Jun 20, 2012 17:26
Մի անգամ ամերիկացի խիստ պահպանողական ընկերոջս հետ խոսում էինք Ժողովրդավարության ու Հանրապետության տարբերությունների մասին: Ընկերս բողոքում էր, որ ԱՄՆ հանրապետությունից վերածվել է ժողովրդավարության ու բացատրում էր տարբերությունը էսպես: Ժողովրդավարության դեպքում իրականանում է ժողովրդի մեծամասնության իշխանությունը, ասել է թէ հասարակությունը, տնտեսությունը (ինչն ինձ ավելի էր հետաքրքիր քան առաջինը) շարժվում են մեծամասնության պատկերացումներով, ընդունվում են օրենքներ, որոնք պաշտպանում են մեծամասնության շահերն ու արժեքները: Հանրապետության դեպքում հակառակը, առկա են մեխանիզմներ, որոնք պաշտպանում են փոքրամասնությանը մեծամասնությունից (ասել է թէ Իշխանություններից):
Ընկերոջս կարծիքով Ամերիկայի հիմնադիր հայրերը փորձում էին ստեղծել հանրապետություն, այլ ոչ թե ժողովրդավարություն՝ այն, ինչ կա այսօր:
Հա ի դեպ, փոքրամասնությունը պետք չի հասկանալ միայն դրա վատ իմաստով: Փոքրամասնության կարգավիճակում կարող է հայտնվել բիզնեսը, տնտեսության առանձին ճյուղեր, հասարակության առանձին շերտեր, քաղաքական ուժեր, շիկահերներ, արվամոլներ և այլն:
Ու հրես ինչու է հանրապետությունն ավելի էֆֆեկտիվ քան ժողովրդավարությունը.
Եթե փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված չեն, այսինքն դրանք կախված են քաղաքական իշխանության փոփոխությունից, փոքրամասնությունը ձգտում է հասնել և պահել իշխանությունն ամեն գնով: Իսկ որ կազմակերպված փոքրամասնությունն ավելի մեծ ուժ է քան անկազմակերպ մեծամասնությունը, ինձ թվում է գաղնտիք չէ:
Հասնելով իշխանության, փոքրամասնությունը փոխում է խաղի կանոնները իր օգտին, ցույց տալով նոր ձևավորված փոքրամանսությանը, որ սեփականը պաշտպանելու միակ տարբերակը վերևում հայտնվելն է:
Արդյունքում օրինակ ստանում ենք Բիզնես-Կառավարություն սերտաճում: Այսօր հայկական բիզնես էլիտային ականջներից քաշում են քաղաքականություն, վստահ եմ Ազգային Ժողովում հայտնված օլիգարխների ու գործարարների մեծամասնությունը մեծ հաճույքով դուրս կմնար քաղաքական գործընթացներից, եթե վստահ լիներ, որ փոքրամասնություն դառնալը չի հարվածի իր շահերին ու ամենակարևորը՝ գրպանին: «Երգիրը երգիր չի» կարգախոսի սիրահարներին ասեմ, որ էս խնդիրը միայն Հայաստանում չի, այլ նկատվում է ամբողջ «Ժողովրդավարական» աշխարհում: Նույն ԱՄՆ-ում ցանկացած մակարդակի ընտրություններում խոշոր կոռպոռացիաները նվիրաբերում են միլլիարդավոր դոլարներ տարբեր քաղաքական գործիչների արշավներին՝ հույս ունենալով չդառնալ փոքրամասնություն:
Երբ փոքրամասնությունը գիտի, որ անկախ նրանից թե ով է իշխանության, իր շահերը պաշտպանված են, խաղի օրենքներն էլ չեն փոխվում, իշխանությունն իր համար դառնում է անհետաքրքիր: Արդյունքում էլ իշխանության են գալիս մարդիկ, որոնք իսկապես ինչ-որ բան են ուզում անել հասարակության և ոչ թե իրենց համար: