Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Dec 23, 2011 22:27





Բոլորի ամենասիրած ժամանակը` Ծննդյան տոներն են: Սակայն շատ մարդիկ չգիտեն այդ տոների խորհուրդը:

Նախ պետք է նշել, որ մինչև Հայաստանի խորհրդայնացումը և այդպիսով այստեղ անաստված կարգերի հաստատումը մեր հիմնական և ամենակարևոր տոնը Քրիստոսի ծննդյան տոնն էր` Սուրբ Ծնունդը: Խորհրդայնացումից հետո ինչպես ամեն ազգային և կրոնական (մեր դեպքում դրանք իրար միաձուլված են) երևույթ, առավել ևս Սուրբ Ծննդյան տոնն արգելվեցին (“Փառք Աստծուն”-ն էլ դարձավ “Փառք ԽՄԿԿ”, բայց դա այլ պատմություն է): Այդ պայմաններում սկսվեց ավելի մեծ շուքով նշվել Ամանորը (նենց չի, որ մինչև այդ մենք չէինք նշում Ամանոր, բայց դա հաստատ չէինք անում ռուսական մոդելով, այն է` “нажраться в *опу”): Տոնածառի գագաթի խաչը փոխարինվեց հնգաթև խորհրդային կարմիր աստղով (անկախացումից հետո փոխառվեց արևմտյան չեզոք Բեթղեհեմի աստղը, բայց, օրինակ` Լատինական Ամերիկայում, որտեղ մարդիկ շատ հավատացյալ են, օգտագործվում է խաչը (նկարում դա ավելի լավ է երևում, պատկերված է Աշխարհի խոշորագույն վերջրյա տոնածառը):

Եթե չհաշվենք գարնան տոնը (մարտի 22), որն, իմ իմանալով, նշում էին մեր հարևան և ոչ այդքան բոլոր արիական (կամ` հնդեվրոպական, ոնց ձեզ ավելի հարմար է) ազգերն` իրանցիները, հույները, հռոմեացիները, կելտերը, գերմանները ևն, ապա մեր նախնիները հիմնական տոնը նշում էին հայ ազգի ավանդական հիմնադրման օրը` Նավասարդ ամսվա առաջին օրը (օգոստոսի 11-ին): Այդ օրը թագավորի գլխավորությամբ ազատանին, զինվորները, հասարակ մարդիկ և քրմերը հավաքվում էին Նպատ լեռան փեշերին, որտեղ էր գտնվում հայոց համադիցը (ով չհասկացավ` ամենաթույն աստվածների գրասենյակներն այդ տեղում էին կենտրոնացված, մոտավորապես` աստվածների Հյուսիսային պողոտան էր): Մարդիկ մի քանի օր շարունակ տոնախմբություններ ու խաղեր էին անցկացնում Արածանու ափին, երգում էին, պարում և զոհեր մատուցում դիքին (հիմա էլ մի քանի օր շարունակ երգում-պարում են, խմում են ու “ախպերս, հլը նայի, ոնց եմ հմի էս խմած հալիս գանյատ անում”…): Ի միջի այլոց, համոզված եղեք, որ դա ավելի դզող էր, քան ամենաթույն ակումբում (չէ, վայ, կներեք, քլաբում) տժալը (հա, մեկ էլ` Նավասարդին մեծ խարույկներ էին անում, որոնց շուրջը հավաքվում էին ու ուրախանում, կարճ ասած` տժում էին կրակի մոտ):

Ես հաստատ կողմ եմ, որ Նավասարդի առաջին օրը (Արեգը) մենք շարունակենք շուքով նշել, վերջ ի վերջո, եթե չորս ու կես հազարամյակ առաջ այդ օրը Հայկը Բելին նրա լեզվով չբացատրեր, որ վերջինս արդեն համը հանում է, դժվար` ես այստեղ նստած անեի այս գրառումը, դուք էլ ձեր սիրուն հայկական աչքերով կարդայիք սա:

Հին ու նոր Ամանոր






ԺԸ դարում Սիմեոն Երևանցին որոշեց, որ Ամանորը կարելի է նշել հունվարի 1-ին (է, հա, բա, տարին այդ ժամանակ է սկսվում):

Այն ազգերը, որոնք հիմք ունեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու հավատքը, նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին: Դրա պատճառն այն է, որ հռոմեացի կայսրն իր հպատակներին նոր կրոնին ավելի հեշտ ընտելացնելու համար Քրիստոսի ծննդյան տոնը տեղափոխեց hռոմեական մեկ այլ տոնի վրա` ձմռան գիշերահավասարի` Անգերազանցելի Արեգի ծննդյան, որը նշում էին հենց դեկտեմբերի 25-ին: Մի հետաքրքիր զուգադիպություն` արևմտյան երկրներում ընդունված է տոնածառը զարդարած պահել մինչև հունվարի 6-ը` Քրիստոսի իսկական ծննդյան օրը (դա զուտ զուգադիպություն է, սակայն… ինչ իմանաս…):

Ընդհանուր առմամբ, նախախորհրդային շրջանում մեր նախնիների նշած Ամանորը և Սուրբ Ծնունդն ունեն շատ նմանություններ քրիստոնեական հիմնական այլ ուղղությունների ավանդույթների հետ: Հիմնական տոնն էր Սուրբ Ծնունդը, որն ընտանեկան տոն էր: Դրա ժամանակ ողջ գերդաստանը կամ ընտանիքը հավաքվում էր ավագի տանը և տոնն անցկացնում էր մտերմիկ ընտանեկան միջավայրում, նվերներ փոխանակելով և այլ տարբեր ձևերով լրացնելով շփման երկար ժամանակվա բացակայությունը (ինչն աճում էր ուրբանիզացման մակարդակի աճին համաչափ): Ժամանակի ընթացքում երկու տոները միաձուլվեցին իրար և կարծես մեկ երկար տոն դարձան (հետաքրքիր փաստ` որոշ կաթոլիկ ժողովուրդների մոտ Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին):

Ամանորին հայերը մաքրում էին տունը, բակը, գոմն, ազատվում էին հին իրերից (իտալացիներն էլ նման մի ավանդույթ ունեն, ուղղակի նրանց լուսամուտների տակ պետք չի կանգնել…): Այդ օրը բոլորը լվացվում էին թարմ ջրով (դե, նենց չի, որ բոլորը միշտ ծորակներ են ունեցել): Ամանորի գիշերը վառում էին մոմեր ու ճրագեր` հաջողության համար (հիմա էլ Ամանորին լուսազարդարվում են շենքերը և փողոցները): Երեխաները գիշերը շրջում էին փողոցներում երգելով բարեմաղթանք պարունակող երգեր, մոտենալով տներին դրանց երդիկներից ներս էին իջեցնում փոքրիկ պարկեր, որոնք տան տիկինը լցնում էր մրգերով, հատուկ թխված խմորեղենով, պոպոկեղենով ու քաղցրավենիքով (հելոուինամոլներ, ուշադրությու՛ն): Դրանից հետո երեխաներն աղոթում էին այդ տան բնակիչների համար և հեռանում: Մի գեղեցիկ ավանդույթ, հատուկ գենդերապայքարիչների համար, աղջիկներն իրենց փեսացուների տուն էին ուղարկում ձեռագործ ժապավենով իրար կապված կարմիր խնձորների փունջ (խորհրդանշում է պտղաբերությունը և ձեռներեցությունը), ի պատասխան աղջիկների փոխադարձ սիրո` տղաներն այդ խնձորների մեջ ոսկեդրամներ էին խրում և ուղարկում էին հետ (մի´ փորձեք կրկնել, դա վեր է ձեր գիտակցությունից): Տան առաջ փռում էին կարմիր կտոր` հաջողության համար, գոմի վրա մեղրով խաչ էին անում` առատության համար: Տատիկները տարվա առաջին օրը յուղ էին քսում տան այն մասին, ուր պետք է ընկներ Արևի առաջին շողը:

Տոնածա՛ռ ջան, տոնածա՛ռ… 

Ամանորի հետ կապված առաջին ասոցիացիան տոնածառն է: Երբ գալիս է տոնածառը զարդարելու պահը բոլորն են դառնում երեխա և մեծ հաճույքով զարդարում են Ամանորի այդ խորհրդանիշը: Իսկ նրանք գիտե՞ն դրա ծագման պատմությունը

Տոնածառի զարդարումը ծառապաշտության սովորական դրսևորում է: Հայերիս մոտ Ամանորին ավանդաբար զարդարվել է ձիթենի կամ խնկենի: Ամանորին ընտրվել է ձիթենու հաստ ճյուղ, այն խրվել է բաղարջի մեջ, որից հետո օրհնվել է: Այն զարդարել են կարմիր խնձորներով (պտղաբերություն), ցորենի հասկերով (առատություն), լոբու պատիճներով (ընտանիքի ամրություն), ինչպես նաև չարխափաններով, չարի դեմ ուղղված փշերով, ընկույզներով, մետաղադրամներով ևն: Այդ` Կենաց ծառի կողքին դրվում էր փոքրիկ ծառ, որի վրա մոմեր էին վառվում (հիմա իմացա՞ք որտեղից է գալիս տոնածառի վրա դրասանգներ տեղադրելու ավանդույթը):

Եղևնի զարդարելու ավանդույթը գալիս է գերմանական ցեղերից: Հյուսիսային Եվրոպայի ցրտաշունչ ձմռանը, երբ ահավոր ցուրտը ողջ կենդանի աշխարհին ստիպում էր մի քանի ամսով դադարել ապրել, գերմանական ցեղերի համար իսկական հրաշք էր տեսնել այս ծառին մշտապես դալար իր փշերով ցրտին դիմակայելը: Դրան սկսեցին երկրպագել: Եղևնու ճյուղերին էին կախում տարբեր պտուղներ, դրա բարիացկամությանն արժանանալու համար: Հետագայում այդ ավանդույթը մտավ բողոքականների և ոչ միայն նրանց կենցաղի մեջ: Ավելի ուշ, երբ գերմանները ծանոթացան Քրիստոնեությանը, խնձորներին տրվեց արգելված պտղի, իսկ եղևնուն` Դրախտի ծառի բացատրությունն, ինչը դարձավ պատճառ դրա շուրջ երկարատև վեճի կաթոլիկների հետ:

Այսօր մոմերին փոխարինել են դրասանգները, խնձորներին` ապակե և պլաստիկե գնդերը, տարբեր կենդանիները, սակայն դրականի հետ, կա նաև բացասականն` ամենացավալին` ժամանակին տարածված հրեշտակների, որոնք արգելվեցին խորհրդային բռնապետության տարիներին և մոռացվեցին մինչև անկախացումը, փոխարինումն է մաշենկաներով և տիեզերագնացներով: Հետաքրքիր է` Դանիայում և մի շարք այլ երկրներում ընդունված սովորույթ է տոնածառի վրա կախել նաև փոքրիկ պետական դրոշներ (այ, մարդ, էսքա՞ն էլ հետամնաց կլինեն...):

Էլ ի՞նչ Նոր տարի առանց Պապ, Ձմեռ պապ


Եվ իհարկե, բոլոր մարդիկ անկախ իրենց տարիքից հավատում են ամանորյան այդ հրաշագործ ալեհերին, ով նվերներ է պարգևում բոլորին: Ո՞վ է նա: Որտեղի՞ց է գալիս նրա մասին ավանդությունը:

Հայերի մոտ Դ դարից սկսած շատ երկար ժամանակ Ձմեռ պապի կամ Կաղանդ պապի գործառույթն է կատարել Մեծ Պապուկը, որի նախատիպն է եղել Սահակ Պարթևը: Մեծ Պապուկին պատկերում էին գավազանով և քուրքով ալեմորուս կերպարով:

Սանտա Կլաուսի կերպարը ծագում է լիկիացի հոգևորական Սուրբ Նիկողայոսից: Նա հայտնի էր  աղքատներին օգնելու իր համբավով: Սանտա Կլաուսի կերպարի հետագա զարգացումը կապված է գերմանական տարբեր պատկերացումների հետ: Սանտա Կլաուս անվանումը Սուրբ Նիկողայոս անվան աղավաղումն է: Այն անգլիացիներին անցել է հոլանդականացված պարզականացած Սինտերկլաասից: Ի միջի այլոց, հոլանդացիները Սինտերկլաասին պատկերում են եկեղեցական
զգեստավորմամբ (ահավոր անհանդորժող ու կրոնամոլ մարդիկ են, տենց չի լինի, առաջարկում եմ իրավապաշտ-պաններ ուղարկել): Սանտա Կլաուսի կերպարն իր վրա կրել է նաև մեկ այլ գերմանական ազդեցություն` Օդին աստծո պաշտամունքից: Օդինը սկանդինավյան գերագույն աստվածն էր: Նա պատկերվում էր երկար սպիտակ մորուքով, գլխածածկ երկար թիկնոցով: Նա երկնքով ճանապարհորդում էր իր ութոտնանի Սլեյպնիռ ձիով, որի մասին առասպելն էլ հետագայում դարձավ եղջերվասահնակով շրջող Սանտա Կլաուսի կերպարի ստեղծման հիմքը: Սկանդինավյան որոշ ազգերի մոտ առկա է այծին հեծնած Ձմեռ պապի կերպարը, որին անվանում են “Տոնական այծ”, օրինակ` Յուլլեպուկկին:

Ծննդյան տոներն ընտանեկան են


Ծննդյան տոների հիմնական խորհուրդն ընտանիքի և հարազատների հետ վերամիավորումն է: Ե´վ Ամանորին, և´ Սուրբ Ծննդյանը մարդիկ պետք է այցելեն և շնորհավորեն իրենց բոլոր հարազատներին և ընկերներին, հատկապես նրանց, ում հետ երկար ժամանակ չեն շփվել և կիսվեն նրանց հետ տոնի խորհուրդով: Ամանորի առաջին օրը  նախ այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, քահանային, գյուղերում (նաև ավաններում)` գյուղապետին: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Որոշ շրջաններում Ամանորին օջախում այրում էին մեծ գերան և ամեն այցելած հյուր նոր փայտ էր նետում կրակը:

Առատ սեղանով առատ Ամանոր


Էլ ինչ տոնական սեղան առանց տոնական ու համեղ ոտեստների:

Ամանորի սեղանի հիմնական անուշեղեններից են աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու կանեփի բոված սերմերի, երբեմն՝ բոված սիսեռի հետ խառնած: Ամանորին նաև մեծ քանակությամբ հաց է թխվում` Տարեհացը: Այն զարդարվում է տարբեր տիեզերական խորհրդանիշներով, մեջը դրվում է թանկարժեք մետաղ կամ մետաղադրամ, որի գտնողին այդ տարի ժպտալու է հաջողությունը: Հացը բաժանում են 12 մասի: Ամանորի սեղանին կարևոր է ունդավորների առկայությունը, հատկապես լոբու: Լոբու պատյանը խորհրդանշում է ընտանիքն իր անդամներով` հատիկներով: Սեղանին պարտադիր է նաև քաղցրավենիքի առկայությունը` քաղցր տարի ունենալու, մրգերի և հատիկավորների` առատության և պտղաբերության համար: Ամանորյան սեղանի վրա քաղցրավենիքից անփոխարինելի է ընկուզերշիկը (որին պարսկական “սուջուխ” բառով են վիրավորում): Տան տիկինը մեղր է քսում տան բոլոր անդամների բերաններին,
որպեսզի նրանց բերանից միայն քաղցր բաներ լսվեն: Ամանորին ընդունված չէր կծու և թթու (դե, արի մեր օղեմոլներին բացատրի, որ իրենք ռուս չեն) կերակուրներ: Ծննդյան տոների սեղանի ավանդական ուտեստներ են անուշապուրը, հարիսան, ձկնեղենը, հավի հոգանին, կլոնդակը և բազմապիսի աղցանները, հիմնականում նռան հատիկների, ունդավորների, ընկուզեղենի և կանաչու հարուստ պարունակությամբ: Պետք է հիշել, որ Ամանորը պահքի շրջանում է: Ծննդյան տոներին սիրելի ուտեստ է նաև տոլման: Ըմպելիքից սեղանին դրվում են գինիներ և մրգաջրեր (էս խեղճերին էլ նեղում են “կամպոտ” բառով): Ինչ վերաբերում է “ավանդական” խոզի բդին, որը գնելու համար, լսել եմ, մարդիկ կան պարտք էլ են վերցնում, երբեք հայկական ավանդական ամանորյան սեղանի վրա տեղ չի ունեցել,և արմատացել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ: Դրանից առաջ էլ, էլի ոչ շատ հնուց, օգտագործվում էր խորոված գոճին: Ամանորին սեղանին գոճի դնելու սովորույթը փոխառվել է վրացիներից: Կարողացա գտնել վկայություններ, որ մինչ դա Հայաստանի որոշ շրջաններում (ամբողջ Հայաստանի համար չեմ կարող հաստատ ասել, բայց կարծում եմ խիստ տարբերություններ չեն եղել), այդ թվում` Երևանում ծննդյան տոներին սեղանի կենտրոնում դրվում էր խորոված բադ կամ սագ, որին հետագայում իր էժանության պատճառով փոխարինեց հնդկահավը (հետաքրքիր զուգադիպություն):


Ամանորին կար ևս մի հետաքրքիր ավանդույթ` վասիլիկներ (կամ` ասիլիկ-վասիլիկներ)` թոնրում թխվող մարդակերպ (երբեմն` եզների, քսակի ևն ձևով) թխվածքի թխելը: Ըստ այդ խմորե մարդուկների փքվելու աստիճանի որոշում էին եկող տարում ինչ է լինելու:

Հայկական Ամանորի և Սուրբ Ծննդյան մասին շատ բան կա ասելու, սակայն բավարարվենք այս հիմնականով: Թող ամեն նոր տարի լինի ավելի հաջող քան դրա նախորդը և ուրախություն ու հաջողություն բերի ձեզ: Ծննդյան տոներն այն հեքիաթային ժամանակն է, երբ մարդիկ սպասում են հրաշքի: Ստեղծեք այդ հեքիաթը ձեր ծանոթների և ինչու ոչ` ձեզ անծանոթների համար: Եղեք երջանիկ և հաջողակ:

ՁԵԶ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ  և ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ



ազգային խոհանոց, հայկական խոհանոց, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, ավանդույթներ և սովորույթներ, ազգային տոներ

Previous post Next post
Up