Հոդվածի հեղինակ՝ Պապին Դավթյան
Աստված, ողորմի՜ր մեզ: Մենք երիտասարդներին դաստիարակում ենք անառակությամբ ու ցոփությամբ և դա անվանում ենք առաջադեմ դաստիարակություն: Մենք օրինականացրինք սոդոմականությունը և դա անվանում ենք հանդուրժողականություն: Մենք ծաղրում ենք մեր նախահայրերի հոգևոր ժառանգությունը և դա անվանում ենք լուսավորություն: Աստված, ների՜ր մեզ: Մաքրի՜ր մեզ այս բոլոր կեղտոտություններից:
Պապին
Հեռուստաէկրանից մի երիտասարդ պարծենում էր, որ տարածաշրջանում առաջին էրոտիկ շոուն ինքն է կազմակերպել: Կատակ բան չէ, ոլորտի հիմնադիր է: Մոլորյալի մտքով չէր էլ անցնում, որ ընդամենը սատանայի պատվեր է կատարել: Եթերում մշտապես նրանք են` Նեռի սպասավորները: Հաղորդումները հիմնականում նրանց հետ են, նրանց մասին ու նրանց համար, սակայն ոչ դարձի բերման, այլ՝ բացառապես գովազդային նկատառումներով:
Ինչու՞ են հայրենի հեռուստաընկերություններն այդքան ջանադրաբար չարը սերմանում: Ինչքա՞ն կարելի է ալֆրեդաորջ ցուցադրել, օտար խաղեր ու կյանքի կարուսելներ պտտեցնել, մերկանալով զվարճանալ, որոճող սերոժներով, քարդաշյան, քսենյա սաբչակ, ճպլ, փայլակ ու լուսանցքային այլ էակներով էկրան զբաղեցնել: Հանուն ինչի՞ են պաշտելի հայ տատին նողկալի արարածի վերածում, ինչո՞վ բացատրել մկոհայկոների, շպռօտների, արվեստի անվան տակ (TATTOO ART) հանցագործի խարան դաջվածքի, մոլախաղերի ագրեսիվ գովազդը: «Տեսանկյուն» վերլուծական ծրագրի հեղինակն ու վարողն էլ է լծվել այդ գործին. հոռի բարքերն անողոքաբար ձաղկելուց հետո…շքեղ մեքենայով շտապում է խաղատուն:
Գրաքննության խեղդօղակին փոխարինել է ամենաթողությունը: Դավանափոխե՞լ եք ուզում, այլասերե՞լ - համեցե՜ք, ձեր առջև միշտ կանաչ լույս կվառեն: Օտարված է արարումը, ծանր բեռ են հոգևոր արժեքները: Այլ խնդիր չկա. դրամ - ծառայություն, շատ դրամ - ցանկացած ծառայություն: Ֆիզիկական, մտավոր, բարոյա-հոգեկան այլանդակությունը հրամցվում է իբրև ընդօրինակման արժանի: Հայհոյախառն արնաշաղախ ֆիլմեր, գռեհիկ տեսահոլովակներ, լկտի հումոր, որում առաջին պլան են մղվում անկողնային կամ թմրաալկոհոլային թեմաները, անտեսելով բուն հումորը: Եթե վարագույր, ապա թափանցիկ, որպեսզի բոլորը կարողանան ականատես լինել արվամոլի, կավատի կամ մարմնավաճառի զգայական զեղումներին ու հոգեկան տվայտանքներին: Նման հաղորդումներն ու քննարկումները ոչինչ չեն տալիս ո՜չ գործող անձանց, ո՜չ հանդիսատեսին, քանզի վարման բնույթն ու մասնագետների մեկնաբանությունները բացահայտ գովազդային են:
«Արմենիայի» այցեքարտ դարձած Հովոն` փողոցային վարքով ու բառապաշարով, ոչ միայն բազմադերակատար է, այլև հաղորդավար, հեռուստալրագրող: Հատկապես ողորմելի տեսարան է, երբ այդ ապաշնորհն անհոդաբաշխ լեզվով փորձում է միտք արտահայտել: Հավանաբար «Որքան վատ, այնքան լավ» սկզբունքով է «Արմենիան» առաջնորդվում նրան տարբեր երկրներ գործուղելիս. թող աշխարհը տեսնի երկոտանու անկման աստիճանը:
Ահա մեկ ուրիշը` Վիոլետ Գրիգորյան անունով, բացի պոռնոգրությունից, տաղանդներ է գնահատում, քաղաքական վերլուծություններ անում: Հեռուստաբանավեճի ժամանակ Վիոլետը, Պետրոս Ղազարյանը, զանգվածային լրատվության այլ «երևելիներ», ծանակում են ազգային արժեքները, ավանդույթները, դրանք իջեցնելով իրենց` եվրատեսակի համար ընկալելի խաշի ու բաստուրմայի մակարդակի, ինչով խիստ զվարճանում են ու հաճույք պատճառում միմյանց:
Մի այլ հեռուստահաղորդման ժամանակ գրող, հրապարակախոս հորջորջվող Մարինե Պետրոսյանն ու Վիոլետ Գրիգորյանը բանիմաց, հարգարժան Կոմիտաս վարդապետին ունկնդրելու փոխարեն, միմյանց հրմշտելով` ճղճղում էին ու ինքնագոհ հռհռում: Այս կինարմատները մերժում են ոչ միայն բարոյական, այլև իրավական նորմերը, ավելին` պետությունից պահանջում են չսահմանափակել սանձարձակ լինելու իրենց իրավունքը:
Մեղրի յուրաքանչյուր տակառի համար ձյութը պատրաստ է: Ի՞նչ նպատակ էին հետապնդում հեղինակները, երբ «Մենք հայ ենք» հեռուստածրագրի մասնակիցներ էին ընտրում: Հայավեր լեզվագար Աշոտ Բլեյա՞նը, եվրագլոբալ դեմագոգ Անուշ Սեդրակյա՞նը, թե՞ աղանդավորության աննկուն մարտիկ ու խոսափող Հրանուշ Խառատյանը պետք է քննեն մեր անցյալը, որոշեն, թե ով է մեծագույն հայը: Եթե մտադիր էին նրանց օգնությամբ ժողովրդի, եկեղեցու պատմության մի քանի սև էջից հատորներ ստանալ, ապա վերոհիշյալների ներգրավումը միանգամայն տեղին է:
Ժամանակ առ ժամանակ «Արմենիան» ներկայացնում է իր մասին անդրօվկիանյան հերթական փորձագետների հիացական կարծիքները: Նշաձողիկն իջեցրել են հովոյաբոյի ու հպարտ են իրենց բարձր ռեյտինգով: Հարկավ անհամեմատ ավելի հեշտ է հրապուրել արատով, քան առաքինությամբ, ավելի հաճելի է նայել ու հռհռալ, քան տեսնել ու մտորել, ավելի դյուրին է մեղք գործել, քան այն գիտակցել, առավել ևս ապաշխարել:
ՙԱրմենիան» իրոք առաջատարներից է: Այդ հեռուստաընկերության մուտքն իսկ նշանավորվեց սոդոմական գարշելի ֆիլմով: Քանի որ մինչ այդ նման բան չէր ցուցադրվել, և խիստ տհաճ անակնկալ եղավ: Սակայն առավել մտահոգիչն ընկերությունը ներկայացնող տիկնոջ կարծիքն էր, որը մասնավոր զրույցում ասաց, թե դա իր տեսած լավագույն ֆիլմն է, այն հոգեբանական, փիլիսոփայական խորիմաստ ունի, ինչն ամեն մեկի խելքի բանը չէ: «Արմենիայի» անպատկառ հեռախոսավարուհիները բողոքավոր «հետամնացներին» խորհուրդ են տալիս զանգերով ձանձրացնելու փոխարեն վայելել իրենց հրամցրածն ու զարգանալ, «գոնե մի քիչ եվրոպացի դառնալ»: Դրսեկների բարձր գնահատականը սոսկ փաստում է, որ մեր հայրենիքի անունը կրող հեռուստաընկերությունն առավել ջանադրաբար է քանդում. «Ամերիկայի ձայնը» պատահաբար չի այնտեղ հայտնվել: Եթե «Արմենիա» կամ «հայ» (Հայ TV) անունը բարի նպատակով վերցրած լինեին, ապա կհոգային, որ այն չխաթարվի: Չէ՞ որ անվանակրի հասցեին ասված յուրաքանչյուր խոսք կպչում է նաև մեր հայրենիքին, ազգին:
ՙՇանթն» էլ իր գլուխն է գովում: Նա էլ է առաջատար: «Գյումրի» գարեջրի գովազդը հիշում ե՞ք: Խելքները հերիքեց, նվագակցությունը հանեցին, սակայն անպարկեշտ երկիմաստությունը պահպանվում է: Խեղված վարք ու բարքով վերվարածները, խոսեռոսիտաներն էլ շարունակում են բարոյական նորմեր, վարվելակերպ ու խոսելաոճ ձևախեղել: Սանձարձակությամբ բոլորից առաջ են ընկել «TV 5»-ը, «Դար 21»-ը: Մասնավոր «ռեյտինգայիններից» հետ չեն մնում հանրային «Հ1»-ն ու «հ2»-ը:
Եթերը զավթած ամերիկյան ֆիլմերի «հերոսները» հարցերը սովորաբար քննարկում են ներքնաշորերն ու դրանց պարունակությունն ի ցույց դնելով: Նրանք մտքի բացառիկ փայլատակում են ունենում միայն միզարանների առջև: Բնական է, որ այնտեղ ծնված «միտքը» գարշահոտ կլինի: Նրանց մոտ մայրն ամենահաճախ հիշատակվող էակն է, սակայն դա ոչ մի կապ չունի ծնողին հարգանքի տուրք մատուցելու հետ: Հավանաբար նկատել եք նաև, որ այդ ֆիլմերում անպակաս են շատ հին մասնագետները, միասեռականներն ու լուսանցքային այլ էակներ: Իբրև կանոն, նրանք հմայիչ են, տաղանդավոր, ներողամիտ ու առատաձեռն, ինչպես նաև ազնիվ ու անկաշառ: Միով բանիվ` առաքինությունների շտեմարան: Սա նենգ հնարք է, որի ազդեցության տակ հեղհեղուկ ուղեղն անում է իրենից պահանջվող հետևություն, այն է` եթե այդ արարածը հրեշտակի թևերով հայտնվել ու լույս է սփռում չորս դին, ուրեմն նա վատ արարքի ընդունակ չէ: Այսինքն՝ մարմնավաճառությունը, արվա-, թմրա-, խաղամոլ լինելը լավ է: Եվս մի ստոր նորամուծություն, որն արդեն տեղ է գտնում նաև մեր ֆիլմերում. գրեթե բոլոր տականքների վզից խաչ են կախում: Հասկանալի է, չէ՞: Այսինքն՝ քրիստոնյային ներկայացնում են որպես մարդասպան, բռնարար, սրիկա: Հասուն ուղեղը վերամշակում է իր ստացած տեղեկությունները: Այն աչք ու ականջի նման հլու-հնազանդ չի ընդունում իրեն հասածը, ոչ էլ ողնաշարի պես կքվում մեր կամոք կամ այլոց ձեռքով: Նրա գնահատականները կախված են միայն սեփական կշռից ու որակից: Հասուն ուղեղը: Բոլորովին այլ է անչափահասներինը. բարոյահոգեկան իմունային անբավարարության պատճառով նրանք անպաշտպան են բոլոր վարակների առջև: Իսկ հեռուստաընկերությունները ցուցադրում են մահացու մեղքերի գրավչությունը, դրանք գործելու ձևերն ու միջոցները, մատաղ սերնդին վարժեցնում այն մտքին, թե կյանքի իմաստը հաճույք ստանալն է, իսկ արատները բնականոն են և ոչ դատապարտելի:
Ամենաթողության պայմաններում դերերն էլ են վերաբաշխվել. փողոցայինն ամեն պահ էկրանից է տուն ներխուժում: Եթե նախկինում երեխաներն ազատ ժամանակի մեծ մասը տանն էին անցկացնում, այդ կերպ զերծ մնալով փողոցի ազդեցությունից, ապա այսօր նրանց հնարավորինս երկար են բակում թողնում, որպեսզի հեռու պահեն դիվային արկղից:
Երևանում աշխատող ֆրանսիացի մի պաշտոնյա պատմում էր, որ երեխա ժամանակ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս բարետես, կոկիկ երեխայի` փողոցում պաղպաղակ ուտելիս: Երբ նա թուղթը, փայտիկը շպրտում է գետնին, անմիջապես վերածվում է կեղտոտ, գարշելի խոզի: Վերոհիշյալ անձը խոզ դառնալու հեռանկարից այնպես է վախեցել, որ երբևէ աղբամանից դուրս չոփ անգամ չի գցել:
Մեր հեռուստաընկերությունների էությունն ու որակը նույնն են, տարբերությունը զուտ քանակական է: Կան մեկ-երկուսը, որոնք պատշաճության սահմաններից դուրս չեն գալիս, սակայն, միևնույն է, այլադավան են և սպասարկում են ամենևին էլ ո՜չ մեր պետության կամ ժողովրդի շահերը: Բոլոր հեռուստաալիքներն ունեն հատուկենտ բարձրորակ հաղորդումներ, որոնք զգոնությունը բթացնելով` հեշտացնում են հոգեորսությունը: Այո, հոգեորսություն, քանզի այն, ինչ կատարվում է հայկական էկրանին, այլ կերպ, քան սատանայի զորքի համալրման գործընթաց, դժվար է որակել:
Հայկական հեռուստատեսությունը ոչ միայն ոտնահարում է բարոյական, գեղագիտական նորմերը, այլև հաշվի չի առնում հայության կենսական շահերը, խարխլում է պետության հիմքերը: Հեռուստատեսության ոլորտում տիրող բարքերը հետևանք են ոչ միայն բոսերի լումայափոխ էության ու գռեհիկ ճաշակի, այլև չար դիտավորության: Դա վկայում է նաև, որ ազգի ու պետության պատասխանատուները շահագրգիռ կամ ի զորու չեն վերջ դնել նրանց դիվերսիոն գործունեությանը: Այլապես պարտավոր էին օրենքի ուժով արգելել չարը սերմանող խոսքն ու գործը:
Քաղաքական, հասարակական կազմակերպությունները, նույնիսկ քրիստոնյա, պահպանողական կամ ազգային համարվողները երբևէ չեն ընդվզում, իսկ միայնակ ձայներն արձագանքի համար շատ թույլ են: Մամուլում երբեմն անդրադառնում են հեռուստատեսության ստանձնած անպատշաճ դերին, սակայն անարդյունք: Մեղավորները լռում են մեր հանդեպ արհամարհանքից, նրանց վերադասները` նաև անզորությունից: Պարոնայք իշխանավորներ ու իշխանամերձներ, խաչակնքվել արդեն սովորել եք, գուցե սկսեք Աստծո մասի՞ն մտածել:
Ողջունելի են նաև «Շանթի» «Ժողովրդական երգ» ու «Ժողովրդական պար» նախագծերը: Սակայն արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է փաստել, որ առաջինն «ԱԼՄ»-ն ներդրեց երիտասարդ տաղանդների բացահայտման ծրագիր, անդրադարձավ ժողովրդական երգին, հայ գրողների գործերին: «ԱԼՄ»-ով հնչել են այնպիսի հրաշք ձայներ, որոնց մասին մեր «աստղերը» միայն երազել կարող են, սակայն այդ ծրագրերն այդպես էլ մնացին սիրողական մակարդակի: «Շանթին» հաջողվեց դրանք դարձնել ներկայանալի:
Երբ ազդարարվում է նոր հեռուստաալիքի բացում, հույս ես փայփայում, որ այն որակով կտարբերվի նախորդներից, սակայն առաջին իսկ հաղորդումներից պարզ է դառնում, որ նորն էլ է հների ճանապարհով գնում: Ուղեծրից շեղում չկա: Թույլ չեն տա:
http://www.louysworld.com/2010/02/24/%d5%ab%d5%bd%d6%80%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a5%d5%be%d5%bd-%d5%b9%d5%ab-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb/comment-page-1/#comment-6148