Jan 05, 2009 19:01
Մի քանի ժամ հետո այս նույն կինը, Վարդանի ընկերոջ տան պատշգամբում նստած քրոջ հետ սրճելիս՝ հեռվից տեսնում է Վարդանին ու ասում.
_Վայ, էս էն չիպով տղեն չի՞:
Վարդանի ընկեր Հովիկը մոտենում է պատշգամբին ու գոռում.
_Վարդան, ընկերս.մի րոպեից կիջնեմ:
_Հա էլի, ինքն է, _ հաստատում է Հովիկի մորաքույրը:
_Ի՞նչ գիտես այ մորքուր, _ հարցնում է Հովիկը, ով չիպի փոխարե ջիպ էր լսել:
_Շուկայում էին խոսում, Հովիկ ջան: Էս ինչ դառավ աշխարհը,_հոգոց է հանում մորաքույրը:
_Այ, շատ ճիշտ է արել, պահը չի կորցրել ու երեւի Գերմանիայից էլ բերել է, _ բարձրաձայն մտածելով՝ կոշիկներն է հագնում Հովիկն ու դուրս գալիս տնից:
Մուտքի մոտ ընկերները պինդ սեղմում են ձեռքերն ու ուժ չափելու փորձ անելով՝ ձգում մկանները: Նրանց դեմքներին դրոշմված ժպիտը փռթկոցով թռչում է ու հերթով թուլացնում են մկանները:
_Հը, ե՞րբ ենք շնորհավորելու, _ ջիպը նկատի ունենալով հարցնում է Հովիկը:
_Դեռ գործը գլուխ բերեմ՝ նոր, _ Գերմանիայի սրտի տիրուհու հետ կապված իրավիճակն է ակնարկում Վարդանը. _ Տես է, լուրը ինձնից առաջ է ընկել, դո՞ւ որտեղից իմացար:
_Մորաքույրս էր ասում: ՈՒրեմն դեռ չես բերե՞լ, _ նորից ջիպը ակնարկելով՝ հարցնում է Հովիկը:
_Չէ, բայց նորից հետ եմ գնալու ու, ինչ գնով էլ լինի, պետք է բերեմ:
-Ճիշտ ես որոշել, Վարդան ջան: Արա, Սուրոն էլ փող էր հավաքել, էստեղից էր մի հատ ուզում ճարել, բայց էնտեղից ավելի էժան կլինի: Արի գնանք համոզենք, որ տա՝ դու բերես:
_Ձեռ ե՞ս առնում: Ես ինչպե՞ս կարող եմ նրա փոխարեն ընտրել: Չէ ախպեր, ես իմը դեռ չգիտեմ ինչպես գլուխ բերեմ:
_Չնայած, ճիշտ ես, ավելի լավ է ինքը ընտրի, մի հատ տակից վրայից լավ նայի` լավ-վատ… ճիշտ ես, ճիշտ: Ես էլ, արդեն իմին սովորել եմ, չնայած գերմանականին չի հասնի, բայց մի հինգ տարի էլ կքշեմ, հետո կտեսնենք:
-Ի՞նչ կտեսնեք: Մարիամին չնեղացնես, քրոջ պես սիրում եմ: «Հինգ տարի կքշեմ» տես, է, _ ընկերոջը սաստում է Վարդանը:
_Հիմա Մարիշիս կտեսնենք. ոնց կուրախանա:
_Չգիտի՞, որ եկել եմ:
-Չէ:
Կոշկակարանոցի մոտով անցնելիս մոտենում են դռանը ու Վարդանը դիմում է հորը.
_Պապ ջան, ես երեւի Սուրոենց տանը ճաշեմ, չսպասեք:
_Բարեւ Սարգիս հոպար, _ ձեռքը մեկնելով ներս է գնում Հովիկը. _ Վայ, դուք էլ եք այստեղ:
_Վայ, պապ ջան, էս երբ ես եկել, _ պապի մկանուտ բազուկները գետնից պոկում են Վարդանին: _ Ո՜նց էի կարոտել…
Հովիկի բջջայինը զանգում է, եւ նա միացնելով մի կողմ է գնում:
Կոշկակարանոցի մոտ հայտնվում է Վարդանի մայրն ու մեջ ընկնում.
_Տեսեք է, ես էլ ասում եմ՝ ինչու՞ չեն գալիս ճաշելու: Բարեւ Հովո ջան: Բարեւ պապ ջան: Էս ինչու՞ վերեւ չեք բարձրանում:
_Բարեւ Նազիկ ջան: Հիմա կբարձրանանք, իմ աղջիկ: Էս դու՞ ես գործել, հա՞, _ տղայի թիկնակը ցույց տալով՝ հարցնում է պապը:
_Հա պապ ջան, տեսնում ե՞ս ինչպես եմ վարպետացել, Անուշ մայրիկին կպատմես աշակերտի գլուխգործոցի մասին: Անուշս ինչպե՞ս է:
_Լավ է՝ լավ, բայց գործելուց ձեռ է քաշել: Հիմա մարդ ու կին ասեղնագործում ենք, ես՝ քարի վրա, ինքն էլ՝ կտորի:
_Լավ այս անգամ էլ ասեղնագործության դասեր առնելու կգամ: Էս համերգները վերջացնենք՝ գյուղ եմ գալու: Այսօր վերջին փորձն է. երեխաներս հուզվում են…
_Պապ, տեսնում ես, չէ՞, գլուխգովանին, _ արհեստանոցից լսվում է Սարգիսի ձայնը. _ Պարի դասեր է տալիս, մոռացել է ավելի հետ պարելու օրերը:
_Հավաքարարությունը ամոթ բան չի, - հարսին պաշտպանում է պապը:
_Այս կոշկակարանացն էլ բացեց, որ ես հավաքարար չաշխատեմ:Էհ, ինչ օրեր էին,_հոգոց է հանում Նազիկը: Հետո դիմելով Մարիամի հետ հեռախոսազրույցի բռնված Հովիկին ու Վարդանին ասում է. _ Տղաներ դուք էլ բարձրացեք. Անուշս տանն է, ճաշն էլ պատրաստել եմ:
_Բայց ես մենակ չեմ, _ Մարիամին նկատի ունենալով՝ ասում է Հովիկը:
_Վայ, հոգուդ մեռնեմ, բա սազեց՝ չորսով եկեք, ինչն է շատ՝ ուտելիքը, _ գյուղից բերած լի պայուսակը տալով Հովոյի ձեռքը՝ ասում է պապը:
Հովիկը անսպասելի ծանրությունից մի պահ երերում է:
_Վայ, էս ինչ էլ ծանր է:
_Բա, տեղով մեկ վիտամին է:
_Վարդան պապ, Անուշ տատի գաթայի համը բերանումս է մնացել, բերել ե՞ք:
_Տո, ի՞նչ չեմ բերել, բայց գյուղի օդն է ամեն ինչ ավելի համով դարձնում: Ե՞րբ եք գալու:
_Ճիշտ է: Այ Վարդանը ջիպը բերեց՝ համոզելու ենք, առաջինը լցվենք մեջն ու ընկերներով գանք, կօգնենք ու մի լավ խնջույք կանենք:
_Վարդան ջան, ջիպ ես առնու՞մ, - հարցնում է պապը:
_Ե՞ս, չգիտեմ:
_Անակնկալ էի՞ր ուզում անել, _ անհարմար զգալով՝ քթի տակ հարցնում է Հովիկը Վարդանին:
_Ի՞նչը:
_Ջիպը:
_Ո՞ր:
Մոտենում է Մարիանան ու բոլորին ողջունելուց հետո մտահոգ դիմում է Վարդանին.
_Վարդան ջան, ինչպե՞ս ես քեզ զգում, բա այդ ինչպե՞ս եղավ, է: Համալսարանում բոլորը քո մասին են խոսում:
_Ի՞նչ են խոսում:
_Համալսարանը պատրաստվում է ֆինանսապես աջակցել քեզ: Արդեն ուսանողներով բողոքի ակցիա են ուզում կազմակերպել, բայց քո ցուցմունքներն են պետք: Ե՞րբ ես մեկնելու Գերմանիա:
_Դեռ չեմ որոշել: Մերոնց հետ էլ դեռ չեմ խոսել:
_Ինչպես թե Գերմանիա ես մեկնելու: Այ տղա դեռ մի կարգին երեսդ չենք տեսել, _ ներսից նորից լսվում է Վարդանի հոր ձայնը, որը դուրս է գալիս, փակում արհեստանոցն ու միանում բացօթյա սրճարանի՝ հովանոցի տակ նստածներին:
_Էս ի՞նչ գործեր ես բռնել Վարդան ջան, _ հոգի թափանցող քաղցրությամբ հարցնում է պապը:
_Հեչ, _ խորհրդավոր ժպիտով՝ պապին հասկացնում է Վարդանը:
_Շատ լուրջ է՞: Արդեն բերելու մասին ե՞ս մտածում, _ գլխի ընկնելով՝ հարցնում է պապը:
Վարդանը ուսերն է թոթվում, խորը շունչ քաշում ու դիմում պապին.
_Ի՞նչ գիտեիր, որ օգնությանդ կարիքն ունեմ, _ գրկում է պապի ուսը, ու ոտքի են ելնում:
_Իմաստուն մարդ է: Որոշեցիր միասի՞ն գնաք, _ հետաքրքրվում է Հովիկը
_Չէ, դեռ պապիկին պետք է դիմավորենք: Պապ, դու գերմաներեն հիշում ես չէ՞: Չնայած, կարեւոր չէ, անգլերեն կիմանա:
_Իմ տարիքի մարդը առանց լեզու իմանալու էլ կբացատրվի: Ասա ի՞նչ պիտի անենք:
_Վաղը օդանավակայան գնանք:
_Անհոգ եղիր, _ վճռական ձայնով ասում է պապը, ու Սարգիսի հետ, խմբով, գնում են տան կողմը:
ԾԱՂԿՈՂ ԽԱՉԵՐ