Նախերգանք
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին:
Է՜յ, լա՜վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:
I.
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:
-Հե՜յ քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՞նչ ես թառել ամրոցում:
-Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:
Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:
Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են
Նըրա բերդը միշտ կանգուն:
Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սեւաչյա:
II.
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար:
Սիրո հընոց
Կրակ ու բոց`
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան:
Վարդի թերթեր -
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն:
III.
Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նըրան` իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի:
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Որ կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից է դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում:
Նա է շունչ, հոգին իշխան Թափուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման:
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտի,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես եւ Թըմուկ բերդին
Որ չես կարենում էսքան ժամանակ:
IV.
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Արեւի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերեւ թըռչում ման գալիս.
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին:
Թեկուզ եւ արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին:
V.
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն:
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան:
Ու ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ:
VI.
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում` էն Քըռի նըման:
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում` էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման...
Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին,
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն...
Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման...
Մեզ պես տըկար մարդ է նա էլ`
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել,
Լինիս շքե՜ղ թագուհի...
Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորի՜ց ու նորից...
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից...
VII.
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ:
Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:
Պըտույտ է գալիս չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:
-Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք - աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի:
-Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս:
Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական:
-Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով:
-Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով:
-Էն Թըմկա ձորում սեւ ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու:
-Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու:
Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին:
Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել:
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել:
Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում...
Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:
-Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել...
Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում:
VIII.
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՛ւմ, սե՜ւ, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով:
Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա:
Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչեւ բարձունքը բերդի,
Մինչեւ Թաթուլի պալատն ու տըներ:
Պառկած է իբրեւ Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է` վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին:
Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած...
IX.
Է՛յ, հըսկեցե՜ք, ի՞նչ եք քընում
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի:
Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին:
Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի:
Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին:
Դա՜վ... դա՜վ… ելե՜ք... կոչնա՜կ… պահնա՜կ...
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…
X.
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սեւ ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա:
Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի ե՛ւ զորքերն, ե՛ւ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:
Նըստած է Շահը, նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:
Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
-Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սեւաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...
-Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
-Հե՜յ, դահի՜ճ,- գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը:
XI.
Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն:
Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր:
Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սեւ աչքերը հանեցին:
Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից:
Անցավ զալում են մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով:
Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես:
XII.
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին:
Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից:
Անց ենք կենում... միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՛խ, երանի` ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ:
1902 թ.
առում - առնելը, գրավելը
ուշ դնել - ուշադիր հետեւել` լսել
հավլունի թուր - առասպելական մեծ սուր` գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Հայոց Տրդատ թագավորին եւ որից Գրիգոր Լուսավորիչը խաչ է պատրաստել
Թուրան - ցածրավանդակ Միջին Ասիայում
բաբան - պաշարողական ռազմական գործիք` ամրությունների վրա քարեր նետելու կամ ուղղակի հարվածներ հասցնելու համար
հուրի - գեղեցկուհի
Աբուլ - ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռ Ջավախքի բարձրավանդակում
Ֆարսի բյուլբյուլը - Պարսկաստանի սոխակը (խոսքը Ֆիրդուսու մասին է)
Ֆիրդուսի - X - XI դարերի իրանական մեծ բանաստեղծ
տուր չի տալ - անձնատուր չի լինի
Ռուստեմ Զալ (Ռուստամ Զալ) - Ֆիրդուսու «Շահնամե» պոեմի գլխավոր հերոսը
երկրակալ - աշխարհակալ
հանապազ - միշտ, շարունակ
գոռ - խրոխտ. հպարտ, սեգ
Կախեթ (Կախեթիա) - շրջան Վրաստանում
դավ դնել - մեկի դեմ նենգամիտ ու ծածուկ գործողություններ նախապատրաստել, որոգայթ` թակարդ լարել
կոչնակ - կոչնազանք, կոչնակ հնչեցնող մարդ
պահնակ - պահակ, պահապան
գահույք - արքայական գահ
մարմարիոն - մարմարի նման. փխբ. նուրբ ու ճերմակ
ցին - երկար թեւերով գիշատիչ թռչուն, ուրուր
զալում - վայրագ, կատաղի
Ահագին նիւթեր Թումանեանից կարող եք գտնել
այստեղից: