Aug 09, 2009 07:36
Նախաբան
Ջերմ արևն իր վրձին-շողերով գունավորել է այգին : Այդ լուսե նկարի անշարժ ստվերներից մեկը շարժվեց ու իր մեջ ձուլեց մի փոքրիկ ստվերի. արեւի գրկում հանգստացող ծերուկը գրկից իջեցրեց թոռանն ու գործի անցավ: Նա այգու ծառերն էր էտում: Հանկարծ այգու ստվերների մեջ հայտնվեց մի անծանոթ ստվեր ու դանդաղ սահեց ծերունու ուղղությամբ: Ծերունին բարձրացրեց աչքերն ու անծանոթ ստվերի տիրոջը դիմելով՝ ասաց.
_Էս, նկարու՞մ ես, աղջիկ ջան:
Աղջիկն անջատեց տեսախցիկն ու ներողամտություն հայցելով՝ պատասխանեց.
_Այո: Կարելի՞ է:
_Տո, բա ինչի՞ չի կարելի, այ քու ցավը տանեմ:
_Կասե՞ք ինչ եք անում:
_Ասեմ, սիրուն ջան , տո դուք մենակ հարցրեք: Վարսավիրություն եմ անում…
_Պապ, ճյուղերը հավաքե՞մ,_մեջ է ընկնում ծերունու շուրջը պտտվող փոքրիկը:
_Հավաքիր ձագս, հավաքիր… Էս էլ թոռնիկս է …Գիտե՞ս ինչ այգեպան կդառնա…Մի օր տեսնեմ ծառերի ճյուղերից կախվում, օրորվում է:Կանչեցի մոտս, մազից բռնեցի ու քաշեցի. ճչաց՝ պապ, ցավում ա, է՜: Ես էլ, թե՝ բա էդ խեղճ ծառերին չի՞ ցավում , ի՞նչ անենք , որ լեզու չունեն ու քեզ նման գոռալ չեն կարողանում: Հասկացավ, էլ նման բան չի անում:
Մի օր էլ մազերն էր կտրում, ինձ տեսավ, ասում է.«Պապ, քաշել չի կարելի , բայց կտրել կարելի է. կտրելուց ,հեչ էլ, չի ցավում»: Ես էլ, էդ հնարամիտ խենթուկին առա, բերեցի այգի ու բացատրեցի, թե երբ եւ ինչպես է պետք կտրել. Թող իմանա, կյանքում պետք կգա…
Փոքր դադարից հետո ծերունին խոր հոգոց է հանում.
_Է՜հ… Մարդու հոգին մի մեծ այգի է՝ տարբեր մտքերի ծառերով… Ամեն մարդ պետք է այգեգործությունից, գոնե մի քիչ, գլուխ հանի, որ կարողանա խնամել, էտել իր այգին, որ բարեբեր մտքերով սնվի: Մի խոսքով , գլուխդ ի՞նչ ցավացնեմ...
_ Չէ, ինչ եք ասում , շատ հետաքրքիր է:
Մոտ է վազում թոռնիկը.
_Պապ, շվի կսարքե՞ս…տես, չստացվեց:
_Բա էդ ճյուղով շվի կսարքե՞ն…էդ քոռ դանակով մատերդ կփրթես, այ հորդ աստծուն մեռնեմ:
_Սուր դանակը բերեմ՝ կսարքե՞ս:
_Կսարքեմ,բա ո՞նց չեմ սարքի,_ գործից շեղվում ու ժպտում է պապը:_ Այ, էս թոռանս տարիքում է մարդը ձեւավորվում:
Ծերունին ավարտում է գործը, քննող հայացքով զննում շուրջն ու դիմում աղջկան.
_ Գնանք տուն, իմ աղջիկ, մի կտոր հաց ու պանիր կիսենք պառավիս հետ… ոտքի վրա հոգնեցիր… մտքերս որ միանում են՝ էլ անջատվել չկա…
Աղջիկը տեսախցիկն անջատում է ու հետեւում ծերունուն՝ ում վարարած միտքը հոսում էր ու հոսում.
_Հայերս իմաստուն խոսքեր միշտ էլ ունեցել ենք...Մատենադարանը - քեզ ապացույց…Մեր մեծերից մեկը դարեր առաջ ասել է՝ գրքի իմաստություններով էտում ես չարը քո միջից եւ մշակում կյանքիդ բարեբեր պարտեզը:
ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ