Մայիսեան տոների առանցքային իրադարձութիւններից մէկն էլ Շուշիի ազատագրման օրն է:
Թէ ինչ մեծ դեր ունի այս իրադարձութիւնը մեր պատմութեան մէջ, շատերն են գրել, թէ ինչպիսի խիզախութիւն, տոկունութիւն են դրսեւորել մեր զինուորներն այն ազատագրելու ժամանակ, շատերս ենք լսել... Շուշին ազա՜տ է, պապեր... այդ օրը բացականչում էր Վարդանը ազատ Շուշիում...
Եւ ահա, յաղթանակի շարունակութիւնն էլ դրա ամրագրումն է: Կառուցել, շենացնել, բնակեցնել այդ արծուանիստ բարձունքը...
Հայութեան միասնութեան շնորհիւ սկսուեցին կառուցուել պատերազմի փլատակների տակ մնացած մեր քաղաքները՝ այդ թւում Շուշին:
Շատ հայորդիներ հեռաւո՜ր, հազարաւո՜ր կիլոմետրերից թողեցին իրենց բնակավայրերը եւ վերադարձան ազատագրուած հող՝ շենացնելու համար իրենց հայրենիքը, բուժելու, մաքրելու համար հայրենիքի այդ հողակտորը, արմատաւորուելու այնտեղ՝ սրբագրելով իրենց եղբայրների զոհաբերութիւնը:
Հայրենիքի շենացման այս խոշորածաւալ ծրագրերի շարքում իր համեստ ներդրումն ունի նաեւ Նարեկացի արուեստի միութիունը, որի գործունեութեան, առաքելութեան մասին շատերը լսել են Երևանում, բայց ոչ շատերը գիտեն, որ Նարեկացին ունի իր մասնաճիւղը նաեւ Շուշիիում:
Մշակութային մի լուսաւոր օջախ, որ իսկապէս մի կրակ է, որից դուրս են հորդում տարբեր ստեղծագործողների աշխատանքների արձակած լոյսերը եւ մաքրում, վեհացնում են մարդկային հոգին:
Եւ ահա Մայսիսի 10-ին անսպասելի մի իրադարձութիւն տեղի ունեցաւ Շուշիի Նարեկացիում:
Շէնքի վերնահարկում, որ անչափ գողտրիկ մի անկիւն է, տեղադրուած էր մի դաշնամուր, եւ մի քանի տասնեակ մարդիկ ունկնդրում էին մի հայ երիտասարդի եւ հայուհու:
Էլ չերկարացնեմ. այդ երեկոյ Շուշիում ելոյթ էին ունենում Տիգրան Համասեանը եւ Լուսինէ Ազարեանը:
Այս երկուսին ճանաչողների համար թերեւս պէտք չէ շարադրել ինչ որ բառեր, որպեսզի նրանք իմանան թէ ինչ էր տեղի ունեցել այնտեղ:
Իսկ չճանաչողներին առաջարկում եմ նրանց ծանօթանալ ստորեւ տեղադրուած տեսանիւթերից.
Click to view
Click to view
Հիմա կարծում եմ պատկերացրեցիք ինչպիսի քամիներ էին սաւառնում այդ օրը Նարեկացիում, եւ ինչպիսի թեթեւութեամբ էին այդ քամիները մտնում ներկաների հոգիները, ալեկոծում այն, յետոյ խաղաղեցնում, բարձրացնում, վեհացնում,...
Անչափ շնորհակալութիւն բոլոր-բոլորին, ովքեր այս երաժշտական բարձր արուեստով հարուստ գեղեցիկ երեկոն պարգեւեցին շուշուեցիներին եւ այլ վայրերից ժամանած ներկաներին: