Վերջին ժամանակներս բավականին շատ էր խոսվում Տաթևի ճոճվող սյան գաղտնիքների մասին: Մասնավորապես Վազգեն Գևորգյանը (ով ի դեպ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ է և մկրտություն է ստացել սբ. Էջմիածնում), հայտնաբերելով Օրիոն Համաստեղության և Տաթևի սյան միջև հետաքրքիր կապ, վերջին 12 տարիներին ուսումնասիրում է այդ կապը: Իսկ կապը հետևյալն է. ամեն տարի օգոստոսի 11-ին, ինչը Հայոց մեջ ընդունված է, որպես Նավասարդի 1 (Հայոց Տոմարով Նավասարդի 1-ը համարվում է նոր տարվա սկիզբը), Օրիոն (Հայկ) համաստեղության գոտու երեք աստղերը հորիզոնի նկատմամբ ծագում են ուղղահայած դիրքով: Իսկ ուշագրավն այն է, որ Տաթևի վանքում, ճոճվող սյան հարևանությամբ կառուցված կացարանների տանիքից դիտելիս, այդ աստղերը ուղղահայաց դիրքով ցույց են տալիս Տաթևի ճոճվող սյունը: Դա պատճառներից մեկն էր, որը ստիպել էր Վազգեն Գևորգյանին է´լ ավելի խորությամբ ուսումնասիրել ճոճվող սյան և Օրիոնի համաստեղության միջև եղող կապը, որոնք ներկայացնելու համար թերևս առանձին նյութ պետք է պատրաստել: Իսկ այս հոդվածը գրելու նպատակը հետևյալն էր:
Այդ օրինաչափության հայտնաբերման մասին պրն. Գևորգյանը բազմիցս հայտարարել էր, այդ թվում նաև հեռուստատեսությամբ և շեշտել, որ սա ևս մեկ անգամ ապացուցում է մեր նախնիների գիտելիքների բարձր մակարդակի մասին և ևս մեկ անգամ պատասխանում այն հարցին, թե ինչու, երբ Արևմուտքում մարդ էին այրում միայն այն բանի համար, որ նա ասում էր` երկիրը գնդաձև է և պտտվում է արեգակի շուրջը, Մեր մոտ` Հայաստանում, չկա մի այնպիսի վկայություն, որ անգամ կասկածի տակ է դնում Երկրի գնդաձև լինելու փաստը, կամ նրա Արեգակի շուրջ պտտվելը: Արեգակի և Երկրի, աշխարհագրության և աստղագիտության, դրանց մաթեմատիկական օրինաչափությունների մասին աշխատություններ ունի նաև Անանիա Շիրակացին, իսկ տոմարական ուսումնասիրություններ կատարվել են նաև Հայ Եկեղեցու սպասավոր` Հովհաննես Իմաստասեր Սարկավագի կողմից:
Ինչևէ, կարծում եմ այստեղ բերվածն էլ բավական է, որ կարդացողներից շատերի մոտ ցանկություն առաջանա սեփական աչքերով տեսնելու` այն, ինչի մասին նշված է վերը: Ուստի, ինչպես և սպասելի էր, Հայ Եկեղեցու շատ հետևորդներ այս ամենն իմանալուց հետո Ուխտի էին գնացել Տաթևի վանք` օգոստոսի 11-ի լուսաբացը դիմավորելու Տաթևի վանքում և սեփական աչքերով տեսնելու մեր Սուրբ Հայրերի կողմից մեզ ավանդած խորհրդավոր եղելությունը, որի արդյունքում ևս մեկ անգամ փառաբանվելու էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հոգևոր հսկաները` ովքեր իմացել և մեզ են փոխանցել աշխարհաճանաչողության այս գիտելիքը:
Սակայն, պարզվում է, որ ոչ բոլորն են ուրախ Հայ Եկեղեցու Սրբության և Հայ ազգի իմաստության համար:
Այսպես, երբ ուխտավորները ժամանեցին վանքի պարիսպների մոտ, վանքի բաց դարպասների փոխարեն արժանացան ոստիկանների դիմադրությանը, որոնք վանք ուխտի եկած հավատացյալներին մեղադրում էին մեր պապերի հավատը անարգելու մեջ: Բանից անտեղյակ ուխտավորները չգիտեին ինչ պատասխանեին այս անհիմն մեղադրանքներին, երբ ուխտավորներից մի քանիսը փորձեցին ոստիկանության աշխատակիցներին բացատրել, որ իրենք Հայ Եկեկղեցու հասարակ հավատացյալներ են և ուխտի են եկել վանք, աշխատակիցները անգամ չկամեցան լսել նրանց: Ոստիկանները միայն պահանջում էին որպեսզի ուխտավորները անհապաղ լքեն վանքի հարակից տարածքը:
Թվում է, թե ուխտավորին վանք չթողնելուց առավել վատ բան այս պարագայում չէր կարող լինել, սակայն ուշագրավն այն է, որ ոստիկանների մի մասը ուխտավորներին սկսեցին մեղադրել «Եհովայի վկա» կոչվող աղանդին հարելու մեջ, իսկ որոշներն էլ պնդում էին, թե վանք եկած ուխտավորները հեթանոս են և եկել են հեթանոսական ծես կատարելու: Առավել ուշագրավ էր, երբ ոստիկանները իրենց հետագա խոսքի մեջ նշեցին, որ իրենք Տաթևի վանքը Եհովայի վկաներից պաշտպանելու հրահանգ են ստացել:
Ի գիտություն բոլորի ասենք, որ Եհովայի վկաները որևէ պայմանի դեպքում չեն այցելում վանք, նամանավանդ ուխտավորի կարգավիճակում, իսկ եթե անգամ օրերից մի օր մոլորվածների այդ հասարակությունը որոշի հարձակվել վանքի վրա, դժվար թե նրանք նախորոք հայտնեն դրա մասին:
Իսկ ինչ վերաբերում է հեթանոսական ծես իրականացնելուն, շատ կարճ նշենք, որ վանքը կառուցել են մեր Եկեղեցու սուրբ հայրերը և նրանք են ամեն բան հաշվարկել այնպես, որ Հայոց Նահապետ Հայկի խորհրդանիշը համարվող Օրիոնի համաստեղության գոտու երեք աստղերը ամեն տարվա օգոստոսի 11-ին ուղղահայաց դիրքի են գալիս Սուրբ Երրորդության Անունով կանգնեցված գավազանի (Ճոճվող սյուն) գագաթին, ուստի հեթանոսական որևէ արարողություն այս պարագայում անընդունելի կլիներ վերը նշված ուխտավորների համար, քանի որ ինչպես արդեն նշեցինք նրանք ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐ ԵՆ:
Ուստի անհասկանալի է, թե ինչու ուխտավորներին թույլ չեն տվել մտնել վանքի տարածք և նույնիսկ գիշերել նրա հարակից շրջակայքում:
Փառք Աստծո, որ որևէ միջադեպ տեղի չունեցավ, որովհետև անհիմն ահազանգի պատճառով ոստիկանները գիշերվա այդ ուշ ժամին ստիպված էին մի քանի անգամ գնալ գալ Տաթև, իսկ գիշերով բարձրանալը Տաթևի ոլորանները շատ վտանգավոր է։
Ինչպես հետագայում պարզվեց թե´ վանքը ուխտավորների առջև փակելու և թե´ ոստիկաններին «Եհովայի վկաներից» այն « պաշտպանելու» հրահանգի պատճառը եղել է Սյունիքի թեմի առաջնորդարանը:
Հասարակ ուխտավորներից զատ այդ օրը կատարվելիք աստղային հրաշքը առավել մանրամասն ուսումնասիրելու, նկարահանելու և ողջ աշխարհին ցույց տալու նպատակով Տաթևի վանք պետք է գար արտասահմանից հրավիրված գիտնականների մի խումբ, որոնք համապատասխան թանկարժեք տեխնիկա էին բերել Վազգեն Գևորգյանի հետ համատեղ գիտահետազոտական ֆիլմ նկարելու համար: Սակայն չստանալով համապատասխան թույլտվություն նկարահանումներ իրականացնելու համար` վերջիններս ստիպված էին եղել տեղափոխվել Հալիձորի մոտակայքում գտնվող «Խրիմյան Հայրիկի քարի» մոտ:
Այսինքն այս ամենից հետևում է, որ ամեն ձևով կասեցվել է Օրիոնի համաստեղության և Տաթևի վանքի ճոճվող սյան միջև եղած կապի մասին որևէ տեղեկության տարածումը` հերթական անգամ խավարի մեջ պահելով մեր Սուրբ Հայրերի մտքի ճկունությունը և Հայ Եկեկղեցու հզօրությունը: Անգամ թեմի պատասխանատուների կողմից արգելվել էր որևէ տեղեկություն տալ ոստիկաններին, և երբ ուխտավորները փորձում էին բացատրություն կամ ուղղակի որևէ տեղեկություն տալ այս առթիվ, նրանց լռեցնում էին:
Ինչևէ, չչարաշահելով մեր ընթերցողի համբերությունը, կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի քանի հարցի վրա:
Մամուլում հոդված է լույս տեսնում, թե Կաթողիկոսի հրամանով` համալիրը փակել է իր դռները` հետաքրքրասերների առաջ` նման երևույթներին հեթանոսական բնորոշում տալով:
Մինչդեռ, օգոստոսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ռումինիայի հայոց թեմ: Ուստի հետագայում տարբեր մարդկանց կողմից Եկեղեցու և Վեհափառ Տիրոջ նկատմամբ այս առթիվ սխալ տեղեկություններից խուսափելու համար հերթական անգամ նշենք, որ այս ամենի հրահանգը եկել է Սյունիքի թեմի առաջնորդարանից, հետևաբար բոլոր պատասխանների համար պետք է դիմել թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Մկրտչյանին և ոչ թե անհիմն բաներ գրել:
Ո՞րն է պատճառը, որ Թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանը, այդքան ջանքեր էր գործադրել, որպեսզի խոչընդոտի այդ նկարահանումներին, որը ի լուր աշխարհի ևս մեկ անգամ պետք է փառաբաներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին և Հայ ազգը:
Ո՞րն էր պատճառը, որ տեղում հավաքված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ Ուխտավորներին արգելել էին մուտք գործել վանական համալիր (անգամ պարիսպների մոտ մնալն էր արգելվել)` պատճառաբանելով, թե նրանք հեթանոսական տոնի են մասնակցում, իսկ Գորիսում լուրեր են տարածվել, թե ոստիկանությանը կանչել էին Եհովայի վկաներից Վանքը «պաշտպանելու» համար:
Ի լուր ամբողջ աշխարհի, այդ թվում նաև թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանի, ստիպված ենք հիշեցնել, որ Աստծո տան դռները բաց են հավատացյալների առաջ, և ոչ մի մահկանացու իրավունք չունի փակել Աստծո տան դռները իր հավատացյալների առաջ:
Եվ իբրև վերջաբան հիշեցնենք, որ վանքը գրավելու որևէ փորձ, որևէ աղանդի կողմից այդ օրը տեղի չի ունեցել, դա այս ֆարսը կազմակերպածների կողմից տարածված ապատեղեկատվություն է, վանքը փակելու իրական նպատակը քողարկելու համար:
Իսկ ինչ վերաբերում է հեթանոսներին. Հովհաննես Սարկավագը Հայոց անշարժ տոմար ստեղծելու նպատակով իր տոմարական հաշվարկներով սահմանել է, որ Մարտի 20= Արեգ 12, որպես Հայոց անշարժ տոմարի ելակետ, որից և ստացել է Օգոստոս 11-ը: Այսինքն Հովհաննես Սարկավագը Հայոց անշարժ տոմարի Ամանորը` Նավասարդի 1-ը համարժեք է ընդունել հուլյան տոմարի Օգոստոսի 11-ին: Անգամ Յասմաւուրքները մի քանի խմբագրություններ հետևել են Հովհաննես Սարկավագի ստեղծած անշարժ տոմարին Նավասարդի 1= Օգոստոսի 11-ից սկսելով սրբերի հիշատակի օրերի և պատմությունների գիրքը:
Ուստի Նավասարդի 1-ը Հայոց տոմարով նշելը ոչ մի կապ չունի հեթանոսական արարողությունների հետ, այս ամենը հեթանոսության հետ կապելը Հայոց Եկեղեցու պատմության չիմացության, կամ միտումնավոր ձևով խեղաթյուրելու արդյունք է: