Օգոստոսի 28-ին լրացավ մեկ տարի, ինչ ես Քարվաճառի բնակիչ եմ: Այս մեկ տարին հարթ չէր և այժմ, երբ կառուցվում է իմ տունը, որի քարերը ես իմ ձեռքերով եմ իրար վրա դրել, կարող եմ հաղթանակած նայել հետ` իմ անցած դժվարին ուղուն...
Գիտեմ, որ մեր ընտանիքի ճակատագիրը շատերի ուշադրության կենտրոնում էր, և առանց չափազանցնելու կամ պարծենալու հաստատ կարող եմ ասել, որ մեր ընտանիքն այս առումով ավանգարդ էր, և ազատագրված տարածք տեղափոխվելու մտադրություն ունեցող շատերը սպասում էին հենց մեր հաջողությանը... Երևի այդ հանգամանքն էլ էր, որ մեզ ստիպում էր չհանձնվել...
Այս գրառումը հենց այն մարդկանց է ուղղված, ովքեր ունեն վերաբնակվելու ցանկություն: Չեմ ուզում, որ նրանք կրկնեն այն սխալները, որոնք արեցինք մենք` անփորձության և հուզականության պատճառով: Դա շատ է կարևոր հատկապես չհուսահատվելու և չկոտրվելու համար: Վերջ ի վերջո` ցանկացած անհաջողություն վատ նախադեպ կարող է դառնալ:
Առաջին և ամենակարևոր պայմանը` երբեք, ոչ մի դեպքում չտեղափոխվեք ապրելու, քանի դեռ չունեք ձեր տունը, գոնե ժամանակավորապես վարձով... եկեք և հյուրընկալվեք մեր տանը, ուսումնասիրեք և ընտրեք տարածք, բայց մինչև ձեր տուն ունենալը մի ապրեք ուրիշների հետ իրենց տանը, որովհետև լարված հոգեվիճակում եք լինելու և չի բացառվում, որ կոտրվեք և թքելով ամեն ինչի վրա` վերադառնաք:
Երկրորդը` երբեք մի´ խաբվեք գեղեցիկ խոսքերին, դատեք գործերով:
Երրորդ (երկրորդի հավելված)` մի´ վստահեք մարդկանց, քանի դեռ երկար չեք շփվել և լավ չեք ուսումնասիրել նրանց: Սթափ նայեք ամեն ինչի:
Չորրորդ` տան համար ընտրեք այնպիսի վայր, որը մոտ է ենթակառուցվածքներին, այլապես շատ դժվարություններ եք կրելու դրանց անցկացման և տուն շինանյութ հասցնելու համար:
Հինգերորդ` 60-70 ք.մ մակերեսով ավերակի վերականգնումն արժենում է մոտ 5 մլն դրամ, մի´ շտապեք սկսել շինարարությունն առանց ունենալու այդ միջոցներն ամբողջությամբ:
Վեցերորդ` մանրամասն իմացեք թե ինչքան ու ինչ շինանյութ է ձեզ հարկավոր լինելու, շինանյութը հասցրեք ոչ ուշ և ոչ շուտ քան 10-12 օրը (շուտ բերեք` հնարավոր է փչանա, ուշ բերեք` շինարարությունը կկանգնի):
Յոթներորդ` եթե դուք վերը նշյալը կարդացիք, հասկացաք ու դեռ պատրաստ եք տեղափոխվել ապրելու Քարվաճառ, ապա` արեք դա, ձեզ ոչի´նչ չի կանգնեցնի: :)