շատ երեխաներ չեն ստանում պատշաճ գիտելիքներ և փորձ՝ իրենց ընտրած մասնագիտության մեջ խորանալու համար։