ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՆՎԱԳ

Apr 18, 2012 00:52

                      II

***
Արևն արդեն մեր տան պատշգա՛մբն է մտել․․․
Իմ եղբայրը կրտսեր, ես ու քեռուս որդին
Քնատ գլուխներս բարձերի տակ խցկել՝
Ո՜ւնկ չենք ուզում դնել տատիս փնթփնթոցին:

Տատս ամենօրյա թոնթորանքե՛րն է իր,
Մեզ ամոթանք տալով, դարձյալ վրա գցել․․․
Նրա գորովալի «ժամերգությունն» անգիր՝
Առավոտվա քնի մեր օրորն է դարձել․․․

«Լսո՞ւմ եք: Ա՜յ խոխերք: Վե՛ր կացեք: Ձեզ հե՛տ եմ:
Էն անիծյալ թո՜ւթը էսօր պիտի թափենք․․․
Էն, որ ձեզ խի՛ղճ չունեք, ես էն գլխից գիտեմ:
Գո՜նե ձեր թայերից մի քիչ ամաչեցեք․․․»:

Մեր նախաճաշն էլ սփռոցի տակ շարած՝
Տատս դեռ խոսելով ներս ու դուրս է անում․․․
Ու հավերի վրա ձայնը բարձրացրա՛ծ,
«Զինքն ազատած» մեզնից՝ այգիները գնում:

Անմահության համանվագ, Հայ գրականութիւն, Տիգրան Գրիգորեան, Գորիս, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, բանաստեղծութիւն, պոեմներ, Ազգային գաղափարախօսութիւն, հայեր

Previous post Next post
Up