4.ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ

Jan 09, 2009 21:34


Օրվա իրարանցման դրոշմած ժպիտը մնացել է Վարդանի դեմքին: Լուսավոր օրվա շողերը ջանասիրաբար լուսե տրամադրություն են նկարել ամենուր…
Մեր հերոսի հայացքը փորձում է սուզվել լուսածին ալիքների մեջ, երբ տեսադաշտում հայտնվում է իրեն մոտեցող գերմանուհին: Նա մեղավորի պես հայացքը փախցնելով՝ սկսում է խոսել գերմաներեն : Նրա հուզմունքից Վարդանը գլխի է ընկնում, որ Արան չէր կատակում, ու շտապում է հանգստացնել՝ անգլերեն մեջ բերելով.
_Ես գերմաներեն չգիտեմ:
Աղջիկը մի պահ լռում է, ճպպացնում աչքերն ու, կարծես թե գլխի ըկնելով՝ սկսում նույն հուզմունքով խոսել անգլերեն:
Արդարանում է, որ մանկուց նրան հետաքրքրել է Հայաստանը, երազել է շփվել հայերի հետ… Միգուցե, ինչ-որ բան այնպես չի՞ ներկայացրել, բայց…
_Ես գերմաներեն չգիտեմ,_նորից իրավիճակը փրկել է փորձում Վարդանը:
Աղջիկը այս անգամ, նույնիսկ աչք չթարթելով՝ նույնը կրկնում է հայերեն.
_Հասկանում եք , ես մանկուց երազել եմ լինել Հայաստանում: Սովորել եմ հայերեն, հայ իմաստասիրության սիրահար է եղել պապս… Ներեցեք, եթե ինչ-որ բան այնպես չեմ ներկայացրել… Ես երկրորդ անգամ էի Հայաստանում. այդ ջերմությունը հեքիաթ ու իրականություն խառնել էր իրար… Այն կնճռոտ ծերուկները, ովքեր փիլիսոփայում էին ամեն առիթով, այդ ինքնաբուխ մեկնաբանությունների իմաստությունը… Հազվագյուտ...
_Ես գերմաներեն չգիտեմ,_մեխանիկաբար նորից ընդհատում է Վարդանը:
Աղջիկը լռում է ու հարցական նայում Վարդանին, հետո հայացքը սահում է անորոշ ուղղությամբ կարծես ցանկանալով գտնել ելքը:
Վարդանը շտապում է հանգստացնել.
_Ես գերմաներեն չգիտեմ , հետեւաբար չէի կարող իմանալ, թե ինչ եք…
Վարդանի հեռախոսի զանգը ընդհատում է լարված զրույցը:
_Կներեք _ շշնջում է Վարդանն ու հեռախոսը մոտեցնում ականջին: _ Այո՞:
Արան զանգել էր իրավիճակը ստուգելու.
_Լավ ե՞ք:
_Լա՛վ:
(Գլխի ընկած աղջկա հուզմունքը թուլանում է մեղմ ժպիտով: Ստեղծված անհարմար վիճակը կարճելու համար խորը շունչ է քաշում, մնջախաղով ներողություն է խնդրում ու հասկացնում, որ պետք է գնա, եւ հեռանում է):

_Ի՞նչ կա, _ հեռախոսից դուրս է թռչում Արայի ձայնը, _ մենա՞կ ես…
_Մենակ: _ Վարդանը ոչինչ չի հասցնում անել ու զգում է, որ ինչ-որ բան կոտրել կամ կոտրվել ու պոկվել է իրենից , ինչ-որ անհրաժեշտ ու հարազատ:
_Չի եկե՞լ, _ հարցնում է Արան:
_Գնաց:_ (Վարդանի հայացքը սառչում է աղջկա ուղղությամբ):
_Հը, կոտրեցի՞ր:
_Կոտրեցի՞, _ սառը վրա է բերում Վարդանը:
_Դե, մուտքի մոտ սպասիր՝ գալիս եմ:
Վարդանը դրամապանակից հանում է Արայի տված գումարից, դնում գրպանն ու դրամապանակը թողնելով սեղանի վրա՝ դուրս գալիս: Շատ չի հեռանում սրճարանից . Արան դիմավորում է:
_Չէ , ընկեր , հաղթողի դեմք չունես, _Վարդանի ուսին տմբտմբացնում է Արան, - բա, աքլոր էիր կտրել…
_Հիշում ե՞ս էն ճնճղուկը, որ տուն էր մտել…Բռնեցինք… Սիրտը կրծքից քիչ էր մնում դուրս թռչեր… Շոյում էինք, խղճում, բայց բաց թողնել չէինք ուզում, այնքան լավն էր …Ինչու՞ էր այդպես դողում…
_Հա , տատը տեսավ ,նախատեց, ու ստիպված բաց թողեցինք…
_Այդ զգացողությունն էր. կարծես զգում էի տաքուկ սրտի դողը, բայց՝ թռավ… Էլ նման կատակներ չանես, _ Արայի ուսը բոթելով ավելացնում է Վարդանը:
_Կուտը կերավ, _ ոգեւորվում է Արան, _ կոտրողիս տեսեք…Դե, սրանից հետո որտեղ քոնը կասես, այնտեղ էլ՝ իմը: Հը, գեղեցիկ չէ՞ր:
_Ճիշտն ասած՝ չեմ հիշում, _ փորձում է հիշել, _ չնկատեցի:
_Չէ եղբայր, ձեռքից գնում ես:
_Ձայնդ տաք տեղից է գալիս: Դե հիմա դու ասա՝ Արեւիկը գեղեցի՞կ է, _ Լավագույն պաշտպանության ձեւն ընտրելով՝ վրա է բերում Վարդանը:
Արան քմծիծաղ է տալիս.
_Արեւիկի նմանը չկա:
_Ըհա, «փետրած հավի ծիծաղը եկավ». ախր դու նույնիսկ չգիտես, թե հիմա ինչպիսին է նա: Ի՞նչ գույնի են նրա աչքերը:
_Դե. ըմմմմմ…Սեվ, կանաչ, _ մտաբերում է, _ չէ՝ կապույտ… Խաժ:
_Չէ մի չէ՝ ծիածանագույն, _ իր հաղթական հարվածի հաճույքը լիաթոք վայելելու առիթը ոգեւորում է Վարդանին, ու ետ է բերում աղջկա հետքերով գնացած բազմերանգ եւ օրվա պես վառ տրամադրությունը…

ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ
Արաենց տունը ջերմ գրկի պես դուռը բացում է ու իր ծոցն է առնում երիտասարդներին:
Վարդանի հորաքույրը քաղցր ու անուշ խոսքերով փաթաթվում է նրան, համբուրում ճակատը ու հարցերի մի տարափ տեղում՝     հուզմունքով, պատասխանի չսպասելով: Հորաքրոջ ամուսինը պինդ սեղմում է Վարդանի ձեռքն ու ուսը գրկած ներս հրավիրում:
 _Տեսեք, է, ինձ մոռացան, _ մեջ է ընկնում Արան:
_Քեզ մոռանա՞լ կլինի, _Արային գրկելով՝ ասում է մայրն ու շշնջում, _ անգինս, կթռչես, չէ,՞ խմիչքի հետեւից:
_Սպասեք, սպասեք, բա հայկական գինի, կոնյակ եմ բերել, _ ճամպրուկը փորփրելով՝ վրա է բերում Վարդանն ու դուրս հանում նվերները:
Համեղ խորտիկներով սեղանի կենտրոնում իր արքայական տեղն է գտնում հայկական գինին, ու Աստղիկ հորաքույրը տաք ուտեստը բերելով՝ բոլորին սեղանի մոտ է հրավիրում:
Տան տերերը՝ ամեն մեկն իր հերթին, իր սիրած աղցանն ու համեմունքներն է առաջարկում, ու ամբողջությամբ բեռնում են խեղճ Վարդանի ափսեն, հետն էլ մի գլուխ հարցեր տեղում:
_Դե, բարի գալուստ Վարդան ջան, _ գինով լի բաժակը բարձրացնելով` խոսում է Արայի հայրը, _ ծնողներիդ ու ազգիդ արժանի զավակը լինես: Գիտական գործերիդ հաջողություն...  վաղվա գիտաժողովին էլ մի լավ ելույթ ունենաս:
_Շնորհակալություն, _ շշնջում է Վարդանը՝ բաժակը բարձրացնելով:
Բյուրեղապակու զրնգոցով բարեմաղթանքներն ու խորհուրդները կնքելուց հետո, ճաշակում են հայոց հող ու արեւով սնված, եւ բարեսիրտ հայի էներգիայով հարստացած հրաշահամ գինին:
_Դե, պատմիր Վարդան ջան, _ կարոտից անհամբեր դարձած սկսում է հորաքույրը, _ ծերուկներս ի՞նչ էին անում:
_Անուշ տատու ձեռքը ինչ ընկներ՝ ճամպրուկիս մեջ էր խցկում.  Իր գործած բրդյա բլուզները տեղավորելիս ասում էր.«Երեքով տաք-տաք կհագնեն: Էնտեղ հաստատ այսպիսի բան չեն գտնի. մատներիս ջերմությունն էլ եմ խառնել այս հյուսվածքներին»:
_Վարդան ջան,_մեջ է ընկնում Արան,_ դու ծառայության մեջ էիր, տատն ու պապը տագնապ միացրեցին ու ինձ կանչեցին Հայաստան, իբրեւ թե օգնելու, բայց օրն ի բուն կերակրում էին:
Մի օր որոշեցի մարզասրահ գնալ, պապիկին համոզեցի հետս գա. գնացինք:
Պապիկի կազմվածքը տեսնողը կկարծի, թե ամբողջ կյանքում ֆիթնեսով է զբաղվել... մի քանի մարզասարք հեշտությամբ գործի դրեց ու հեգնանքով մի քանի համեմատություններ արեց, իսկ մարզասրահի տիրոջ հետ խոսել կատակել սկսեցին.  պարապողներիս հոգու հետ մի կուշտ խաղացին:
Պապն ասում էր.
_Այ Հովո, բա ափսոս չի էս երիտասարդների էներգիան, որ էսպես անիմաստ կորում է: Չէ-չէ մի հատ գեներատոր միացրու… Թե չէ ինչի՞ է նման, մարդիկ իրենց էներգիան անիմաստ փստացնում են, իսկ խեղճ երկրի վրա ամբողջական տեղ չեն թողել. քաշում են ու քաշում՝ նավթ, գազ…է հե՜յ…
Վաղն եկեք, ես եմ տանելու «մարզասրահ», բացօթյա, ամեն ինչ բնական:
Գյուղում տուն չկար, որ չօգնեինք. շինջոկատ էինք դարձել.  ինքն էլ մեզնից հետ չէր մնում…
_Արեւիդ մասին պատմիր,- մեջ է ընկնում մայրը, - Եկել, ինձ ասում էր՝ Աստղ ջան, Արեւ եմ ուզում, է: Այդ աղջիկը փոքր չի՞, ես իրեն երեխա ժամանակ եմ տեսել... քանի՜ տարի է Հայաստանում չեմ եղել…
Աննկատ անցնող ժամանակի հաշիվը չկորցնելու համար Վարդանը նայում է ժամացույցին:
-Դե, ես Վարդանին ուղեկցեմ, գամ, - Վարդանի միտքը որսալով՝ վեր է կենում Արան:
-Ու՞ր, մեր տանը մնա Վարդան ջան:
-Վաղը, հորքուր ջան. հյուրանոցի համարն արդեն վերցված է: Վաղը գիտաժողովից հետո կգամ:
Գրկախառնվում են ու բարի գիշեր մաղթում միմյանց:

ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ

Previous post Next post
Up