Փետրվարի 20-ին և 28-ին ընդառաջ

Feb 12, 2013 21:44




Արցախյան գոյամարտի նորագույն շրջանը քննելիս, հետազոտողների մեծ մասը, ոմանք չիմանալով, մյուսները` դիտմամբ, Արցախյան հակամարտության սկիզբ են համարում 1988-ի փետրվարը, երբ ընդունվեց ԼՂԻՄ Մարզխորհրդի նիստի որոշումը և տեղի ունեցան սումգայիթյան հայտնի դեպքերը: Սակայն փետրվարի 20-ի որոշումը ոչ թե պատճառն էր, այլ` հետևանք ադրբեջանական ղեկավարության հայահալած քաղաքականության:
Իրավիճակը քիչ թե շատ կայուն էր մինչև 1986 թ., երբ պայքարը միայն ընդհատակյա էր և փորձ էր արվում Արցախյան հիմնախնդիրը լուծել երկրամասի բնակչության ազատ կամարտահայտման` ստորագրահավաքի միջոցով: Լուրջ բախումներ խորհրդային և ադրբեջանական ուժային կառույցների հետ չէին լինում:
Սակայն Կենտրոնի դերը գնալով նվազում էր, դրան զուգահեռ աճում էին անվերահսկելիությունը կայսրության ծայրամասերում և ազգայնական տրամադրությունները: Ստեղծված պայմաններում պետք էր միայն կայծ, որից կսկսեր եփվել ԽՍՀՄ վախճանի կաթսան: Այդ կայծը եղավ 1986-ի ապրիլին` Յակուտիայում: Թեև հակառուսական ռեյդը, որի պատճառն էր ղեկավարող պաշտոնների փոխանցումն ազգությամբ ռուսներին, հանդարտեցվեց, սակայն ոչինչ չարվեց այդ երևույթը տեղայնացնելու համար: Դա պատճառ դարձավ շղթայական ռեակցիայի սկզբի: Հաջորդը Ղազախստանն էր, որտեղ նույն տարվա դեկտեմբերին բռնկվեց հակառուսական արշավ, որի արդյունքը եղավ տասնյակ ռուսների ոչնչացումը: Տարիներ շարունակ հակահայկականությամբ սնուցվող ադրբեջանական ղեկավարության համար դա հայերից ազատվելու ազդակ էր:
1987 թվականի հուլիսը դարձավ Արցախյան գոյամարտի սկիզբը: Հենց այդ ժամանակ հայ դյուցազունների օրրան Չարդախլուն դարձավ ադրբեջանական ղեկավարության թիրախը: Գյուղը տվել է երկու ԽՍՀՄ մարշալ և տասնյակ զորավարներ ու հերոսներ, գյուղացիները հայտնի են իրենց ձեռներեցությամբ և խելքով, միաժամանակ շատ կապված են իրենց հողին: Սակայն, բացի հուզականը, կար ևս մեկ պատճառ, որը հրատապ էր դարձնում չարդախլեցիներին իրենց գյուղից վտարելը: Գյուղը դամոկլյան սրի պես կախված է Ադրբեջանի խոշորագույն քաղաքներից մեկի` Գանձակի վրա, դրա հետ մեկտեղ` այն շատ մոտ է ընկած Մայր Հայաստանին: Դա էր պատճառը, որ 1987-ի ամռանը Շամխորի շրջանի առաջին քարտուղարը սկսեց ճնշումներ կիրառել Չարդախլվի բնակչության նկատմամբ, և սկսվեց նրանց բռնագաղթը, որոնք իրականացվում էին ամենահանդուգն և անմարդկային ձևով: Այդպիսով, Ադրբեջանում սկսվեց հայերի նոր ցեղասպանություն, որը տևեց մինչև 1993 թ.: Հայերը միակ արգելքն են համաթյուրքական պետության ստեղծման համար և այդ արգելքը պետք էր վերացնել: Այն, ինչը չհաջողվեց անել երիտթուրքերին և մուսավաթիստներին, փորձելու էին ավարտել ադրբեջանցիները: Դրանից հետո երևանյան ցույցերի շեշտը փոխվեց, հիմնական պահանջն արդեն ոչ թե կապված էր քիմարդյունաբերության հետ, այլ նպատակն Արցախի և Նախիջևանի վերադարձն էր: Ընդ որում` չկար հակախորհրդային որևէ կոչ: Ցույցերին մասնակցում էր նաև ազգի սերուցքը: Ի պատիվ չարդախլեցիների պետք է նշել, որ հանկարծակի սկսված ճնշումներին նրանք կարողացան ցուցաբերել թեկուզ և թույլ, բայց արժանի դիմադրություն և չլքեցին իրենց գյուղը մինչև 1988 թ. ուշ աշուն:
Չարդախլյան իրադարձություններից հետո, արցախահայությունը հասկացավ, որ չպայքարելու դեպքում Արցախը կարժանանա Նախիջևանի ճակատագրին: 1988-ի դրությամբ ադրբեջանական ղեկավարության ջանքերով Նախիջևանն արդեն ամբողջովին հայաթափվել էր:
1987-ի նոյեմբերի վերջին և 1988-ի հունվարի սկզբին արցախցիների պատվիրակությունը խորհրդային ղեկավարությանն է հանձնում ինքնավար մարզի բնակչության բացարձակ մեծամասնության ստորագրությունները պարունակող` մարզը Մայր Հայաստանի հետ վերամիավորելու  արցախահայության խնդրանքը: Սակայն Կրեմլը լուռ էր:
1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների  մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց` դիմել ԱդրբԽՍՀ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ն ԱդրբԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով:
Այդպիսով ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզխորհուրդը, լինելով ԼՂԻՄ-ի բնակչության կողմից սեփական շահերը ներկայացնելու նպատակով և ժողովրդավարական սկզբունքներով կազմված կառույց` արտահայտեց արցախցիների միանգամայն իրավական որոշումը` ԱդրբԽՍՀ կազմից դուրս գալու և ՀԽՍՀ հետ միանալու մասին: Դրան “ի պատասխան” փետրվարի 22-ին Աղդամում ավերածություններ գործելուց հետո Ասկարան ուղղվեցին կացիններով և մետաղաձողերով զինված երեք հազար ջարդարարներ, որոնց Ասկարանում պատրաստվում էին դիմակայել մի քանի հարյուր հայեր : Սակայն, ջարդարարների առաջը փակելու համար ուղարկված խորհրդային ոստիկանները, որոնց թվում և ադրբեջանցիներ կային, կրակ բացեցին այդ խառնամբոխի ուղղությամբ: Ոչնչացվեցին առաջատարներից երկուսը, որոնցից առնվազը մեկը ոստիկանության
գնդակից. դրանից հետո խուժանը ցրվեց : Այդ անհաջողությունից հետո նույն մեթոդը գործարկվեց նաև Սումգայիթում: 1988 թվականի փետրվարի 26-ին Բաքվից 25-30 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած Սումգայիթ քաղաքում սկսվեցին հակահայկական ցույցեր: Արդեն հաջորդ օրը դրանք վերաճեցին հայկական ջարդերի: ԱդրբԽՍՀ ղեկավարությունը նախօրոք զինել և ցուցումներ էր տվել ջարդարարներին: Ընդ որում` ջարդերի կազմակերպիչներից մեկը, չարդախլյան իրադարձություններից հետո Բաքվում պաշտոնի բարձրացում ստացած Շամխորի շրջանի նախկին առաջին քարտուղար Ասադովն էր, ով դեռ ԼՂԻՄ Մարզխորհրդի որոշումից մոտ մեկ շաբաթ առաջ սպառնացել էր, թե` հարյուր հազարավոր ադրբեջանցիները պատրաստ են հոշոտել հայերին: Այդպիսով, հստակ երևում է, որ ԱդրբԽՍՀ տարածքում տեղի ունեցած հայերի կոտորածները ոչ միայն ոչ մի կապ չունեն Մարզխորհրդի որոշման հետ, այլ նաև դրանից շատ առաջ են կազմակերպվել ու կազմակերպվել են հանրապետության ղեկավարության կողմից, դրանով իսկ այդ հանցագործությունները միանգամայն համապատասխանում են ցեղասպանության ձևակերպմանը: Այդ ամենից հետևում է, որ արցախահայությունն այլ ելք չուներ, քան սկսել զինված գոյապայքար ադրբեջանական մահվան մեքենայի դեմ: Նման նախադեպ եղել է 1970-ականներին Բանգլադեշում, ինչպես նաև տարիներ անց Արևելյան Թիմորում:
Քաղաքում երեք օր քաոս էր տիրում: Հայերին հոշոտում էին իրենց տների մեջ: Բռնաբարում և անասելի գազանությունների էին ենթարկում կանանց և երեխաներին: Առանց սեռի և տարիքի խտրականության ողջակիզում, տանջամահ էին անում, պատշգամբներից դուրս էին նետում հայերին: Հայերը, Սումգայիթում կոմպակտ չբնակվելու պատճառով, բացի հատուկենտ դեպքերից, չկարողացան իրականացնել արդյունավետ ինքնապաշտպանություն: Միայն փետրվարի 29-ին քաղաքային զորամասի զինվորներին հրամայվեց քաղաքում կարգ ու կանոն հաստատել: Ողջ մնացած հայերն արտաքսվեցին խորհրդային տարբեր հանրապետություններ, մի մասը` ՀԽՍՀ և ԼՂԻՄ: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ամենը ներկայացվեց այնպես, թե “Սումգայիթ”-ի կազմակերպիչները Հայաստանից բռնաքշված ադրբեջանցիներն էին: Սակայն այդպիսիք ուղղակի գոյություն չունեին: Ավելին` Հայաստանից Սումգայիթ կազմակերպված տեղափոխվել էին բավականին ապահովված ադրբեջանցիներ, նպատակ ունենալով բնակարաններ ստանալ այդտեղ: Ամենաանհեթեթն այն է, որ ադրբեջանական քարոզչությունը պատկերում է այդ “գաղթականներ”-ին այնպիսի վնասվածքներով, որոնք ավելի բնորոշ են Շարիաթի դատին և ընդունված են մահմեդականների մոտ, և դժվար թե կիրառվեին քրիստոնյա հայերի կողմից: Խորհրդային լրատվամիջոցները պահպանում էին լռություն կատարվածի մասին, շռայլ չէր նաև հայկական մամուլը: ՀԽՍՀ ղեկավարությունն էլ շատ պասիվ էր: Սումգայիթյան ողջակիզման իրականացման ժամանակն էլ շատ լավ էր ընտրված` այդ օրերին ինչպես ամբողջ Աշխարհի, այնպես էլ խորհրդային քաղաքացիների ուշադրությունը սևեռված էր Կալգարիի Ձմեռային Օլիմպիադայի վրա, որտեղ, ի միջի այլոց, ԽՍՀՄ հավաքականը 11 ոսկե մեդալով գրավեց առաջին տեղը: Դա ԽՍՀՄ հավաքականի վերջին մրցելույթն էր:
Նույն օրերին “սումգայիթ”-ը կրկնելու փորձ եղավ նաև Գանձակում և Բաքվում, սակայն հանդիպելով արժանի դիմադրության, ջարդարարները ստիպված եղան նահանջել: Այստեղ արդեն պարզ երևում է ադրբեջանական քարոզչության ստահոդությունը` եթե Սումգայիթում “գաղթական ադրբեջանցիների ցասում”-ն էր, այդ դեպքում, օրինակ` Գանձակում ովքե՞ր էին:
Բայց այդ ծանր ցնցումից հետո էլ հայ ազգը չիջավ բարբարոս ադրբեջանցիների մակարդակի, չկորցրեց իր մարդկությունն ու արժանապատվությունը և նույն կերպով չպատասխանեց ՀԽՍՀ տարածքում բնակվող 160 հազար թյուրքերին, որոնցից ոչ մեկի նկատմամբ որևէ թշնամական գործողություն չիրականացվեց:
Սակայն նույնիսկ այդ պայմաններում ԽՍՀՄ ղեկավարությունը գերապատվությունը տալիս էր հարցն հօգուտ ԱդրբԽՍՀ լուծելուն: Դա բնական է, քանի որ ԼՂԻՄ վտանգավոր նախադեպ կարող էր դառնալ ոչ միայն ԽՍՀՄ այլ նաև ՌԽԴՍՀ նվաճված ժողովուրդների համար: Բացի այդ կար նաև Գորբաչյովի սուբյեկտիվ մոտեցումը հարցին, ով փորձում էր Նախագահ խաղալ: Նրան շատ էր զայրացնում այն, որ հայերը ոչ միայն իսկույն չէին ենթարկվում իրեն, այլ նաև պայմաններ էին առաջ քաշում: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Գորբաչյովը դարձավ իր քմահաճությունների զոհը, սակայն իր սխալները գիտակցելու և շտկելու փոխարեն, նա ավելի խորացրեց դրանք, վերջին հաշվով կործանելով ողջ խորհրդային կայսրությունը: Ընդհանուր առմամբ խորհրդային երկու առաջնորդների` Ստալինի և Գորբաչյովի բռնած դիրքն Արցախյան հիմնախնդրում կարելի է բնորոշել որպես ինքնահաստատման փորձ: Առաջինը փորձում էր չմնալ Լենինի ստվերում և այդ պատճառով գնաց դեմ նրա ազգային քաղաքականությանն, իսկ երկրոդը` փորձում էր ուժեղ ղեկավար երևալ:
“Սումգայիթ”-ից հետո պարզ դարձավ, որ ադրբեջանական վերահսկողության տակ Արցախի մնալը սպառնում է արցախցիների բնաջնջմամբ: Սումգայիթյան ողբերգությունը հայերի մեջ սկսեց ասոցացվել Մեծ եղեռնի հետ և հայ ազգը սկսեց գիտակցել, որ թյուրքերի հետ պետք է խոսել ոչ թե բանակցությունների, այլ ուժի լեզվով:
Մարտ ամսին արվեց վերջին փորձը` հարցը խաղաղ լուծելու ուղղությամբ` ԼՂ Մարզային կոմիտեն, ինքնավար մարզը Մայր Հայաստանին վերադարձնելու խնդրանքով դիմեց ԽՄԿԿ ԿԿ-ին: Այդ խնդրանքը մնաց անպատասխան:
Մարտի կեսերին Երևան մտցվեց խորհրդային զորք : Դա ավելի քան տարօրինակ էր, որովհետև Երևանում որևէ բախում չէր արձանագրվել:

հայ-թրքական, թեզիցս, Սումգայիթ, Արցախ և Հայաստանի ազատագրված տարածք, Հայոց պատմություն

Previous post Next post
Up