Շվանիձորի քաջերը

Mar 10, 2018 10:42


Շվանիձորից վերև, Բերդաքար ամրոցն է. զորավար Սարգիսը, որ Դավիթ Բեկի զինակիցներից էր, նստում էր այդ ամրոցում։ Սրա մասին «Պատմություն Խափանցոցի»
մեջ Ստեփանոս Շահումյանը գրում է․ «Սարգիս զորավարին Շիվանու ձորոյ երկերուր հիսնավ»։ Այսինքն՝ Սարգիս զորավարը իր երկու հարյուր հիսուն զորքով միացավ Դավիթ Բեկին։Մի անգամ Սարգիս զորավարը միայն երկու թիկնապահով գնում է պարսիկ խանի մոտ, պահանջում, որ չհալածի հայերին։ Խանը քրքրջում է․֊ Հայը մարդ չի։ Մեղք չէ հայ սպանելը։ ֊ Սարգիս զորավարը ետ է գալիս։ Խանը, որ հյուրասիրության ադաթով իր տանը ձեռք չէր տվել նրան, իր եկրու որդիներին, քսան ձիավորի հետ ուղարկում է նրա ետևից, հրամայում սպանել ու գլուխը բերել։
Քսաներկու պարսիկ հարձակվում են երեք հայի վրա։ Սարգիսը մռնչում է և, ոգևորելով իր թիկնապահներին, թուրը հանած ընկնում թշնամիների վրա։ Մինչև կեսօր կռվում են նեղ ձորակի մեջ։ Սարգիսը սպանում է խանի զինվորներին ու նրա որդիներին գերի վերցնում։ Գալով Շվանիձոր, ողջ գյուղը տեղափոխում է իր Բերդաքար ամրոցը և պարեն֊պաշար կուտակելով, նստում այնտեղ։
Խանը ահագին զորքով գալիս է Բերդաքարը պաշարում։ Չկարողանալով առնել անառիկ ամրոցը, խանը որոշում է գտնել Բերդաքարի ջրի ակը և կտրել։ Մի ջորու երկու օր միայն աղ են տալիս, հետո ման ածում ամրոցի չորս բոլորը։ Ջորին հողը հոտոտում է, մի տեղ ոտքով սկսում փորել գետինը։ Պարսիկները այդպես գտնում են ջրի տեղը և ջուրը կտրում։ Սարգիս զորավարը գիշերով, անսպասելի դուրս է գալիս ամրոցի դռներից, հարձակվում պարսից բանակի վրա։ Նրան հաջողվում է ջարդել խանի զորքը, նրան փախցնել մինչև Արաքսի ափն ու խեղդել գետի մեջ։

Սերո Խանզադյան, Հայրենապատում, գիրք առաջին

Շվանիձոր, Հայոց Պատմութիւն, Հայոց Պատմություն, Սյունիք, աշխարհ, պատերազմ, հայը քաջ է, Հայրենապատում, Դավիթ Բեկ, Մեղրի, Զանգեզուր, Սերո Խանզադյան

Previous post Next post
Up