Հայ-ադրբեջանական (Արցախյան) պատերազմի ընթացքում հայկական ուժերին հաջողվեց թշնամուց ազատագրել
մի քանի կարևոր հայկական բնակավայրեր:
Դրանց ազատագրման օրերն ամեն տարի նշվում են որպես տոն, և պետք է, որ բոլորն էլ հիշեն դրանք:
1992 թ. փետրվարի 26 - փետրվարի 25-ի ուշ երեկոյան սկսվեց Խոջալու ավանի գրոհը, որտեղից օր ու գիշեր հրետանակոծվում էր Ստեփանակերտը: Փետրվարի 26-ի վաղ առավոտյան հայկական ուժերին հաջողվեց հակառակորդին դուրս շպրտել քաղաքից: Քաղաքը վերանվանվեց Իվանյանի` գեներալ Քրիստափոր Իվանյանի անվամբ:
1992 թ. մայիսի 8 - Շուշի բերդաքաղաքը գտնվում է Ստեփանակերտի գլխավերևում, և դրա ազատագրումը կենսական նշանակություն ուներ Ստեփանակերտի համար: Թեև մայիսի 7-ին կնքվել էր հրադադար, բայց հենց նույն օրն էլ այն խախտվել էր հակառակորդի կողմից, դրանով իսկ անհետաձգելի դարձնելով Շուշվա գրոհը: Մայիսի 8-ին հայկական ուժերը կարողացան մտնել անառիկ թվացող բերդաքաղաք և հաղթել թվապես գերազանցող թշնամուն: Փողոցային մարտերը շարունակվում էին մինչև մայիսի 9-ը:
1992 թ. մայիսի 18 - Շուշիի ազատագրումից հետո շատ կարևոր էր վերացնել Արցախը Մայր Հայաստանից անջատող թշնամու Լաչինի խմբավորումը: Մայիսի 18-ին հայկական ուժերը կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքը և ազատագրելով Լաչինը (ներկ. Բերձոր) բացեցին Արցախի կյանքի միջանցքը: Հենց նույն օրը Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ տեղափոխվեց մեծ քանակությամբ դեղորայք, պարեն ևն:
1993 թ. ապրիլի 3 - այն ժամանակ, երբ թշնամու ձեռքերում էր շարունակում մնալ Մարտակերտը, հայկական ուժերը կազմակերպեցին հանդուգն մի գործողություն, ինչը թույլ կտար հակառակորդից մաքրել Մարտակերտի թիկունքը և նախապատրաստել դրա ազատագրումը, ինչպես նաև` լռեցնել Վարդենիսի շրջանին ու Բերձորի մարդասիրական միջանցքին սպառնացող թշնամու կրակակետերը: Մարտի վերջերին սկսված գործողությունը հաղթական ավարտին հասավ ապրիլի սկզբերին` ապրիլի մեկին հայկական ուժերն առանց լուրջ դիմադրության մտան Քարվաճառ շրջկենտրոնը, մինչև նույն ամսի երեքը հայկական ուժերը լիակատար վերահսկողություն սահմանեցին շրջանի նկատմամբ: Եւս մեկ-երկու օր տևած փոխհրաձգությունից հետո հակառակորդի ուժերը դուրս շպրտվեցին Օմարի/Ամուրի լեռնանցքից այն կողմ:
1993 թ. հունիսի 27 - 93-ի առաջին մի քանի ամիսներին հայկական ուժերին հաջողվեց թշնամուց ազատագրել Մարտակերտի շրջանի գյուղերի մեծ մասն ու ընդհուպ մոտենալ ռազմակալված Մարտակերտին: Մարտունուց շեղող հարված հասցնելով հակառակորդի Աղդամի խմբավորմանը, հայկական ուժերին հաջողվեց մերկացնել Մարտակերտի թիկունքը: Քաղաքի համար ծավալվեցին կատաղի մարտեր և հունիսի 26-27-ը հայկական ուժերին վերջապես հաջողվեց վերահսկողություն սահմանել քաղաքի գերակա Հեռուստաաշտարակի ու "Պուշկինի" բարձունքների վրա` հակառակորդին ստիպելով նահանջել:
1993 թ. հուլիսի 23 - հայկական ուժերի հաղթարշավն Արցախում շարունակվում էր: Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի համար պատուհաս դարձած Աղդամի (ներկ. Ակնա) հերթն էր խոնարհվելու հայ ազատարար զինվորների առջև: Երկարատև կատաղի ու ծանր մարտերից հետո հայկական ուժերը հաղթանակած մտան Աղդամ:
1993 թ. օգոստոսի 22 - հայկական ուժերի դիրքերը շարունակում էին խոցելի մնալ հարավից: Օգոստոսի սկզբին հակառակորդը հերթական անգամ խախտում է կարճատև հրադադարը, որին ի պատասխան հայկական ուժերը հարձակման են անցնում հարավային ուղղությամբ և ավելի քան երկու շաբաթ տևած մարտերից հետո թշնամուն ստիպում են թողնել Ֆիզուլին (ներկ. Վարանդա):
1993 թ. օգոստոսի 23 - զարգացնելով հաջողությունը հայկական ուժերը Ֆիզուլու ազատագրումից հետո վերահսկողություն են սահմանում Ջաբրայիլի (ներկ. Ջրական/Մեխակավան) նկատմամբ:
1993 թ. օգոստոսի 30 - կատաղի մարտեր են ծավալվում Քաշունիքում, հայկական ուժերը մեծացնելով ճնշումը վերջ ի վերջո թշնամուն դուրս են մղում Ղուբաթլուից (ներկ. Սանասար), այդպիսով գործնականում ապահովելով Լաչինի միջանցքի անվտանգությունը:
1993 թ. նոյեմբերի 1 - հայկական ուժերի թիկունքում մնացել էր հակառակորդի վերջին հենակետը` Զանգիլանը (ներկ. Կովսական): 93-ի աշնանը թշնամին հրադադար էր խնդրել, պատճառը նախագահական ընտրություններն էին: Ձայների 99%-ով հաղթանակած Հեյդար Ալիևը յուրովի փորձեց նշել հաղթանակը: Հոկտեմբերին հակառակորդը խոշոր հարձակում սկսեց հայկական ուժերի հարավ-արևելյան ուղղությամբ, որը տապալվեց: Հայկական ուժերը հարավում լուրջ հաջողություններ արձանագրեցին, հասնելով մինչև Հորադիզ կայարան: Միաժամանակ հարձակում սկսվեց հակառակորդի Զանգիլանի խմբավորման ուղղությամբ: Հոկտեմբերի 29-ին հայկական ուժերը մտան քաղաք, ևս 2 օր տևած մարտերի արդյունքում թշնամին դուրս շպրտվեց շրջանից:
1994 թ. փետրվարի 18 - 1993-94 թթ. ձմռանը հակառակորդը ձեռնարկեց աննախադեպ լայնածավալ հարձակում: Ռազմաճակատի որոշ հատվածներում նրանք կարողացան հայկական ուժերին ստիպել նահանջել: Կատաղի մարտեր էին ընթանում ռազմաճակատի ողջ երկայնքով: Թշնամին կարողացավ գրավել Հորադիզ կայարանը, որոշ հատվածներում ճեղքել Մռավի լեռնաշղթան: Փետրվարի կեսերին հայկական ուժերը շեշտակի գրոհ ուղղեցին Ամուրի/Օմարի լեռնանցքին և ամսի 18-ին կարողացան թշնամուն շպրտել Մռավից այն կողմ: Նահանջող հակառակորդի զինվորներից շատերը մնացին հավերժական ձյան տակ: Երեք ամիս անց կնքվեց զինադադար, որը գործում է մինչ օրս:
ՓԵՏՐՎԱՐԻ 18 - ՕՄԱՐԻ (ԱՄՈւՐԻ) ԼԵՌՆԱՆՑՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՓԵՏՐՎԱՐԻ 26 - ԽՈՋԱԼՈւ (ԻՎԱՆՅԱՆ) ԱՎԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ԱՊՐԻԼԻ 3 - ՔԱՐՎԱՃԱՌԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՄԱՅԻՍԻ 8 - ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՄԱՅԻՍԻ 18 - ԼԱՉԻՆԻ (ԲԵՐՁՈՐԻ) ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՀՈՒՆԻՍԻ 27 - ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՀՈՒԼԻՍԻ 23 - ԱՂԴԱՄԻ (ԱԿՆԱՅԻ) ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՕԳՈՍՏՈՍԻ 22 - ՖԻԶՈՒԼԻԻ (ՎԱՐԱՆԴԱՅԻ) ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՕԳՈՍՏՈՍԻ 23 - ՋԱԲՐԱՅԻԼԻ (ՄԵԽԱԿԱՎԱՆԻ) ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՕԳՈՍՏՈՍԻ 30 - ՂՈՒԲԱԹԼՈՒԻ (ՍԱՆԱՍԱՐԻ) ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 1 - ԶԱՆԳԵԼԱՆԻ (ԿՈՎՍԱԿԱՆԻ) ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ