Դաւիթ Բէկ - տեղի ունեցաւ առաջին յանդիպումը

Mar 03, 2013 12:20

Ինչպէս յայտարարել էինք, Գորիսում սկսում ենք նոր միջոցառումների շարք, որի նպատակն է կազմակերպել յանդիպում-քննարկումներ Գորիս քաղաքի մտաւորականների հետ։
Հաւաքուել էինք 20-ից աւել երիտասարդներ եւ Նորայր Եսաեանը մեզ ներկայացնում էր Դաւիթ Բէկի դարաշրջանում ամէնակարևոր իրադարձութիւնները։

Փորձեմ ինքս առանձնացնել այն կարևոր հատուածները, որոնք քաղեցի այդ օրուանից․
Դաւիթ Բէկը սիւնեցիներին իր շուրջը համախմբելու համար նախ կարևորում է ապացուցել իր ուժը գործով։
Եւ ահա շուրջ քառասուն հոգով նրանք Սիւնիքի մի հատուածից վերացնում են մուսուլմանական մի աւազակորջ աւան։ Այս քայլն արձագանք է գտնում եւ արդէն յաջորդ ճակատամարտում զորքի քանակը տասնապատկւում է։ Յետագայում իր շուրջ միաւորւում են նաեւ Սիւնեաց տարբեր իշխաններ-մելիքներ։

Սիւնեցիներին հաւատ ներշնչող, յաղթական ոգին պահող կարևոր քայլերից մէկն այն էր, որ Դաւիթ Բէկի օրօք գործում էր խիստ կարգապահութիւն։ Այն աստիճան, որ հրամանը չկատարելու համար նոյնիսկ հրահանգ էր եղել գլխատել Մխիթար Սպարապետին։ Սակայն Արցախեան մելիքների միջնորդութեամբ այն չեղեալ է յայտարարւում։

Մի հետաքրքիր նկատառում նոյնպէս։ Դաւիթ Բէկի իշխանութեան զուգահեռ նոյն գործընթացն էր ընթանում նաեւ Արցախում։ Այստեղ արդէն Եսայի Հասան Ջալալեան կաթողիկոսի գլխաւորութեամբ միաւորուել էին Արցախի մելիքները եւ Արցախը մաքրում էին մուսուլման տարրից։
Ի՞նչ էր խանգարում, որ չմիաւորուեցին Արցախի եւ Սիւնիքի ազատագրական շարժումները։
Նորայր Եսաեանի հաւաստմամբ գործում էր արտաքին աշխարհի գործոնը, ովքեր ամէն բան ձեռնարկում էին այդ միաւորումը չիրականացնելու համար։
Հետաքրքիր նկատառում․ եթէ Արցախի բանակն այդ ժամանակ կազմում էր 30.000-40.000, ապա Դաւիթ Բէկի բանակը կազմում էր շուրջ 10.000։ Սա նշանակում է, որ հնարաւոր միաբանութիւնը կարող էր նպաստել նոյնիսկ ամբողջ Հայաստանի ազատագրմանը։
Այստեղ հարկ է յիշատակել Դարեհի խօսքը․ հայերին անհնար է յաղթել, նրանց կարելի է բաժանել։

Դաւիթ Բէկի ազատագրական շարժման ամենակարևոր քայլերից մէկը այն էր, որ նրա օրօք Սիւնքը բաւականին մաքրուեց մուսուլմաններից, քոչուոր աւազակախմբերից, որը կարելի էր ասել փրկութիւն էր սիւնեցիների համար, որովհետեւ այդ ժամանակ Սիւնքում հայկական տարրն արդէն զգալիօրէն զիջում էր մուսուլմանական տարրին։

Յետագայում նման բանի կարիք եղաւ երկու անգամ, մէկ անգամ 20-րդ դարի սկզբում, երբ սիւնեցիները վռնդեցին մուսուլմաններին, միւս անգամ 20-րդ դարի վերջում։
Կարծում եմ այլեւս դրա կարիքը չի լինի։

Հայոց Պատմություն, Գորիս, Սյունիք, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, մարդիկ, Նորայր Եսայան, Դավիթ Բեկ, Ազգային գաղափարախօսութիւն, Զանգեզուր, հայեր

Previous post Next post
Up