Jan 03, 2009 18:58
ՀՈՒՇԵՐԻ ՀԵՂԵՂԻՑ ՓՐԿՎԱԾ ՏԱՊԱՆԻ ՄԵՋ ԿԱՆՉՈՂ ԱՐԱՐԱՏԸ
Գյուղի լուսաբացը իր ինքնատիպ ու հիասքանչ նախերգանքով, արեւի շողերի խտտուն խաղով, թարմ շնչով ու լիցքավորող էներգիայով արթնացնում եւ կյանքով է լցնում հոգիդ:
Ծերուկ հյուրը աքլորի կանչի հետ դուրս է գալիս տնից, բարի լույս մաղթում ժրաջան մեղուների պես իրենց գործերին անցած տան տերերին ու դուրս է գալիս բակ: Մի պահ կանգ է առնում ու, դյութող տեսարանից ազդված, սառչում տեղում: Հանդիպած քարին նստելով՝ հայացքը մխրճում է տեսարանի մեջ:
Վարդանի պապը, նկատելով նրան, մոտենում է, նստում կողքին ու կարճատեւ լռությունից հետո դիմում հյուրին.
_Զրուցու՞մ եք:
_Ապուշ կտրեցայ. կենդանի պատկեր... Հա, հա ճիշտ ես՝ կխոսի իմ հետ, _ ծերուկի աչքերից արցունքներ են գլորվում :
Արցունքների կաթիլները մանր ֆոտո կադրերի պես սահում են ծերուկի անզգայացած դեմքի ակոսներով:
Ծերուկների առջեւ իր մոգական տեսքով հառնել էր Արարատը ու ցավերի վրայով լողացող տապանի մեջ առնելով նրանց, լողալով տանում է դեպի հեռավոր անցյալը:
12. ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ
ՀՈՒՇԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ
(Տարիներ առաջ. Գերմանիայում) Մի գերմանացու գեղեցիկ հյուրասենյակում հավաքված հարազատների ուշադրության կենտրոնում հայտնված անկեղծ ու ջինջ աչքերով աղջիկը հայուհի է:
Սեղանը գլխավորող պատկառելի տարիքի գերմանացու դեմքը ձևավորող կնճիռները հիացմունք էին նկարել, իսկ խոր ընկած աչքերի մեջ մի անսովոր փայլ կար: Նա իր թոռան հարսնացուից հայացքը չհեռացնելով կողքին նստած որդուն խոստովանում է.
_Դու հայ ես:
_Պապ, ի՞նձ ես ասում:
Ներկայից հեռացած ու խոր անցիալում ճեմող մտքերը հուշերից ծնված պատմությունն էին շարադրում.
_Ես որդուդ պես երիտասարդ էի, արյունս եռում էր, ինձ ամեն վտանգից զերծ պահող հորս խնամակալությունից ձանձրացած փախա տնից, ու իմ կարճամտությունն ինձ տարավ Թուրքիա: Այնտեղ սթափվեցի, կորցրի երիտասարդական թեթեւամտությունս ու, քանի որ բժշկական կրթություն ունեի, գործի անցա ու փորձեցի կապ հաստատել հորս հետ, որովհետեւ անմտությանս վտանգավոր արդյունքները սպասել չտվեցին. ինձ կուլ տվող քաոսից միակ փրկության միջոցը հորս ձեռքն էր մնացել: Ես պատրաստ էի նրա ոտքերը համբուրել ներում խնդրելու համար:
Ես կարծում էի, թե նա ինձ չի գնահատում դրա համար էլ պատասխանատու գործերից հետ է պահում, բայց դա այդպես չէր. նրա խնամքի կարեւորությունը ուշ հասկացա ու սթափվեցի: Նա իր ազդեցիկ ծանոթների միջոցով ինձ անվնաս Գերմանիա հասցնելու հարցերը կարգի գցեց ..:
Ինձ հետ վերադառնալու էր, նաեւ, մի թարգմանչուհի:
Նրա ճամպրուկները արդեն տեղավորել էին, երբ մենք մոտեցանք ու տեսանք, թե ինչպես շփոթված կառապանը հուզմունքից դողալով ինչ-որ փաթեթ խցկեց զամբյուղներից մեկի մեջ:
Ես, վատ բան կասկածելով՝ ամուր բռնեցի նրա բազուկը եւ ուժեղ սեղմելով՝ հարցրի, թե ինչ է անում:
Զամբյուղից կատվի ձայնի նմանվող երեխայի նվվոց լսվեց, ու նա խոստովանեց, որ հենց մեր մոտենալուց մի քանի վայրկյան առաջ մի ցնցոտիավոր փոքրիկ թրքուհի այս բեռների մոտից վազեց այս գեղեցիկ փաթեթը ձեռքին. «Ես կարծեցի, թե ձեր իրերից է գողանում: Վրա հասա ու խլեցի այս… իսկ աղջնակը փախավ»:
Թարգմանչուհին զամբյուղից հանեց ու գրկեց փոքրիկին:
Թուրք կառապանը կամաց շշնջաց.
_Հայի երեխա է: Նրանք են այսպես խնամքով բարուրում ու կրծքին անվան սկզբնատառերը ասեղնագործում: Մի թողեք այստեղ, տեսնու՞մ եք կտորի վրայի արյան հետքերը…
Թարգմանչուհին արյան տեսքից սարսռած մտածեց, թե երեխան է վնասված ու արագ սկսեց քանդել բարուրը: Երեխան ծմլկտաց բարուրի մեջ ու տարածեց փոքրիկ թաթիկները. ամեն ինչ կարգին էր, երեխան՝ անվնաս:
_Խնդրում եմ, տարեք ձեզ հետ, այնտեղ որբանոցում թող մեծանա, _ ու քթի տակ մրմնջաց. _ շուն ու գայլի բաժին է լինելու:
_Չէ, դու ինչ-որ բան թաքցնում ես… ինչու՞ է քեզ համար այդքան կարեւոր այդ երեխայի կյանքը:
_Չգիտեմ,_տխուր շշնջաց թուրք կառապանը,_ այդ տառերը տպվել են հիշողությանս մեջ ու տեսնելով՝ կարոտեցի անցած օրերը:
_Պատմիր, ճանապարհը երկար է:Իսկ ընթացքում կաթ գնելու միջոց գտիր:
Ես նայեցի մայրական քնքշությամբ լցված հարեւանուհուս ու հասկացա, որ ուրիշ ոչինչ առաջարկել չեմ կարող:
Մենք շարժվեցինք ու կառապանը սկսեց պատմել, որ տարիներ առաջ նրանց հարեւան հայերը փրկել են իրենց սովից: Որ հայրը հաշմանդամ էր դարձել ու կյանքից ձեռ քաշել…
_Բայց հարեւանը կոշկակարության բոլոր նրբությունները սովորեցրեց հորս, գործիքներն ու արհեստանոցը տվեց, իսկ ինքը փայտամշակման գործ դրեց: Նա կարծես հրաշագործ լիներ, ոչ մի անգամ չէր տրտնջում, ու նրա ձեռքում փայտը գեղեցիկ կահույքի կամ գործիքի էր վերածվում... Որդին դերձակ էր... Իսկ մարեն ինձ շատ էր սիրում, միշտ կանչում էր իր մոտ, գրպանից համեղ ու գույնզգույն քաղցրավենիք էր հանում՝ տալիս. դրանք երբեք չէին վերջանում:
Ընկերներս պատմում էին, որ հայերը տան սնդուկի մեջ գանձեր են պահում ու երբեք ոչ մեկի ցույց չեն տալիս: Ես հավատացած էի, որ եթե խնդրեմ՝ մարեն ինձ ցույց կտա: Մի օր նրանց տանը պտտվում էի սնդուկի մոտ, երբ տեսա, թե ինչպես հարսը մոտեցավ, բացեց սնդուկն ու միջից մի կապոց հանեց: Ես լարված սպասում էի, որ մետաքսի մեջ փաթաթած տուփը բացի ու տեսնեմ գանձերը: Իմ լարվածությունը նկատելով` կանչեց, նստեցրեց կողքին, դանդաղ բացեց մետաքսի հանգույցներն ու միջից մի գիրք հանեց:
_Իսկ որտե՞ղ է գանձատուփը, _ ակամայից արտահայտեցի հիասթափությունս:
_Սա է մեր գանձատուփը, _ ասաց նա ու բացեց գիրքը, _ այստեղի գանձերը անվերջանալի են, բայց սրանց տիրանալու համար նախ այս գեղեցիկ բանալիները մտապահել է պետք. Ամեն մի փական իր բանալին ունի:
Նա կտորի վրա գունավոր թելերով ասեղնագործում էր գրքի միջի տառերը, որոնք այն ժամանակ ինձ գունավոր ծաղիկների, կենդանիների, ձկների նկարներ էին թվում…
Մարեն էլ ասում էր. «Սրա մեջ կենարար աղբյուր կա, դրանով հոգին ջրողի մեջ թաքնված կարողությունները սերմերի պես կաճեն ու կբազմանան, կհարստացնեն ու առատաձեռն կդարձնեն: »
_Իսկ գանձե՞րը, _մի անգամ հարցրի՝ հիասթափությունս արտահայտելով :
_Հոգու մեջ են, պատասխանեց մարեն:
Երբ ես նեղվեցի, թե գանձեր չունեմ, նա ասաց, որ բոլոր մարդիկ էլ ունեն, պարզապես հոգու բանալին են ոմանք կորցնում:
Հետո լույս աշխարհ եկավ մարեի թոռնիկը ու հայտնվեց նրանց ուշադրության կենտրոնում:
Ես նեղացա նրանցից ու չսիրեցի այդ փոքրիկին, ով իմ տեղն էր գրավելու:
Ավելի ուշ-ուշ էի գնում: Նախկին ուշադրությանը չարժանանալով՝ դադարեցի գնալ ու բակի տղաների հետ էի անցկացնում ամբողջ ժամանակս...
Մի օր հայրս չգնաց աշխատանքի ու արգելեց դուրս գալ: Նա նյարդայնացած էր, մայրս հուզված, իսկ ես՝ բարկացած: Ինձ բարկացնում էր նրանց լարվածությունը. ինձ ստիպել էին նստել սենյակի անկյունում ու աղոթել: Ամեն մի ավելորդ ձայն ու շարժում նյարդայնացնում էր նրանց…
Կառապանը երկար լռում է, հետո շարունակում՝ հուզված.
_Այլեւս չտեսա նրանց: Ես ինձ մեղավոր էի զգում, որովհետեւ ինձ թվաց, թե իմ ցանկությամբ սպանեցի նրանց: Ես այդ նորածնի մահն էի ցանկացել …
Լռում է:
_Մի թողեք այստեղ, խնդրում եմ: Մի կարգին որբանոցում գոնե թող ապրի…:
Թարգմանչուհու հետ ամուսիններ ձեւացանք ու հայտարարեցինք, որ մեր երեխան ես, հետ քեզ եղբայր ծնվեց: Նույնիսկ հորս չասացինք ճշմարտությունը...:
ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ